Հայ—ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը։
«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է։ Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա։ Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։ Այդ համատեքստում ինձ համար շատ կարեւոր է Արցախի հարցը։ Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիվ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կշարունակի ջանքերն Արցախում խաղաղության հաստատման գործում»,—ասաց Դանիել Կազարյանը։
Քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների փոփոխություններ են եղել, հետեւաբար ներկայումս աշխատանքներ են տարվում հայ—ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձեւավորման ուղղությամբ։
«Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ խորհրդարանական բարեկամական խումբ, որը բավական ակտիվ էր աշխատում։ Ներգրավված էր 60 պատգամավոր տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրություններից հետո փոխվեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն։ Այժմ աշխատանք է տարվում վերականգնել եւ վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչների»,—ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ խմբի ձեւավորման հետ կապված գրանցումները սկսվել են։
Խոսելով Արցախի ուղղությամբ աշխատանքների մասին՝ Դանիել Կազարյանը նշեց, որ պետք է ակտիվացնել Ֆրանսիա—Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը քույր քաղաքների ձեւաչափում, մանավանդ որ Արցախը բավական դինամիկ է իր շփումներում։
Դանիել Կազարյանն ընդգծեց, որ այս ամբողջ աշխատանքների համատեքստում չափազանց կարեւոր է Ֆրանսիայում հայ համայնքի դերը։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում բավական ուժեղ հայ համայնք կա ձեւավորված՝ ամուր ենթակառուցվածքներով։ Այն բավական դինամիկ է գործում, հայերը ավելի շատ կենտրոնացած են մեծ քաղաքներում՝ Լիոն, Մարսել, Փարիզ։
«Ինչպես գիտեք, երկու երկրների մշակութային կապերը միշտ ուժեղ են եղել, բայց մենք ցանկություն ունենք տեսնել տնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացում։ Անկախ Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ է՝ 26 տարեկան է, ամեն անգամ, երբ գալիս եմ Երեւան, տեսնում եմ փոփոխություններ, ինչը շատ ուրախալի է։ Հուսով եմ՝ հետագայում ավելի կուժեղանան Հայաստան—Ֆրանսիա կապերը։ Հայաստանը տնտեսության զարգացման կարիքն ունի, ստեղծված նոր հնարավորությունները թույլ կտան երիտասարդներին մնալ իրենց երկրում»,–ասաց նա։
|