Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հաջորդող շրջանում Հայաստանում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե ինչ փոփոխություններ կլինեն արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը կարծում է, որ Թուրքիայում ընտրություններն ապացույցն են այն բանի, որ էրդողանական Թուրքիան սկսում է փլուզվել. «Կսկսվեն նաեւ ներկուսակցական խմորումներ, չեմ բացառում, որ մի օր էլ կտեսնենք, որ Գյուլը կվերադառնա»։
Թեւան Պողոսյանն, այնուամենայնիվ, այս տարվա ընթացքում հայ—թուրքական հարաբերություններում փոփոխությունների ակնկալիք չունի. «Այս պահին, քանի դեռ չի ձեւավորվել կառավարությունը, հայ—թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին ոչինչ ասել չենք կարող։ Հայկական հարցի խնդիրը միգուցե հաջորդ տարիներին առաջ կգա, առաջին հերթին դա պայմանավորված կլինի նրանով, թե ով է լինելու արտաքին գործերի նախարարը, ամեն դեպքում 2015—ին որեւէ տեղաշարժ չեմ ակնկալում»։
Լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանը, ով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների օրը եղել է Ստամբուլում, այն կարծիքին է, որ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստեղծման հենց առաջին պահից հայտնի էր, որ այն հայտնվելու է խորհրդարանում. «Նրանք հասան հաջողության, քանի որ իրենց կողմը բերեցին ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների»։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանն էլ նկատել է, որ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը կողմ քվեարկողներն առաջին հերթին դեմ էին քվեարկում Էրդողանի կուսակցությանը՝ ԱԶԿ—ին։
Թուրքագետ Վահրամ Տեր—Մաթեւոսյանն էլ նկատել է, որ այսօր Թուրքիայում ստեղծվել է մի իրավիճակ, որ վերջին անգամ եղել է 1999—ին, ինտենսիվ քննարկումներ են ընթանում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունների հետ. «Սակայն սա նույն սցենարն է, ինչ եղել է Թուրքիայում 70—ական ու 90—ական թվականներին։ Դեռեւս 39 օր կա հնարավոր հանգուցալուծումներից մեկի՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար»։
Իսկ թե Թուրքիայի քաղաքական էլիտայում կատարվող փոփոխությունները կարո՞ղ են հայ—թուրքական արձանագրությունները մտցնել խորհրդարանի օրակարգ, թուրքագետի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե արդյոք ներկայումս հայկական կողմին ձեռնտո՞ւ է այս հարցում որեւէ քայլ Թուրքիայի կողմից. «Ես միշտ այս պրոցեսում կողմնակից եմ եղել, որ անակնկալները բացառվեն, որ մի օր չարթնանանք ու իմանանք, որ հարցը մտել է մեծ օրակարգ։ Հայ—թուրքական հարաբերություններում փոփոխությունների կարելի է սպասել, եթե դաշինք կազմեն ԱԶԿ—ն ու ԺՀԿ—ն, ինչը 98 տոկոսանոց անհավանական սցենար է, բայց, իհարկե, կա հնարավոր պատուհան։ Ցանկացած այլ դաշինքի դեպքում հայ—թուրքական հարաբերությունները կմնան այդպես, քանի որ ոչ մի կուսակցության համար այս հարցը կարեւոր չէ»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|