ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 4 » Որտեղ է թաքնված մեր կենսաէթանոլի արտադրության «անշարժությունը»
10:39
Որտեղ է թաքնված մեր կենսաէթանոլի արտադրության «անշարժությունը»

Քննարկվում են շարժիչային վառելիքների այլընտրանքին առնչվող հարցեր

2020թ. հնարավոր է հանրապետությունում կիրառվող շարժիչային վառելիքի մինչեւ 85 տոկոսը փոխարինել այլընտրանքով՝ կենսաէթալոնով՝ բենզինի փոխարեն։ Հայաստանում երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է տարեկան մոտ 30 հազար տոննա, ինչը մեր երկրում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10 տոկոսն է։
Տարիներ առաջ այս լրատվությունը հորդեց իբրեւ երկարատեւ հետազոտությունների արդյունք։ Խնդրով զբաղվածներն ամեն ինչ այնքան հաշվարկված ներկայացրեցին, որ կասկած չկար՝ կհաջողեինք։ Տարիներն անցան...
Հապա ինչո՞ւ տեղից չշարժվեցինք։ Աշխարհում, բնականաբար, ոլորտում շարժ կա, ինչքան էլ դրան խանգարում է բենզինի «համերաշխությունը»։ Բայց հետաքրքիր է, որ երբ տվյալներ էինք փնտրում, դրանք, ինչպես սովորաբար լինում է, համացանցում «թափված» չէին. մասնագիտական կայքերն օգնության հասան (www. ethanolrfa.org, http։//biotoplivo.com եւն), որտեղ լավագույնս ի ցույց են դրված ոլորտում կողմ եւ դեմ տեսակետների պատճառաբանությունները։ Քննարկումներ կան անգամ, թե ասենք, կենսաէթանոլի արտադրությանը կողմ հատվածը ինչին է դեմ եւ հակառակը՝ դեմ հատվածը ինչ պարագաներում համաձայն կլինի կենսաէթանոլի արտադրությանը։ Օրինակ՝ կողմ հատվածը դեմ է, եթե կենսաէթանոլի արտադրության համար որպես հումք առաջնությունը հացահատիկին է տրվելու, որովհետեւ կենսաէթանոլի համաշխարհային արտադրության համար պահանջվող 121 միլիոն տոննա հացահատիկով կարելի է երկրներ կերակրել։ Մի խոսքով, հումքի խնդիր, տեխնոլոգիական խնդիր եւ այլ հարցեր։ 
Բայց, ինչպես ասում են, մենք մեր դարդը լացենք։ Մանավանդ որ ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը սկսել է լրջորեն զբաղվել կենսաէթանոլի խնդրով. ՌԴ նախագահը նախորդ տարի նոյեմբերին օրենք է ստորագրել կենսաէթանոլի արտադրության եւ շրջանառության կազմակերպման մասին։
Մեր իրավիճակը հասկանալու համար մի փոքր հետ գնանք։
Տարիներ առաջ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը։ Կենսաէթանոլը առավելագույնս արդյունավետ արտադրելու համար որպես հումք խորհրդատուի կողմից առաջարկվել են այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են՝ գետնախնձորը եւ եգիպտացորենը, ինչպես նաեւ ցելյուլոզային հումքը։ Առաջադեմ երկրների փորձն էլ էր ուսումնասիրվել՝ կենսաէթանոլի արտադրական շղթայում ցելյուլոզային հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կիրառելիությունը Հայաստանի պայմաններում հասկանալու համար։ Առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել կենսազանգվածի արդյունավետ բաժանումը երեք հիմնական բաղադրիչների՝ հեմիցելյուլոզի, լիգնինի եւ ցելյուլոզայի։ Հիմնադրամը վստահ էր՝ «կենսաէթանոլի արտադրությունը կազմակերպելով հանրապետությունում ոչ միայն կառաջանա այլընտրանքային շարժիչային վառելիք, այլ նաեւ կստեղծվեն բազմաթիվ լրացուցիչ աշխատատեղեր»։ Հիմա էլ է վստահ, քանզի ՀՀ—ում կենսաէթանոլի արտադրության ծրագիրը դեռ առաջարկվում է ներդրողներին (տարիներ են անցել եւ հաստատ որոշ թվեր փոխված կլինեն։ Բայց, իհարկե, սկզբունքը դրանից չի փոխվում,—Ա.Մ.)։
Այսօր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը խոսում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի նորամուծություններից։
Մինչ այդ՝ շարքային ընթերցողի համար հստակեցնենք՝ ինչ ասել է կենսաէթանոլ։ Սա շարժիչային վառելիքի խառնուրդ է, որ, ՀՎԷԷՀ հիմնադրամի ասած, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի տեղափոխման, նվազեցնել փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում, օգտագործել երկրի ամայի վայրերում աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը, հատկապես քաղաքային բնակավայրերում։ Եվ Հայաստանը, որ առանց հանածո վառելիքի զգալի պաշարների է, հարյուր տոկոսով կախվածության մեջ է ներկրվող վառելիքից՝ շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար։
Հիմա՝ ՀԲ—ի կողմից ֆինանսավորվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի նորամուծություններից։ 1. Կենսաէթանոլի վառելիքի նոր եւ կայուն արտադրության հեռանկարը — հումքը պետք է աճեցվի ամայացված եւ ներկայումս սննդամթերքի արտադրության համար չնախատեսված հողատարածքներում (մոտ 143 հազար հեկտար), կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում խոստումնալից ծրագիր է, հատկապես հեռավոր բնակավայրերի համար, որտեղ բավականին բարձր է գործազրկության եւ ցածր է տնտեսական աճի մակարդակը։ 2. Հումքի տեսակետից կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում դիտարկված 20 բուսատեսակներից ընտրվել են գետնախնձորը, անասնակեր եգիպտացորենը, քաղցր սորգոն։ Մինչդեռ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կարելի է օգտագործել նաեւ ծղոտ արագ աճող հիբրդային այնպիսի ծառերի, ինչպիսիք են բարդին, ուռենին։ 3. Ոլորտի նախնական բնապահպանական ուսումնասիրության արդյունքների համաձայն, կենսաէթանոլի արտադրության, օգտագործման բնապահպանական ազդեցությունը դրական է համարվում, որի հետեւանքով կկրճատվեն ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։
Իբրեւ նախնական ֆինանսական վերլուծություն էլ (կենսավառելիքի ծրագրի ֆինանսական վերլուծության հիմնական մեծությունը կենսաէթանոլի, արտադրական հումքի, հիմնական հումքից ստացվող նյութերի եւ էլեկտրաէներգիայի գներն են,—Ա.Մ.) նշվում են կանխատեսումները։ Այն է՝ կենսաէթանոլի մեծածախս գները ֆինանսական կանխատեսումներով կազմում են 1.34 դոլար՝ 1 լիտր կենսաէթանոլի համար։ Ճշգրիտ գնի մեջ մտնում է կենսաէթանոլի 1 լիտրի 1.34 դոլարը եւ 1 տոկոս վաճառքի գինը։
Ֆինանսական վերլուծության է ենթարկվել նաեւ գետնախնձորի (80 տոկոս կամ պակաս խոնավություն) ամեն տոննայից ստացվող 92.4 լիտր կենսաէթանոլի արտադրանքը։ Ուսումնասիրվել է գետնախնձորի տարբեր տեսակներից ստացվող արտադրանքը, մինչդեռ ըստ ՀԲ ուսումնասիրության, պարզվել է Հայաստանում որոշ հիբրիդային տեսակների բարձր արտադրողականությունը, որոնք ներգրավված չէին ֆինանսական վերլուծությունների մեջ։
Ինչ վերաբերում է արտադրական հումքի արժեքին։ Հումքի գինը սահմանվում է տվյալ բուսատեսակի նվազագույն ներդրումների վերադարձման 15 տոկոսի դեպքում։
Հարկ է խոսել նաեւ ներդրողներին առաջարկվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի՝ մասնավորապես առաջարկվող հումքի հարցից. գուցե այստեղ է թաքնված կենսաէթանոլի արտադրության «անշարժության» պատճառը։
Նախապես, սակայն, տեղեկացնենք, որ կառավարությունն էլ է սկսել այս հարցով զբաղվել։ Նախորդ տարվա մարտի 21—ից ապրիլի 10—ը քննարկվել եւ այժմ լրամշակման փուլում է «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։ Այստեղ ասվում է, որ թիրախավորվում է երկարաժամկետ հեռանկարում՝ մինչեւ 2040թ. Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների (կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ (մենք այս թեմային էլ առիթով կանդրադառնանք), ջրածին եւ էլեկտրական էներգիա) առավելագույն մրցունակ կիրառման համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Այդ պայմանները իրենցից չեն ենթադրելու պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում՝ դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Գործադիրը, ուսումնասիրելով մեր նյութում նշված՝ ՀԲ աջակցությամբ իրականացված Հայաստանում կենսաէթանոլի արտադրության զարգացման ծրագրի արդյունքները, եզրակացնում է, որ «ավելի քան իրատեսական է երկարաժամկետ հեռանկարում արձանագրել տրանսպորտի ոլորտում կենսաէթանոլի, կենսադիզելի եւ էլեկտրական էներգիայի 20 տոկոս սպառման համամասնություն՝ բենզինի, դիզվառելիքի եւ բնական գազի նկատմամբ»։ Կառավարության որոշման նախագծում նշվում է նաեւ, որ տնտեսության վրա սպասվող «մուլտիպլիկատիվ Էֆեկտի» արդյունքում զգալի թափ կհաղորդվի ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման ուղղությանը, այլ նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի բուն աճեցման գործընթացին՝ այդ թվում պարապուրդի մատնված եւ անջրդի հողատարածքների օգտագործման համար նոր հնարավորությունների ստեղծմամբ։
Այստեղից էլ կշարունակենք կենսաէթանոլի արտադրության համար առաջարկվող հումքի հետ կապված հարցերի քննարկումը։  hhpress.am

Շարունակելի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 348 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024