«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ հայ ժողովրդի հետ միասին մասնակցելու Մեծ եղեռնի 100—ամյակի ոգեկոչմանը, եւ բնական է, որ Կիպրոսը եւ Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին»,–իր ելույթում ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
Նրա խոսքերով՝ Կիպրոսը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը յուրաքանչյուրի մասնակցությունը նպատակ է հետապնդում կենդանի պահել այս աննկարագրելի արարքի հիշատակը, հարգանքի տուրք մատուցել միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին 100 տարի առաջ։
«Մենք խմբով պարտավոր ենք հայտարարել եւ ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատժելի մնալ։ Այս լույսի ներքո մենք համերաշխության ուղերձ ենք հղում։ Հայաստանը եւ Կիպրոսը անպատժելիության զոհեր են, մեր պատմությունները փոխշաղկապված են»,–ասաց Կիպրոսի նախագահը։
Նա հիշեցրեց այն փաստը, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ովքեր անխնա հալածանքից էին փախչում, ապահով ապաստան գտան հարեւան Կիպրոսում։
«Կիպրոսցիները հպարտ են այն փաստով, որ այս փախստականների թոռները եւ երեխաները այսօր Կիպրոսի հասարակության կարեւոր եւ աշխույժ անդամներն են, ովքեր իրենց ծագումը պահպանում են եւ պաշտպանում են արժանապատվորեն։ Մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգական իրողությունը։ Ազգի պատմության ընթացքում մենք հանդիպում ենք փառապանծ պահերի, նաեւ այնպիսի պահերի, երբ սխալները հանգեցրել են ողբերգական իրադարձությունների։ Այս իրադարձությունների ճանաչումը որեւէ հանգամանքում չի սահմանափակում ազգերի ապագա դերակատարումը միջազգային հարաբերություններում։ Այս տեսանկյունից ողջունում եմ նախագահ Սարգսյանի վճռական դիրքորոշումը։ Իսկապես պատշաճ ժամանակն է, որպեսզի պատմական փաստերը ճանաչվեն, քանի որ դա ուղի կհարթի հարեւան երկրի հետ հարաբերությունների նորմալացման համար եւ անկասկած կնպաստի համաշխարհային խաղաղության հաստատմանը»,–հայտարարեց Նիկոս Անաստասիադիսը։
|