ՀՀ նախագահը ներկա է եղել ձեռագրերի ցուցադրությանն ու ֆիլմի շնորհանդեսին, ձեռագիր Ավետարան նվիրաբերել Մատենադարանին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ երեկ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ—թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը եւ «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին։
Հանրապետության նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17—րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով եւ լուսանցազարդերով։ Կոչվել է Կարմիր Ավետարան։ Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն։ 19—րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից ձեռք եւ 20—րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով եւ տեղափոխելով եկեղեցուց։
Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն հայոց կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր հայրերին, Մատենադարանի տնօրենին եւ բոլոր մատենադարանցիներին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել հայագիտական այս կենտրոնում ծավալած մեծ աշխատանքի համար, ընդգծելով, որ հաստատությունն իր ստեղծման օրվանից գեթ մի պահ չի դադարեցրել գործունեությունն ամենադժվարին օրերին։ «Երբ արդեն Մատենադարանի համար ստեղծված են զարգացման լավագույն պայմաններ, ես շատ ուրախ եւ շնորհակալ եմ, որ դուք ձեռք բերածով չեք հանգստացել, չեք թուլացել, այլ նոր ուժով եւ նոր եռանդով լծվել եք գործի։ Այստեղ պահվում է մեր ժողովրդի դարերով ստեղծած գանձերի մի մասը, եւ չափազանց կարեւոր է այդ գոհարների ամբողջական ուսումնասիրությունն ու ամփոփ տեղեկության տարածումը»,–ասել է նախագահը։
Խոսելով օսմանյան Թուրքիայի կողմից անցյալ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության նպատակի մասին՝ հանրապետության նախագահը նշել է, որ այն շատ հստակ էր՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով մեր պատմական հայրենիքից ջնջել հայի անունը։ Առաջին հերթին դրանք մարդիկ էին, բայց նաեւ մշակույթն էր, որ ստեղծել էին այդ մարդիկ, եւ որի կրողներն էին իրենք։ Նախագահի խոսքով, այդ նպատակը հետապնդողները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը շատ պարզ մի պատճառով, որովհետեւ մեր նախնիներից շատ շատերի համար ավելի էական էր փրկել մեր մշակութային արժեքները, քան սեփական գույքը, առաջին անհրաժեշտության իրերը եւ այն հարստությունը, որ նրանք եւ նրանց նախապապերն ստեղծել էին հարյուրամյակների ընթացքում։ «Այս առումով ես եւս ցանկանում եմ երախտագիտության եւ խոնարհումի խոսքեր ասել Գեւորգ Հինգերորդ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ բոլոր այն եկեղեցականների հասցեին, ովքեր հսկայական ջանքերի, մեծ զոհողությունների գնով կարողացան փրկել գոնե այդ գոհարների մի փոքրիկ մասը։ Սա՛ է մեր հավերժության բանաձեւը, եւ ահա այս պատճառով է, որ մենք կարողացել ենք ամեն անգամ կորցնելով, մաշվելով, այդուհանդերձ, անցնել պատմության քառուղիներով եւ հասնել 21—րդ դար։
Հասկանալի պատճառներով այսօր ես չէի կարող այստեղ գալ ձեռնունայն եւ ինձ հետ բերել եմ 17—րդ դարի մի ձեռագիր, որ կոչվում է «Կարմիր Ավետարան» եւ որը 1918թ. մեծ ջանքերի գնով հաջողվել է փրկել, դուրս բերել Ղարսից։ Այդ ավետարանը գտնվում էր Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցում գրեթե 170 տարի, եւ այժմ ես համոզմունքով այս մասունքը հանձնում եմ Մատենադարանին։ Ճիշտ է, պարո՛ն Թամրազյան, այս ձեռագիրն իր սկզբնական օջախ չվերադարձավ, բայց վերադարձավ իր համար ամենաապահով տունը, ամենաապահով հանգրվանը»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Բացառիկ ձեռագրեր եւ արխիվային փաստաթղթեր
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի եւ նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արեւմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը։
Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արեւմտյան Հայաստանից փրկվել են ավելի քան 1400 ձեռագիր եւ 12000 մարդ։
Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի եւ այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրերի հավաքածուները, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ եւ այլն։ Ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր եւ արխիվային փաստաթղթեր։
Հիմնական ցուցադրությունը եւս համալրվել է ցեղասպանությունից փրկված ձեռագրերով։ Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք եւ փոխշաղկապված են։ Դրանք ներկայացվելու են 6 ցուցասրահներում։
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ մեծ առումով վերապրած կարելի է համարել Մատենադարանի ողջ ձեռագրական հավաքածուն, որի հիմնական մասը՝ 4460 ձեռագրեր, անվտանգության նպատակով 1915 թ. Մայր աթոռի սրբությունների եւ թանգարանային առարկաների հետ՝ 140 արկղերի մեջ տեղափոխվեց Մոսկվա՝ արհավիրքից փրկելու համար։ Հավաքածուն ի պահ հանձնվեց հայոց Սուրբ Հարություն եկեղեցուն։ Դրանք եկեղեցու նկուղներում մնացին մինչեւ 1922 թ.։
«Ցուցանմուշները համալրվելու եւ փոխվելու են։ Մենք ցուցադրելու ենք փրկված ձեռագրական գանձեր, որոնցից ամեն մեկն ունի իր զարմանալի պատմությունը, կենսագրությունը»,–ընդգծեց Մատենադարանի տնօրենը՝ ավելացնելով, որ վերջին ձեռքբերումներից է ցեղասպանությունից օրեր առաջ փրկված Վասպուրականի 15—րդ դարի ձեռագրի 8 թերթ բարձրարժեք մանրանկարներ։
Միայն վերջին տարիներին Մատենադարանը ձեռք է բերել 1500—ից ավելի ձեռագրեր, որոնց խոշոր մասը ցեղասպանությունից փրկված են։ Այս տարի եւս նման համալրումներ են եղել մեր հայրենակիցների՝ բոստոնահայ Ղրդյան քույրերի եւ հալեպահայ Սոսե Պարոնյանի կողմից։
Ի դեպ, հայերեն ձեռագրերի հետ փրկվել են նաեւ արաբատառ, այդ թվում նաեւ օսմաներեն հարյուրավոր ձեռագրեր։ Արաբառատ ձեռագրերի Մատենադարանի ֆոնդն անցնում է 4000—ից, իսկ պարսկական մանրանկարչության ընտրանին լավագույններից է աշխարհում։
«Քեմալական կոտորածներ»
Մատենադարանում ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության եւ Մատենադարանի համատեղ պատրաստած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է 1919—23թթ. այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց մեծ եղեռնից փրկված եւ Սիրիայի անապատներից նորից հայրենիք՝ իրենց տները վերադարձած գաղթականներին։
Ֆիլմի սցենարի հեղինակը Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Արա Շիրինյանը։ Ֆիլմը արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում։
«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները ներկայացնելիս ներդրում կունենա նաեւ «Քեմալական կոտորածներ» ֆիլմը։
«Ֆիլմում ներկայացված են մեթոդները, որոնց միջոցով գործել են քեմալականները։ Դրանք նույն երիտթուրքերի մեթոդներն են՝ հայ կանանց, երեխաների թրքացում, կոտորածներ, տեղահանում։ Թուրքիայի Հանրապետությունը նույնքան մեղավոր է Հայոց ցեղասպանության մեջ, որքան երիտթուրքերը»,–լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի սցենարի հեղինակը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|