ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 21:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 11 » Նիկոլայ Բերդյաեւ. ժողովրդավարության մեջ ժողովուրդ չկա
10:13
Նիկոլայ Բերդյաեւ. ժողովրդավարության մեջ ժողովուրդ չկա

Նորագույն ժողովրդարությունները շփոթահար կանգնած են անբավարարվածության քառուղիներում

Միապետականները եւ սոցիալիստները տարբեր կողմերից քայքայում են ժողովրդավարական հասարակությունները եւ պահանջում, որ ընտրությունը վերջապես կատարվի եւ բովանդակությամբ լցվի։ Ժողովրդավարությունը ընդունում է ժողովրդի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը, սակայն ժողովրդին չի ճանաչում. ժողովրդավարության մեջ ժողովուրդ չկա։ Պատմական կարճատեւ ժամանակաշրջանում այն սերունդը, բացառապես ժամանակակից սերունդը, նույնիսկ ոչ ամբողջը, այլ նրա մի մասը, որ իրեն երեւակայում է պատմության բախտը տնօրինող, չի կարող ժողովուրդ կոչվել։ Ժողովուրդը պատմական մեծ ամբողջություն է, նրա մեջ մտնում են պատմական բոլոր սերունդները, ոչ միայն ապրողները, այլեւ մեռածները՝ ե՛ւ հայրերը, ե՛ւ մեր պապերը։ Ռուս ժողովրդի կամքը հազարամյա ժողովրդի կամքն է, որը սբ Վլադիմիրի շնորհիվ ընդունեց քրիստոնեություն, որը մոսկովյան մեծ իշխանների օրոք կազմավորեց Ռուսաստանը։ Խառնակ ժամանակներում կարողացավ ելք գտնել, Պետրոս Մեծի օրոք պատուհան բացեց դեպի Եվրոպա, սերեց մեծ սրբերի ու անձնվերների մի բանակ եւ պատվեց նրանց, ստեղծեց վիթխարի պետություն եւ մշակույթ, ռուս մեծ գրականություն։ Դա միայն մեր սերնդի կամքը չէ, որ կտրված է նախորդներից։ Ժամանակակից սերնդի ինքնապարծությունն ու ինքնահաստատումը, իր գերադասումը մեռած հայրերից ժողովրդավարության մեծագույն կեղծիքն է։ Դա անցյալի, ներկայի եւ ապագայի տարանջատումն է, հավերժության ժխտումը, ժամանակի ավերիչ հոսքի երկրպագություն։ Ռուսաստանի ճակատագրի հարցում պետք է լսելի լինի ռուս ողջ ժողովրդի, բոլոր սերունդների եւ ոչ միայն ապրողների ձայնը։ Եվ այդ պատճառով ժողովրդի, ընդհանուրի օրգանական կամքում մտնում են պատմական ժառանգությունն ու ավանդույթները, հավերժության գիրկն անցած սերունդների մասին պատմական հիշողությունը։ Ժողովրդավարությունը չի ցանկանում այդ ամենն ընդունել եւ այդ պատճառով չգիտի ժողովրդի կամքը, այլ ճանաչում է սոսկ ժամանակակիցների չնչին խմբի մեխանիկական գումարի կամքը։ Ժողովրդավարության ճգնաժամը վաղուց է սկսվել։ Առաջին հիասթափությունը եղավ ֆրանսիական հեղափոխությունը, երբ չիրագործվեցին խոստումները։ 
Նորագույն ժողովրդավարությունները շփոթահար կանգնած են տառապալից անզորության եւ անբավարարվածության քառուղիներում։ Նրանք բզկտվում են ներքին երկպառակությունից։ Ժողովրդավարական հասարակություններում օրգանական ոչինչ չկա, ոչ մի հաստատուն բան, այն ոչինչ չունի հավերժության ոգուց։ Դեմոկրատները ազատասեր են միայն չարի եւ բարու, ճշմարտության եւ կեղծիքի նկատմամբ անտարբերության իմաստով։ Կասկածներ են ծագում միանգամայն մեխանիկական, համընդհանուր ընտրական իրավունքի նկատմամբ, որ մարդուն դիտարկում է միայն որպես անորակ հյուլե։ Ելք են որոնում նեղխմբակային ներկայացուչություն ունենալու, միջնադարյան համքարային սկզբունքներին վերադառնալու մեջ։ Դրանով փորձում են ձեռք բերել օրգանական միասնություն, որտեղ մարդը արդեն չի կարող տարանջատ հյուլե լինել։ Հիասթափությունը ժողովրդավարությունից եւ ճգնաժամը գալիս են նրա բովանդակազուրկ—ձեւական բնույթից։ Այդ պատճառով սկսվում են ժողովրդական կամքի տանջալից որոնումները, բարեպաշտ, ճշմարիտ, սրբազան ժողովրդական կամքի փնտրտուքը։ Մինչդեռ կարեւոր չէ, որ ժողովրդի կամքը, բոլորի կամքը ձեւականորեն արտահայտվի, եւ քանակական մեծամասնությունը որոշի հասարակության ճակատագիրը՝ համաձայն այդ կամքի ցանկացած կողմնորոշման։ Կարեւոր է, թե ինչին է ուղղված ժողովրդի կամքը, կարեւոր է այդ կամքի որակը։ Սոցիալիզմը ժողովրդավարությունը ենթարկում է հոռետեսական քննադատության, բացահայտում նրա բովանդակազուրկ լինելը եւ անցնում որոշակի որակային բովանդակության։ Նա գիտի այն ընտրյալ ժողովրդին, որ ցանկանում է իրագործել սոցիալական արդարությունը եւ ունի առարկայական ուղղվածություն։ Սոցիալիզմը առաջադրում է սկզբունքներ, որոնք տրամագծորեն հակառակ են ժողովրդավարությանը։
Հակառակ ժողովրդավարության, սոցիալիզմը նյութա—բովանդակային է, նա գիտի, թե ինչ է ուզում եւ ունի ձգտման առարկա։ Այն անտարբեր չէ, թե ինչ ուղղվածություն ունի ժողովրդի կամքը, եւ չի հավակնում իմանալ ճշմարտությունը, այդ պատճառով էլ ճշմարտության խնդիրը չի թողնում ձայների մեխանիկական մեծամասնությանը։ Իր հոգեբանական տեսակով սոցիալիզմը թերահավատ չէ։ Սոցիալիզմը հավատ է. այն մարդկության համար հավակնում է դառնալ նոր հավատ։ Սեն—Սիմոնի ուտոպիկ սոցիալիզմը եւ Կարլ Մարքսի «գիտական» սոցիալիզմը հավասարապես կրոնական հավակնություն ունեն, ցանկանում են կյանքի նկատմամբ ամբողջական վերաբերմունք ունենալ, լուծել կյանքի բոլոր խնդիրները։ Կամքի նկատմամբ սոցիալիզմի դիրքորոշումը այլ է, քան ժողովրդավարության մեջ. ավելի լարված, ավելի ամբողջական ու կենտրոնացված եւ ուղղված է առ միակ համընդգրկուն առարկային։ Սոցիալիզմն իր բնույթով չի կարող թույլ տալ կարծիքների խորհրդարան՝ կուսակցությունների եւ հետաքրքրությունների պայքարի ազատ ասպարեզ, որին այդպես սիրում է թերահավատ ժողովրդավարությունը։ Սոցիալիզմը փնտրում եւ գտնում է բարեպաշտ, սրբազան, ճշմարիտ բովանդակություն ունեցող ժողովրդական կամքը։ Սոցիալիզմը հաստատում է ոչ թե ժողովրդի, ազգի ձեւական անկախությունը, այլ նյութական անկախությունը ընտրյալ դասակարգի, որի կամքը առանձնահատուկ որակներ ունի։ Սոցիալիզմը փրկչական բնույթ ունի։ Կա ընտրյալ դասակարգը՝ պրոլետարիատը, փրկիչ—դասակարգը. նա մաքուր է առաջին մեղքից, որից ծնունդ առավ ողջ պատմությունը, որն ընկած է ողջ մշակույթի, «բուրժուական մշակույթի» հիմքում՝ մարդը մարդու, դասակարգը դասակարգի շահագործման մեղքը։ Այդ փրկչական դասակարգը ճշմարիտ մարդկության սաղմն է, ապագա մարդկության, որտեղ արդեն բացառվում է շահագործումը։ Պրոլետարիատը նոր Իսրայելն է։ Աստծո ընտրյալ ժողովրդի բոլոր հատկանիշները տարածվում են այդ փրկիչ դասակարգի վրա։ Նա պետք է դառնա մարդկության փրկարարն ու ազատարարը, նա պետք է երկրի վրա իրագործի Աստծո թագավորությունը։ Ասես հին հրեական հավատալիքը աշխարհիկ ձեւ առած վերստին կրկնվում է ուշ պատմական ժամանակներում։ Ընտրյալ դասակարգը, ի երանություն Իսրայելի, վերջապես իրականացնում է այն ավետյաց երկրային թագավորությունը, որը չիրագործեց Փրկիչ—Խաչյալը։ Նա հենց այն նոր փրկիչն է, երկրային թագավորության կառուցողը, հանուն որի մերժվեց հին Փրկիչը, ով ավետում էր թագավորություն, որ այս աշխարհից չէ։ Պրոլետարիատի անկախությունը հակադրվում է ժողովրդի անկախությանը։ Պրոլետարիատը հենց ամենաիսկական ժողովուրդն է, արդար ժողովուրդը, որն ունի այն բոլոր որակները, որոնք կերաշխավորեն առ բարձրագույն կյանք տանող կամքի ուղղությունը։ Մեր ժամանակաշրջանում միայն պրոլետարիատին է հատուկ իսկական կյանքը, կյանքի առավելագույնը։ Նա ոչ միայն ճնշված, այլեւ հաղթական դասակարգն է, նա կընդլայնի մարդկության հզորությունը, վերջնականապես կիշխի բնության վրա, առավելագույնս կզարգացնի արտադրական ուժերը։ Իշխանության անցումը այդ դասակարգին կնշանակի թռիչք դեպի անհրաժեշտության թագավորություն, ազատության թագավորություն, համաշխարհային աղետ, որից հետո եւ կսկսվի իսկական պատմությունը կամ գերպատմությունը։ Այսպիսին են դասական, հեղափոխական սոցիալիզմի հույսերը։ Այն ավելի հետաքրքիր եւ օրինակելի է, քան փաստական սոցիալ—դեմոկրատիայի անցումային եւ կիսախառը ձեւերը, որոնք օպորտունիստաբար հարմարվում են բուրժուական կյանքին։

Ռուսերենից թարգմանեց 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024