ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2019, 23:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [597]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [799]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [626]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 19 » ՆԱՏՕ—ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին /Հայաստանը կայուն գործընկեր է թե՛ ՀԱՊԿ—ի, թե՛ ՆԱՏՕ—ի համար/
09:53
ՆԱՏՕ—ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին /Հայաստանը կայուն գործընկեր է թե՛ ՀԱՊԿ—ի, թե՛ ՆԱՏՕ—ի համար/

Երեւանում շարունակվել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ ԱԺ համագործակցությամբ կազմակերպված «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով «Ռոուզ Ռոթ» 89—րդ սեմինարը։ Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ—ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաեւ ՆԱՏՕ—ի գործընկերությունը Հարավային Կովկասում։
Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ—ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր զեկուցող Ժուլիո Միրանդա Կալհան։ Քննարկումների առանցքում եղել է «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը» թեման, որի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։ Նա ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ կատարված քայլերը։ Պարոն Հովակիմյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ—ն խրախուսում է մասնակից երկրներին զերծ մնալ ուժի կիրառումից՝ հիմք ընդունելով ՄԱԿ—ի կանոնակարգը եւ հետեւելով հելսինկյան ակտի սկզբունքներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներդրում են ունեցել բանակցային գործընթացի ամրապնդման եւ հետագա պահպանման ուղղությամբ։ Փոխնախարարը, անդրադառնալով մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը, նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել մադրիդյան սկզբունքները՝ փաստաթուղթն անիրական համարելով եւ սխալ մեկնաբանելով դրա բովանդակությունը։ Համանախագահները շեշտը դրել են երեք հիմնական սկզբունքների վրա՝ ուժի գործադրման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունքի իրացում։ Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մերժել է ԼՂ հակամարտությանը վերաբերող բոլոր հիմնական սկզբունքները, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես աջակցել է փոխվստահության ու անվտանգության միջոցառումների իրականացմանը, որոնք կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների համար։ ԱԳ փոխնախարարը կարծիք է հայտնել, որ հայկական կողմը համամիտ է համանախագահների այն տեսակետի հետ, որ ուժի գործադրումը չի կարող հակամարտությունը որեւէ կերպ լուծել եւ անհրաժեշտ է համատեղ հնարավորություններ ստեղծել հիմնահարցի կարգավորման համար։ «Այն պահին, երբ Ադրբեջանի իշխանությունները դա հասկանան, հակամարտությունը կկարգավորվի»,–ասել է պարոն Հովակիմյանը։
Պարոն Հովակիմյանի ելույթին հաջորդել է ՄԹ «Չեթամ հաուսի» Ռուսաստան եւ Եվրասիա ծրագրի գիտաշխատող Զաուր Շիրիեւի ելույթը։ Նրա գնահատմամբ՝ Մինսկի խմբի համանախագահությանն այլընտրանք չկա, քանի որ այն միակ ձեւաչափն է, որը, չնայած տարաբնույթ մեկնաբանություններին, իրականացնում է իր աշխատանքը։ Պարոն Շիրիեւն ընդգծել է, որ երկու կողմերի միջեւ ձեռք բերված բանավոր համաձայնությունները պետք է վերածվեն շրջանակային համաձայնագրի, որը կարող է հանդիսանալ կողմերի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումն ապահովող հիմնարար փաստաթուղթ։ Բանախոսը, անդրադառնալով Մինսկի խմբի ընդլայնմանը, նշել է, որ խոսքը վերաբերում է Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխմանը։ Նա նշել է, որ այսօր բանակցությունների ժամանակացույցը պարզ չէ, եթե այն առավել հստակ լիներ, կօգներ կողմերին առավել հաճախ հանդիպել, քննարկումներ ծավալել եւ համաձայնություններ ձեռք բերել։
Թեմայի շրջանակում ելույթ է ունեցել «Կովկաս» ծրագրի գիտաշխատող Լորենս Բրուրսը։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը տարածաշրջանում արդյունավետ է՝ չնայած հնչող քննադատություններին։ Պարոն Բրուրսը, խոսելով մադրիդյան սկզբունքների երկարակեցության մասին, նշել է, որ դրանք ԼՂ—ի համար առաջարկում են որոշակի միջանկյալ կարգավիճակ մինչեւ հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի որոշումը, ինչը դեռեւս մշուշոտ է։ Նրա գնահատմամբ՝ իրականում հասարակությունները համաձայն չեն մադրիդյան սկզբունքների հետ։ Բանախոսը կարծիք է հայտնել, որ երկկողմ բանակցություններում պետք է ներգրավված լինեն երկու երկրների ոչ միայն արտաքին գործերի նախարարները։ Նա կարեւորել է երկկողմ հանդիպումների անցկացումը ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորն իր ելույթում նշել է, որ չնայած միջազգային լարվածությանը՝ ԱՄՆ—ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը շարունակում են միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում եւ փորձում են անել ամեն ինչ, որ միջազգային իրադրությունը որեւէ ազդեցություն չունենա Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վրա։ Նա ներկայացրել է այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են համանախագահների գործունեության ընթացքում։ Ի պատասխան հնչած այն տեսակետների, թե Մինսկի խմբի աշխատանքների ժամանակացույցը հստակ չէ, պարոն Ֆորը նշել է, որ այն կազմվում է՝ հիմք ընդունելով երկրների ԱԳ նախարարների ժամանակացույցը։ Նշվել է, որ Ֆրանսիան շարունակում է ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Նախկին համանախագահը, իբրեւ խնդրի կարգավորման խոչընդոտ, մատնանշել է վստահության պակասը կամ բացակայությունը երկու կողմերի միջեւ եւ կարեւորել քաղաքական կամքի առկայությունն ու փոխզիջումների պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Ադբեջանը հույս ունի, որ ժամանակի գործոնը հնարավորություն կտա օգուտներ քաղել տարածաշրջանում ժողովրդագրական անհամապատասխանություններից։ Պարոն Ֆորն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում առկա սպառազինությունների մրցավազքին եւ այս համատեքստում խոսել Ադրբեջանի պաշտպանության բյուջեի հատկացումների տարեցտարի ավելացումից։ Բանախոսն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում պնդում է լիարժեք համապատասխանությանը այնպիսի միջազգային սկզբունքների, ինչպիսիք են ուժի գործադրման բացառումը, ժողովուրդների ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը կենտրոնացած է միջազգային իրավունքի միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։
Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողներն անդրադարձել են սեմինարի մասնակիցների հարցադրումներին, որոնք վերաբերել են բանակցային գործընթացում ԼՂ—ի մասնակցությանը, մադրիդյան սկզբունքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում տեղի ունեցած հանդիպմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ—ն կողմ է փոխվստահության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացմանը եւ այս հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին։
Չորրորդ նիստում, որը նախագահել է ՆԱՏՕ ԽՎ—ի քաղաքական հարցերի հանձնաժողովի գլխավոր զեկուցող Օյարս Էրիկս Կալնինշը, քննարկվել է «ՆԱՏՕ—ի գործընկերությունը Հարավային Կովկասում» թեման։
Ելույթ է ունեցել ՆԱՏՕ—ի կենտրոնակայանի եվրաատլանտյան ինտեգրման եւ գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆեն Էլերսման։ Նա նշել է, որ ՆԱՏՕ—ի հետ գործընկեր երեք երկրների համագործակցության միջոցով որոշակի միտումներ արդեն տեսանելի են դարձել։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ—ի դաշնակից պետությունները ցանկություն ունեն տեսնել, թե ինչպես կարելի է առանց ռազմական ուժի կիրառման ճգնաժամային կոնկրետ հատվածներում կայունություն կանխատեսել։ Բացի այդ, ակնհայտ է նաեւ, որ երեք երկրները, տարբեր ռազմավարական ուղղություններ վերցնելով, փորձում են յուրովի գտնել աշխատող անվտանգության քաղաքականություն, որը կարող է բաղկացած լինել տարբեր գործոններից։ Ավագ փորձագետ Շտեֆեն Էլգերսման նշել է, որ տարածաշրջանային անվտանգության մասին հարցերից բացի, ուշադրության կենտրոնում են նաեւ ներքին բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու մասին քննարկումներին զուգահեռ, ՆԱՏՕ—ի փորձագետները փորձել են ծրագրեր մշակել կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ ԶԼՄ–ների հետ համագործակցության ծավալման ուղղությամբ։ Պարոն Էլգերսմայի խոսքով՝ դա հնարավորություն կտա հասկանալու, թե որտեղ է հնարավոր անվտանգության ոլորտում առավել ժողովրդավարական լծակներ առաջ բերել։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն էլ կարեւորել է Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությունը՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ—ի անդամ, իր հարաբերությունները խորացնում է Եվրամիության եւ ՆԱՏՕ—ի հետ։ Պարոն Շահնազարյանը հայտարարել է, որ սատարում է Հայաստանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ—ի հետ հարաբերությունների խորացման գործընթացին՝ վստահություն հայտնելով, որ ՆԱՏՕ—ն պատրաստ է դրան։ Նա ՆԱՏՕ—ի դերակատարումը կարեւորել է նաեւ Հայաստան—Իրան հարաբերությունների հարցում։
Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ, Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանի կովկասագիտության միջազգային դպրոցի տնօրեն Գիա Նոդիան ելույթում նշել է, որ Վրաստանը դեռեւս չգիտի, թե երբ կանդամակցի ՆԱՏՕ—ին։ Նրա խոսքով՝ վրացիների կողմից այն արդեն կասկածի տակ է առնված՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Թուրքիան Եվրամիությանն այդքան երկար համագործակցելուց հետո դեռեւս չի անդամակցում։ Պարոն Նոդիան նշել է, որ այլընտրանք չունենալու պատճառով իրենց մնում է զինվել ռազմավարական համբերությամբ։ Խոսելով անվտանգության մասին՝ Գիա Նոդիան նշել է, որ գուցե ՆԱՏՕ—ին անդամակցելուց հետո Վրաստանն ունենա անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք, սակայն անդամակցելու ճանապարհին այն դեռեւս 100 տոկոսանոց չէ։
Հինգերորդ նիստը վարել է ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի նախկին գլխավոր քարտուղար, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ավագ գիտաշխատող Սայմոն Լանը, ով ներկայացրել է ՆԱՏՕ—ի աշխատանքային օրակարգի մաս կազմող անվտանգության ոլորտի բարեփոխումների եւ պաշտպանական քաղաքականության իրականացման հարցում խորհրդարանների դերակատարությունը։ Մասնակիցները քննարկել են «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ—ում պաշտպանական բարեփոխումների մաս» թեման։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն անդրադարձել է բարեվարքության ամրապնդման հայկական փորձին։ Պարոն Նազարյանի գնահատմամբ՝ բարեվարքությունը մեծ նշանակություն ունեցող գործիք է, որը կարող է որոշ պետությունների օգնել՝ հրաժարվելու իրենց ագրեսիվ բնույթի գործողություններից։ Նշվել է, որ ՀՀ ՊՆ—ն նպատակ է դրել ամբողջովին ներգրավվել բարեվարքության ամրապնդման ծրագրին։ Փոխնախարարի համոզմամբ՝ հակակոռուպցիոն ջանքերը հաջող բարեփոխումների նախապայման են հանդիսանում, սակայն բարեփոխումների ընթացքում հակակոռուպցիոն ռազմավարությունը չի կարող լինել արդյունավետ գործիք այնքան ժամանակ, քանի դեռ այն չի միաձուլվում էթիկայի, նոր մտածողության եւ առաջնորդության դերերի ու ստանձնած պարտավորությունների խորացված ընկալման հետ։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն իր ելույթում նշել է, որ բարեվարքության ամրապնդումը ՀՀ պաշտպանական բարեփոխումների կարեւոր մասն է կազմում եւ հավելել, որ Հայաստանը ռազմական կրթության մակարդակի առումով զգալի առաջընթաց է արձանագրել։ Նա բարեվարքության կարեւորության համատեքստում անդրադարձել է պաշտպանական բարեփոխումների թափանցիկությանը, ռազմավարական տեսլականին, քաղաքացիական վերահսկողությանը, հաշվետվողականությանը եւ կոռուպցիան կանխարգելելուն միտված քայլերին։
Նիստի մասնակիցներին հետաքրքրող հարցերին անդրադարձել են հիմնական զեկուցողները։ Ռիչարդ Կիրակոսյանը փաստել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ—ի, ինչպես նաեւ Արեւմուտքի գործընկեր երկրների հետ։
Սեմինարի հաջորդ՝ վեցերորդ նիստում քննարկվել է «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները» թեման։ Նիստը վարել է ՆԱՏՕ—ի ԽՎ—ի քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բեատրիս Ռոդրիգես—Սալմոնեսը, ով Հարավային Կովկասը համարել է աստիճանաբար փակ սահմանների վերածվող տարածաշրջան։
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր ելույթում եւս նշել է, որ Հարավային Կովկասն ավելի շատ բաղդատված տարածաշրջան է, ինչի հիմնական պատճառը չկարգավորված հակամարտություններն են։ Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացու համար ավելի հեշտ է ճամփորդել ԱՄՆ, քան Ադրբեջան, իսկ վրացին ավելի հեշտ տեղեկանում է Գերմանիայի, քան ՌԴ—ի մասին։ Պարոն Իսկանդարյանի գնահատմամբ՝ մասամբ ճանաչված ու չճանաչված երկրների սահմանները դարձել են աններթափանցելի խոչընդոտներ քաղաքացիների համար եւ հնարավորություն՝ դիպուկահարների համար։ Հայաստանը ԼՂ հիմնահարցի պատճառով փակ սահմաններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ ԼՂՀ—ն էլ իր հերթին փակ սահմաններ ունի հարեւանների հետ, բացի Հայաստանից։
Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը նշել է, որ 20 տարիների ընթացքում փակ սահմանները տնտեսապես վատ են ազդել տարածաշրջանի վրա։ Ավագ վերլուծաբանի խոսքով՝ սահմանների փակ լինելն ազդում է երկրի տնտեսության վրա։ Որպես օրինակ, նա ներկայացրել է Հայաստանը՝ նշելով, որ այդ երկրի համար ամենակարեւոր երկիրը Վրաստանն է, քանի որ Հայաստանից արտահանումը հիմնականում իրականացվում է Վրաստանի միջոցով։
Համամիտ լինելով նախորդ բանախոսների հնչեցրած տեսակետների հետ՝ Անկարայի քաղաքականության կենտրոնի միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ավագ գիտաշխատող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը նշել է, որ սկզբունքորեն դեմ է փակ սահմաններին, շրջափակումներին եւ տնտեսական պատժամիջոցներին։ Նա իր կարծիքն է ներկայացրել սահմանի թափանցելիության խնդրի, երկու երկրների միջեւ տնտեսական կապերի, առեւտրաշրջանառության վրա սահմանների բացման ունեցած ազդեցության վերաբերյալ։ Հայ—թուրքական արձանագրությունների համատեքստում տիկին Փանսմանը փաստել է, որ Թուրքիայում ընտրություններից հետո նոր կառավարություն է ձեւավորվում։
ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանի եվրաատլանտյան ինտեգրման ու գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆեն Էլգերսման հետաքրքրված էին Թուրքիայում կայացած ընտրություններով, հայ—թուրքական հարաբերությունների հարցում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ունեցած դերակատարությանը, Թուրքիայի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը, որոնց վերաբերյալ հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց դիրքորոշումները։
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ ԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ երեկ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաեւ ցեղասպանության թանգարանում։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 85 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019