ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 09:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 5 » Որտեղ է թաքնված մեր կենսաէթանոլի արտադրության «անշարժությունը» /Ինչ 20 հումքատեսակ է առաջարկվել գործի համար/
09:51
Որտեղ է թաքնված մեր կենսաէթանոլի արտադրության «անշարժությունը» /Ինչ 20 հումքատեսակ է առաջարկվել գործի համար/

Կենսաէթանոլի արտադրության եւ Հայաստանում այդ գործընթացի հետ կապված այս տարիների շարժերը (ավելի ստույգ՝ սկիզբ ու կանգ) քննարկելիս նշեցինք, որ կառավարությունում այժմ լրամշակման փուլում է «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշումը։ Տեղեկացրել էինք նաեւ, որ Համաշխարհային բանկի եւ Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ տարիներ առաջ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացրել է «Հայաստանում կենսաէթանոլի արտադրության եւ յուրացման ներուժի եւ հեռանկարայնության գնահատում» աշխատանքների կազմակերպումը։ Խոստացել էինք քննարկել ներդրողներին առաջարկվող կենսաէթանոլի արտադրության ծրագրի՝ մասնավորապես առաջարկվող հումքի հարցը այն մտայնությամբ, որ գուցե այստեղ է թաքնված կենսաէթանոլի արտադրության «անշարժության» պատճառը։
Այսպիսով, կենսաէթանոլի արտադրության համար ինչ հումք է առաջարկվել։ Ծրագրում մասնագետները նշել էին նույնիսկ, թե որ հումքատեսակի եւ ծավալի դեպքում կենսաէթանոլի արտադրության գործարանի հզորությունն ինչքան կլինի եւ ինչքան հողատարածք կպահանջվի։ Օրինակ, եթե կենսաէթանոլի գործարանի հզորությունը տարեկան 14 հազ. տոննա լիներ եւ հումքատեսակը 175 հազ. տոննա գետնախնձոր, ապա կպահանջվեր 8750 հա հողատարածք։ 


Մերժվածները

Ներդրողներին առաջարկվող ծրագրում աշխատանքային խումբը սկզբում 20 հումքատեսակներ էր դիտարկել։ Դրանցից էին շաքարի ճակնդեղը, վաղահաս անասնակեր եգիպտացորենը, շաքարեղեգը, ցորենը, աշորան, գարին, վարսակը, գետնախնձորը, եղերդը, քաղցր սորգոն, պանրագործության թափոնները, գինեգործության թափոնները, մրգերի փչացած ավելցուկը, հիբրիդ բարդիները, ուռենիները։ Խմորման տեխնոլոգիայով կենսաէթանոլի արտադրության համար ընտրվել էին 4 հումքատեսակ՝ գետնախնձորը, եղերդը, քաղցր սորգոն, եգիպտացորենը (անասնակեր) եւ 2 բուսատեսակ՝ հացահատիկային բույսերի ծղոտն ու արագաճ հիբրիդ ծառերը։
Հետո 20 հումքատեսակների զտում եղավ, որոշները մերժվեցին Հայաստանի պարագայում։
Օրինակ՝ շաքարի ճակնդեղը։ Ինչու այս հումքը մերժվեց, չէ՞ որ այն մեզ մոտ լավ է աճում։ Պարզվում է՝ մերժման պատճառը այլ է. այն կարող է օգտագործվել շաքարի արտադրության համար։
Շաքարեղեգն էլ մերժվեց. խիստ խոնավ կլիմա է պետք այս բուսատեսակի համար։
Մերժվեց նաեւ կարտոֆիլը։ Ընդ որում՝ մերժվեց այն տարիներին, երբ Հայաստանում կարտոֆիլի ավելցուկ կար։ Պատճառաբանությունը հետւյալն էր. կարտոֆիլը կենսականորեն անհրաժեշտ բուսատեսակ է Հայաստանում։ Կենսաէթանոլը կարող էր օգտագործել ավելի շատ կարտոֆիլ, քան ավելցուկն էր՝ դրանով ավելացնելով պահանջարկը եւ բարձրացնելով շուկայական արժեքը։
Նույնանման մերժում աշորայի, գարու, վարսակի եւ ցորենի մասով էր. կենսաէթանոլը կնվազեցնի որպես մթերք սպառվող հացահատիկը, ըստ այդմ՝ մեծաքանակ ներկրում կպահանջվի եւ կթանկանա այն։
Մերժվեցին նաեւ գինեգործական թափոնները, պանրագործական թափոնները եւ անտառային ծառերը։ Առաջին երկուսը մերժվել է այն պատճառով, որ դրանք բավարար չեն նույնիսկ կենսաէթանոլի փոքր գործարան ունենալու համար։ Անտառային ծառերի պարագան էլ հասկանալի է. մենք տառացիորեն աղետի մեջ ենք եւ անտառները վերականգնելու խնդիր ունենք։


Սիրելիներ

Ներդրողներին առաջարկվող՝ կենսաէթանոլի արտադրության ծրագրում «ընդունված» հումքատեսակ է գետնախնձորը։ Այն ե՛ւ մեր երկրի տարբեր հատվածներում է աճում, ե՛ւ առաջնային անասնակեր կամ մթերք առայժմ չի դիտարկվում։
Եղերդը նույնպես ընդունված հումքատեսակ է։ Ժողովրդական տարբեր բարբառներում ասվում է եղերդակ, ճարճատուկ, ճարճատ, ճարճրուկ, ճարճարակ, դառնիճ, եղեսպակ, հինդք, վայրի լագար, ցիկորի։ Աստղածաղիկների (բարդածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույս է, որն օգտագործվում է որպես դեղանյութ։ Այն ավելի շատ հայտնի է դառնիճ կամ վայրի հազար անուններով։ Այս բույսի չորացրած արմատը օգտագործվում է որպես սուրճի խառնուրդ կամ դեղանյութ։ Մեր դեղատներում այն ցիկորի անվամբ է հայտնի։ Խոհարարները դրա չորացրած աղացած սերմերով, որոնք քիչ դառնահամ են (դրա համար էլ դառնիճ են ասում), թուրմ են պատրաստում։ Օգտագործում են որոշ ոչ ոգելից խմիչքներ պատրաստելու համար։ Մասնագիտական գրականությունը հուշում է, որ եղերդը օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում։ Պարունակում է B, C, E վիտամիններ, սպիտակուցներ, աղեր։ Ցուցված է սրտի եւ անոթների հիվանդությունների հանդեպ հակում ունեցող մարդկանց, օգնում է այդ հիվանդությունների դեմ պայքարում, վերականգնում է նյարդային համակարգը։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, շաքարի պարունակությունը։ Եղերդի արմատից պատրաստված ընպելիքը օրգանիզմը մաքրում է տոքսիններից։ Սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա՝ պարզելու համար, թե արդյոք այս բուսատեսակը կարող է կոմերցիոն քանակով աճել եւ կենսաէթանոլի արտադրության հումք դառնալ։
Այդ արտադրության համար քաղցր սորգոն էլ է ընդունված, քանզի շաքարի բարձր պարունակությամբ է։
Դիտարկվում է նաեւ հացահատիկային բույսերի ծղոտը։
Զուգահեռ՝ հիբրիդ բարդիները։ Ծրագրում նշվում է, թե այդ բարդիները կարող են աճեցվել աղուտ հողերում։ Դրանք ե՛ւ կենսաէթանոլի արտադրության հումք կդառնան, ե՛ւ աղուտ հողերը կբարելավվեն ու հետո էլ կօգտագործվեն այլ նպատակներով։
Հումքատեսակներից զատ Հայաստանում կենսաէթանոլի կայուն ծրագրի զարգացման համար մի քանի տարբերակներ են առաջարկվում ներդրողին։ Այդ տարբերակների մասին, սակայն, հաջորդիվ կխոսենք։

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024