ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 27 » Մշակույթը որպես չափանիշ եւ որպես ճաշակ /Հարց է ծագում՝ մարդն իր տեղո՞ւմ չէ/
10:09
Մշակույթը որպես չափանիշ եւ որպես ճաշակ /Հարց է ծագում՝ մարդն իր տեղո՞ւմ չէ/

Մշակույթը բազմաբովանդակ ու համընդգրկուն հասկացություն է, որ տարածվում է կյանքի բոլոր բնագավառների վրա, քանզի մշակույթը մարդու արարումն է. այն, ինչին դիպչում է մարդու ձեռքը, ինչի շուրջ պտտվում է մարդու միտքը, ինչը մշակվում, փոփոխվում է մարդու միջնորդությամբ՝ մշակույթի արդյունք է։ «Մշակույթ» բառը՝ cultura, առաջին անգամ հանդիպում է Կատոն Մարկիոս Պորկիոս Ավագի (մ.թ.ա. 234—149) «Երկրագործություն» տրակտատում, ինչը ի սկզբանե նշանակել է մշակույթ, ավելի ուշ՝ դաստիարակություն, կրթություն, զարգացում, հարգում։ Մշակույթը փիլիսոփայության, մշակութաբանության, պատմության, արվեստագիտության, լեզվաբանության (էթնոլեզվաբանության), քաղաքագիտության, ազգաբանության, հոգեբանության, տնտեսագիտության, մանկավարժության ինքնաճանաչողության ուսումնասիրության առարկան է, բնագավառներ, որոնց ոլորտում ձեւավորվում են նյութական կամ հոգեւոր արժեքներ (արվեստի ստեղծագործություններ, մարդկային հարաբերություններ եւ այլն)։
Որոշ չափով անդրադառնալով մշակույթի ինչ լինելուն, որն օբյեկտիվ հանգամանք է եւ դուրս է անհատական ճաշակի թելադրանքից, հարկ կա անդրադառնալ մշակույթի սուբյեկտիվությանն ու սուբյեկտիվ ընկալմանը, քանի որ դրանով է պայմանավորված, թե ինչպես է իրականացվում մշակույթը կոնկրետ բնագավառներում, այնքանով, որքանով գործ ունենք մշակույթն արարող, նրա հետ շփվող, գնահատող ու կիրառության մեջ դնող մարդու բնավորության, մտահասության, ունակությունների, կարողությունների ու գիտելիքների հետ։
Յուրաքանչյուր մարդ իր բնագավառում գործ ունի տվյալ բնագավառի մշակույթի հետ, քանի որ, եթե նա արարող չէ, գոնե, կատարող է, եւ, ըստ վերը նշված նրա բնութագրիչ հատկությունների, հրաշալիորեն մշակված մի գործ կարող է տապալվել կամ առավել կատարելագործվել, ուստի շատ կարեւոր է «ինչպես»—ի խնդիրը, ասենք՝ ինչպե՞ս է մանկավարժն իրականացնում կրթադաստիարակչական գործընթացը, արդյո՞ք նա պատկերացում ունի այն համալիր մեթոդներից ու մոտեցումներից, որոնք բազմաթիվ մշակումների փուլեր են անցել, համակարգված ու ամբողջական տեսքի են բերված, անգամ ներդրված են պրակտիկայում. արդյոք դրանցից ո՞րն է նա ընտրում, թե՞ ունի սեփական մշակված մեթոդներ ու փորձ, որոնք կարող են մրցել եղածի հետ։ Աշխարհին հայտնի են բազմաթիվ խոշորագույն մանկավարժներ, որոնք մեթոդաբանական գիտելիքները՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, կիսել են լսարանի հետ, սակայն իրականությունը շարունակաբար բախվում է մանկավարժական գործունեության ոչ միայն խութերի ու անհարթությունների, այլեւ անպարտաճանաչության ու անպատասխանատվության, անգամ տգիտության հետ։ Հարց է ծագում՝ մարդն իր տեղո՞ւմ չէ, թե տվյալ մարդը՝ մանկավարժը, ընդհանրապես որեւէ ասպարեզում պիտանի չի կարող լինել, քանի որ, եթե տգիտությունը ուղեղի ախտանիշ է, ապա անպարտաճանաչությունն ու անպատասխանատվությունը, անտարբերությունն ու անփութությունը բնավորության ախտանիշներ են, ու եթե մի ասպարեզում սոսկ տգիտությունն է դերակատար եւ ոչ բնավորության ախտանիշները, ապա մի այլ ասպարեզում բնավորության դրական գծերը կարող են հաղթահարել տգիտության այն պատնեշը, որը, ասենք, խանգարիչ հանգամանք է մանկավարժության ասպարեզում, այսինքն՝ վատ մանկավարժը կարող է, ասենք, լավ խոհարար կամ լավ հողագործ լինել։ Խնդիրը մարդու տեսակն է եւ իր տեսակը, այսպես ասած, իր ափսեում գտնելը։ Այս իմաստով, կարելի է ասել՝ կորած մարդ չկա, եթե մարդը գիտակցում է իր կարողությունների չափն ու նշաձողը եւ իրեն դնում այնտեղ, ուր այդ նշաձողը ամենաբարձր կետում կլինի։ Ցավոք, մարդկային գիտակցությունը այնքան զուլալ չէ, որ լավ խոհարարը խուսափի վատ մանկավարժ լինելու տխրահռչակ փառքից, որն առավել խորշելի է դարձնում նրա անձը հասարակության մեջ։ Ավելին, կործանարարը նույնիսկ այնքան վատ մանկավարժ լինելը չէ, որքան տվյալ ոլորտը կառավարելու՝ վատ մանկավարժի ձգտումը, երբ նա՝ սեփական դասընթացը տապալելու հետ մեկտեղ, տապալում է ողջ ոլորտի գործունեությունը։ Այստեղ արդեն ոլորտի, տվյալ դեպքում, մանկավարժական, մշակույթի մասին խոսք լինել չի կարող։
Երբ մշակույթի նշաձողն իջնում է, այն դադարում է չափանիշ լինելուց, եւ արդեն գլուխ է բարձրացնում ճաշակի հարցը ու փորձում ինքնահաստատվել ու արդարացնել մշակույթ կոչվածի ստվերապատկերը, որն ամենեւին էլ մշակույթի իրական արտացոլքը չէ, այլ խեղաթյուրված ինչ—որ պոչիկներ, որոնք ոչ թե հուշում, այլ ժխտում են մշակույթի հետ իրենց կապը։ Շատ ժամանակ չենք էլ գիտակցում սրա վտանգավորությունն ու աստիճանաբար սկսում ենք հարմարվել ինչ—որ մեկի ճաշակի թելադրանքին եւ սկսում ապրել ինքնաբերական սովորույթով՝ չհասկանալով, որ մարդ տեսակը աշխարհում գոյություն ունի սոսկ մշակույթի ուժով, որ, բաժանվելով մշակույթից, բաժանվում ենք ինքներս մեր տեսակից։
Բոլոր տեսակի մշակույթները հիմնված են մարդկային կենսագործունեության համար անհրաժեշտ նյութական բազայի վրա, նույնն է, թե նյութական մշակույթի վրա, այսինքն՝ մարդու արարումն ու գործունեությունը նրան պիտի հնարավորություն տան ապրելու, սնվելու, գոյատեւելու, եւ այս դեպքում կարեւորվում է նյութական բազայի կուտակման ու բաշխման ճշգրիտ ու անխարդախ մեխանիզմի մշակումը, որը յուրաքանչյուրին արժանապատիվ ապրելու հող կստեղծի, եւ, սակայն, նորից, ասես, միեւնույն տեղում պտտվող սատանայական անիվի պես, դեմ ենք առնում մարդկային գործոնին, ուր, ինչպես ամենուրեք, դիլետանտիզմի հաղթարշավ է եւ քմահաճույք, ուր ամեն մեկը շահույթի պարանը ձգում է սեփական ես—ի կողմը՝ առանց հաշվի առնելու պարանի՝ կտրվելու հատկությունը, եւ, ինչ—որ մի պահի, դրանից իսպառ զրկվելու հնարավորությունը՝ մոռանալով, որ միշտ էլ ուժեղից ուժեղը կա եւ մրցակցության մեջ կարող է հաղթող դառնալ...
Որքան էլ մշակույթը համամարդկային լինի եւ ուղղված հանուր մարդկությանը, նրա վրա հստակ պիտի երեւա անհատի ու անհատականության կնիքը՝ բարձր նշաձողով ու առանձնակի ճաշակով, որը ոչ թե մի օրավուր, այլ դարերի կյանք կունենա եւ կսպասարկի մարդկությանը սերնդեսերունդ... hhpress.am

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 267 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024