Քաղաքական գործիչները շեշտում են նաեւ ոստիկանության եւ ցուցարարների փոխադարձ հարգանքը
Նախօրեի ցույցը ցրելու հետեւանքով ստեղծված իրավիճակը քննարկվել է նաեւ ԱԺ—ում։ Խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ նիստի ընդմիջման ժամանակ առանձին հանդիպել են եւ քննարկել միջադեպը։ Հատկապես խոսքը վերաբերել է ձերբակալվածներին ազատ արձակելու խնդրին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ իրենք հետամուտ են լինելու, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն։
Նա կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում։ Ոստիկանությունը գործել է օրենքի տառին համապատասխան եւ չի անցել իր լիազորությունների սահմանները։ «Եթե եղել են խնդիրներ, կարծում եմ, համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն»,–նշել է Բաղդասարյանը։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում եւ ափսոսում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26—ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3—4 առաջնորդ ընտրել եւ հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի առաջարկը եղավ։
«Նախագահի մեսիջը նրանց, նախագահի հրավերը նրանց շատ կարեւոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի։ Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին»,–ասել է Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը ակցիայի ժամանակ դրական բան է նկատել, այն, որ ինչպես երիտասարդները, այնպես էլ ոստիկանները ընդգծված հարգալից էին մեկը մյուսի նկատմամբ։
«Եթե հիշում եք՝ երիտասարդները վանկարկում էին՝ «մենք բոլորս ոստիկան ենք», եւ թե՛ ոստիկանության ներկայացուցիչները, թե՛ Երեւանի ոստիկանապետը, թե՛ փոխոստիկանապետը, բոլորը հարգալից, քաղաքակիրթ, համբերատար զրուցում էին, փորձում էին համոզման մեթոդը կիրառել մեր քաղաքացիների նկատմամբ, եւ դա ոչ թե ժամեր, այլ գրեթե մեկ օր տեւեց»,–նշել է Է. Շարմազանովը՝ ավելացնելով, որ այս իմաստով տեսավ նոր, բարեփոխված ոստիկանություն։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա ՀՀԿ խոսնակի կարծիքով, նրանց կողմից նման համբերատար, քաղաքակիրթ գործողություններ, առանց որեւէ անհամաչափ ուժի գործադրման, առ այսօր չի տեսել. «Իսկ փոքրիկ տեխնիկական, ոչ ցանկալի դեպքեր եթե եղել էլ են, այս իմաստով, կարծեմ, անելիք ունեն մեր լրատվամիջոցները, որոնք, կարծում եմ, պետք է գնան քաղաքակիրթ երկրների օրինակով եւ նմանատիպ միջոցառումների ժամանակ անպայման ունենան իրենց տարբերանշանները։ Եթե հիշում եք՝ թե՛ ոստիկանները, թե՛ ցուցարարներն էին հորդորում, որ, լրագրողներ ջան, մի՛ խանգարեք, էս մի՛ արեք, էն մի՛ արեք…»։
ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ գտնում է, որ պետք է հույզերը դնել մի կողմ եւ վերլուծել. «Կրկնակի հպարտություն եմ զգում նախ իմ երկրի երիտասարդության համար, որոնց ճնշող մեծամասնությունը ազնիվ մղումներով, զգացումների ազնիվ տեսլականով քաղաքացիական պարտք են կատարում, նաեւ հպարտություն եմ զգում մեր երկրի ոստիկանության համար, որոնք արհեստավարժ, եվրոպական ստանդարտներով գործողություններ են իրականացնում՝ ոչ միայն վերջին էտապում, որ բազմաթիվ կոչերից հետո ստիպված էին դիմել վերջին քայլին հասարակական կարգի պահպանման համար, այլ ողջ գիշերը»։
Աշոտյանի կարծիքով, որպեսզի քաղաքացիական պարտքը եւ ծառայողական պարտականությունները մեր երկրում չբախվեն, բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով. «Ես ուրախ եմ, որ ունենք նման արհեստավարժ ոստիկանություն։ Կարծում եմ, որ ցուցարարները երկու սխալ գործեցին. առաջին սխալը ստրատեգիական էր, որ մերժեցին նախագահի առաջարկը։ Դուք էլ, կարծում եմ, կվկայեք, որ Հայաստանի 25 տարվա պատմության մեջ երբեւէ չի եղել, որ որեւէ նախագահ ցույցի մասնակիցներին նախագահի նստավայր հրավիրի։ Սա քաղաքական մշակույթի տեսակետից, կարծում եմ, աննախադեպ էր, եւ դա կարող էր լավ նախադեպ լիներ, եթե քաղաքացիները վստահեին նախագահին, եւ երկխոսությունը քաղաքացիների հետ կայանար»։
Մյուս սխալը, ըստ նրա, մարտավարական էր՝ չընդունել ոստիկանության կոչը եւ չվերադառնալ Ազատության հրապարակ. «Կարծում եմ՝ սա էլ էր սխալ»։
«Ցավում եմ, որ եղան որոշ տուժածներ՝ հատկապես լրագրողների համար, լրագրողների աշխատանքը ծանր աշխատանք է՝ լինել իրադարձությունների կենտրոնում եւ փորձել միջից տալ օպերատիվ լրահոս, միշտ չէ, որ անվտանգ գործողություն է։ Ես կարծում եմ՝ ավելի մեծ համբերություն է պետք, եւ մաղթում եմ շուտափույթ առողջացում»,–ասել է նա։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ափսոսում է, որ էլէներգայի դեմ պայքարող երիտասարդների դեմ երեկ կիրառվեցին ջրցան մեքենաներ եւ ուժ՝ հաշվի առնելով այն մթնոլորտը, որով մինչեւ կեսգիշեր անցնում էր բողոքի զանգվածային ակցիան. «Շատ կիրթ էին, գոնե մինչեւ երեկո, հավասարակշռված, միմյանց հանդեպ ընդգծված հարգանքով, ու չգիտեմ ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, որ հարկ առաջացավ ուժ կիրառելու, բայց ցավում եմ»։
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ ցույցերի հետ կապված իրավիճակը լիցքաթափելու համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պետք է առժամանակ սառեցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, եւ պետք է կազմվի ակտիվիստներից, մասնագետներից եւ պետական պատկան մարմինների ներկայացուցիչներից հանձնախումբ, որը կքննարկի հարցը։ «ՀԾԿՀ—ն մեկ ամսով, թեկուզ կես տարով պետք է սառեցնի էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացը, իսկ նաեւ հասարակության ներկայացուցիչներ ներառող հանձնախումբը պետք է բաց քննարկի, թե ինչ սխալներ են տեղի ունեցել սակագների հետ կապված գործընթացում, եւ եթե կան մեղավորներ, նրանք պետք է պատժվեն»,–նշել է Վազգեն Մանուկյանը։
Հանրային խորհրդի նախագահն այն կարծիքին է, որ հանձնախումբը կարող է քննարկել էներգետիկայի հետ կապված բազմաթիվ հարցեր՝ ներառյալ ոլորտի զարգացման ռազմավարությունը, ինչպես նաեւ սակագների որոշման մեխանիզմները։
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ կարծում է, որ ամենահետաքրքիրը Երեւանում ընթացող բողոքի ցույցի վերաբերյալ ադրբեջանական տիրույթի արձագանքին հետեւելն է։ «Շատ շատերը գրում են, թե հայերը մեզնից մի քանի քայլ առաջ են, ամոթ մեզ, այս ինչ օրի ենք, որ թշնամուց օրինակ պետք է վերցնենք։ Բայց ամենաուշագրավն ու Ադրբեջանի բնակիչներին զարմացնող փաստն այն էր, որ ոստիկանները մատով չեն կպնում ցուցարարներին, քանի որ նրանց համոզմամբ՝ Բաքվում ոստիկանները վաղուց էին ծեծ ու ջարդի ենթարկել ցուցարարներին նման դեպքում։ Եթե ամփոփենք ադրբեջանական տիրույթում գերիշխող ընդհանուր կարծիքը, ապա, ըստ նրանց, մեզ մոտ լիակատար խոսքի ազատություն եւ ժողովրդավարություն է իշխում»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|