Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պետական, քաղաքական գործչի հիշատակին։
2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 12—ին կդառնար 64 տարեկան։ Լուսահոգի վարչապետի ծննդյան օրը պանթեոնում էին նաեւ նրա ընտանիքի անդամները, ընկերները, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։
Երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ ծննդյան օրվա առիթով կատարվեց հոգեհանգստի կարգ ու խնկարկություն։
«Անդրանիկ Մարգարյանը հայ մարդ էր՝ ողջ լայն արժեքային համակարգով։ Երեխայի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ, լրագրողի հետ անկաշկանդ զրուցակից էր։ Մարդ էր, ով սիրում էր մարդկանց»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ այսօր նման մարդկանց պակաս կա։
Լավ կամ վատ քաղաքական գործիչ լինելուց, լավ կամ վատ արհեստավոր լինելուց առաջ, Շարմազանովն ասում է, որ առաջին հերթին պետք է մարդ լինել. «Մարգարյանը սիրում էր բոլորին։ Իր մեջ չարություն չկար։ Նա գիտեր, որ վերեւում Արարիչն է, ներքեւում արժանապատվությունը, իսկ մեջտեղում՝ հայրենիքը։ Իրական հայրենասեր էր, իրական պետական գործիչ։ Մարգարյանը մարդ էր, ով երբեք կամուրջները չէր այրում։ Իսկ ամենակարեւորը՝ գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է»։
ԱԺ փոխնախագահը շեշտում է նախկին վարչապետի խոսքերի մեսիջը՝ ամեն ինչին պետք է հասնել բարոյական ճանապարհով։ Նա նաեւ ընդգծում է. «Պարոն Մարգարյանի համար հանրապետական կուսակցությունը լոկ միջոց է եղել, որպեսզի ծառայի պետությանը։ Անկեղծորեն, ազնվորեն իր կյանքը ներդրել է հայոց պետականության ամրապնդման համար։ Դա փաստ է»։
Նա հավատացնում է, որ Մարգարյանը չէր կարող այլ կերպ լինել. «Ես իմ քաղաքական մկրտությունը ստացել եմ նրա ղեկավարությամբ։ Մենք, մասնավորապես ես իրենից շատ բան եմ սովորել։ Որքան մեծանում եմ, այնքան իրեն հասկանում եմ»։
Իսկ հարցին, թե հանրապետական կուսակցությունը որքանո՞վ է շարունակում Ա. Մարգարյանի՝ կուսակցությունը պետությանը ծառայեցնելու գործը, պատասխանեց, որ հանրապետականը տեսակ է։ Եվ կլինի իշխանության գլուխ, չի լինի իշխանության, շատ կլինի, թե քիչ, հանրապետականի դերակատարը միշտ պետք է զգաստ լինի։ «Հանրապետական կուսակցությունն անկախ պետականության սյուներից մեկն է։ Իսկ թերություններ լինում են այնտեղ, որտեղ աշխատանք կա։ Մարգարյանն ասում էր՝ որտեղ կա գործ, այնտեղ կգտնվեն բազում քննադատողներ»,—նշեց Էդուարդ Շարմազանովը։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ տեր Նավասարդ Կճոյանը հատված ընթերցեց Մարգարյանի խոհերից. «...չընկրկե՛լ դժվարությունների առաջ։ Ոչինչ միանգամից չի լինում, եւ անհաջողություններից էլ չպետք է հուսահատվել։ Սա է մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը։ Լավն է այն, թե վատն է՝ մերն է։ Սեւացնել այն, արժեզրկել անկախության գաղափարը՝ վկայակոչելով օրվա դժվարությունները, մենք համարում ենք անընդունելի։
Չլուծվող հարցեր չկան։ Ընդամենը անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական, հատվածական կամ կուսակցական շահերն ու հավակնությունները եւ հիշել, որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ պետականաշինության հիմքերի ամրապնդումը»։
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի բնորոշմամբ, Անդրանիկ Մարգարյանը յուրօրինակ մարդ էր ու դրա համար էլ կոչվում էր Անդրանիկ Մարգարյան. «Ինքն այդպիսին էր։ Ինքն օրինակելի էր»։
«Մանկուց առանձնացել է իր մարդկային, բարոյական, դրական հատկանիշներով։ Նա այդպես ծնվել է, մեծացել, այդպես մնացել է եւ կմնա մեր հուշերում։ Ինձ համար դժվար է՝ միասին ենք լույս աշխարհ եկել, իսկ ես կամ, ինքը՝ չկա։ Բայց «կա», միեւնույն է «կա»՝ մեզ համար, հատկապես ինձ համար։ Միշտ «կա» ու «կլինի»,–ասաց Ա. Մարգարյանի երկվորյակ քույրը՝ Անահիտ Մարգարյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|