ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 2 » Օրը մանուկներինն էր /Տոնական միջոցառումներ փոքրիկների համար/
09:35
Օրը մանուկներինն էր /Տոնական միջոցառումներ փոքրիկների համար/

Հունիսի 1—ի ամենամեծ իրադարձությունը, թերեւս, հիմնանորոգված ու արդիականացված կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն էր։ 
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ թոռնիկների հետ այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ 2014—2015թթ. այգու վերանորոգման եւ զարգացման ծրագրով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչպիսիք չեն իրականացվել այգու հիմնադրման օրվանից։ Հանրապետության նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման եւ զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ կենդանաբանական այգու նորակառույց ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժական կետում ստեղծված պայմաններին։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվել է, որ այգու 34 հա տարածքից մինչեւ վերանորոգումը միայն 7 հա—ն էր կենդանաբնակ եւ օգտագործելի, ներկայումս գործածվող տարածքը հասել է 16 հա—ի։
Հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Պատասխանատուների հավաստմամբ, լուսավորությունն ունենալու է նաեւ գեղարվեստական լուծումներ, իսկ այգու արտաքին տեսքը խաթարող օդային մալուխներն ամբողջապես իջեցվել են գետնի տակ։ Ասֆալտապատվել եւ վերանորոգվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7,000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ եւ թփեր, իրականացվել են ծաղկային ձեւավորման աշխատանքներ։ Յուրօրինակ տեղանքային լուծումներով կառուցվել են արհեստական ջրվեժներ։ Բարեկարգվել եւ թարմացվել են այգու խաղահրապարակները։ Կառուցվել է նոր խաղահրապարակ, որում առաջին անգամ տեղադրվել են ներառական նշանակության մանկական խաղահրապարակներ (ընդհանուրի 1/3 մասը)։ Այգում զբոսանքն ավելի հարմարավետ եւ հետաքրքիր դարձնելու նպատակով ձեռք են բերվել եւ շահագործվելու են էլեկտրամեքենաներ։ Վերակառուցվել է այգու անցակետը, որն ապահովված է էլեկտրոնային հսկիչ եւ գրանցող սարքավորումներով։
«Ոտքերով խաչեր եմ անում, գնում եմ, գնում...». հունիսմեկյան տոնական օրը փոքրիկ Մարիան իր հանդեսի այդ տողերով սկսեց ու ճանապարհ ընկավ դեպի մանկապարտեզ։ Տոնին դեռ մի քանի օր առաջ է նախապատրաստվել՝ փուչիկներ ընտրել, անգամ սանրվածքը որոշել՝ երկու «պոչիկ»։
«Ծաղ—ռ—ածուն է գալու, որ ես ուրախանամ։ Ես արջի ընկեր Մաշան եմ»,–բակում շնորհավորանքներին արձագանքելով՝ շտապեց նշանակված վայր, որ միջոցառումից հետո անմիջապես կենդանաբանական այգի գնա։
Պաղպաղակ, փուչիկներ, մանկական ուրախ ճիչեր ու կենդանիների ձայներ՝ աշխուժությունը նկատվում էր անգամ մինչեւ այգի հասնելը։ Իսկ դա չէր կարող անտարբեր թողնել մեծահասակներին։
«Մենք էլ մեծ երեխաներ ենք։ Մեր տոնն էլ է»,–իրենց այցն այսպես «արդարացրին» պապիկները՝ արձանագրելով՝ գազանանոցն առաջվանը չէ, փոխվել է։ Փոփոխությունը նկատել էին նաեւ զբոսաշրջիկները։ Նորությունների մասին լսել էին ու այցելել տեղում ծանոթանալու դրանց։ Մինչ նրանք կշրջեին տարածքում, Անին պաղպաղակը համտեսելով՝ ուսումնասիրում էր թութակների կերակրման գործընթացը։ «Թեյ է»,–երկար նայելով թռչունների համտեսած մեղրաջրին՝ իր եզրակացությունը ներկայացրեց փոքրիկը։ Իսկ Էվելինայի ուշադրությունը գրաված կենդանին այդպես էլ չկարողացանք պարզել՝ որն է։ «Գազան»,–այդպես կոչեց ու նկարագրեց՝ սեւ մազերով, երկար պոչով ու «այսքան մեծ բացված բերանով»։ Գոռին էլ ոչ մի կենդանի չէր հետաքրքրում՝ իր գործով էր տարված։ Գույները վրձնով տարածում էր սպիտակ թղթի վրա ու հիանում ստացված պատկերով։ Բայց, հավանաբար, տանն ավելի հետաքրքիր իրադարձություն էր սպասում նրան, ինչպես ինքն ասաց, արագ—արագ էր նկարում, որ շուտ տուն գնար։ 
Նկարչության հատվածի ներկապնակը մանուկներին պարուրել էր սիրելի պատկերներով ու եռագույնով նաեւ խորհրդարանի այգում։ ԱԺ—ի այգին եւս վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։ Երեխաները հնարավորություն ունեին նաեւ տեսնել էկզոտիկ կենդանիների։
ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շրջեց այգում եւ մեկ առ մեկ շնորհավորեց օրվա հերոսներին։ Իսկ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել՝ երեխաների համար լավ ապագա ստեղծելու ուղղությամբ. «Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի նպատակներն ու իրականությունը համարժեք չեն, բայց բոլորս ձգտում ենք մեր երեխաների համար ապահով ապագա ստեղծել, որպեսզի նրանք երջանիկ մանկություն ունենան։ Ոչ թե միայն ապավինեն ճակատագրին, այլ հնարավորություններ լինեն, որ մեր մանուկները մեծանալով անընդհատ իրացվեն հասարակության մեջ»։
Գ. Սահակյանին ուղեկցում էին նրա թոռնիկները։ Կրտսեր Գալուստ Սահակյանը գոհ էր տոնակատարությունից եւ կցանկանար մնալ այգում ու պարել։ Նրան գրավել էին հատկապես էկզոտիկ կենդանիները։
Միջոցառումներից անմասն չէր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը։ ՊՆ բակում միջոցառում էր կազմակերպվել զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաների եւ թոռների համար։ 
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ—լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը շնորհավորեց աշխարհի բոլոր մանուկներին եւ նրանց խաղաղ երկինք մաղթեց. «Այսօր եկել եմ թոռնիկներիս հետ։ Խաղաղություն ու առողջություն եմ ուզում բոլոր մանուկների համար։ Թող որ նրանք մեր երկրի համար լավ քաղաքացիներ դառնան»։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ներկա էր իր երեխաների հետ։ «Շնորհավորում եմ օրվա առթիվ։ Ցանկանում եմ, որ նրանք ապրեն եւ մեծանան խաղաղ երկնքի տակ, դառնան մեր վաղվա օրվա պաշտպանները»,–բարեմաղթեց նա։
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն էլ նվերներ էր պատրաստել 4—12 տարեկան շուրջ 200 երեխայի համար, ովքեր, ծնողների ամուսնալուծությամբ պայմանավորված, գործ են ունենում ծառայության հետ։ Նրանց համար կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Մարզերից հրավիրել են մոտ 200 երեխա։
Օրվա առթիվ Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) մի շարք եկեղեցիներում տեղի ունեցավ մանուկների օրհնության կարգ։ Իսկ եկեղեցիների բակերում նկարելուց բացի, երեխաները միմյանց շատ խաղալիքներ էին ցանկանում։ Նրանցից ոմանք սպասում էին իրենց ամենամեծ նվերին՝ քույր, եղբայր էին ունեցել։ 
Բայց մինչ փոքրիկներին դուրս կգրեին, նորածիններին այցելեցին Հայաստանում հավատարմագրված ավելի քան 30 դիվանագետների կանայք։ Նախաձեռնությունը «Բարի գալուստ, Հայաստան» կանանց ասոցիացիային էր։
ՀՀ արտգործնախար Էդվարդ Նալբանդյանի տիկին, «Բարի գալուստ, Հայաստան» կանանց ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի գնահատմամբ՝ նման այցերը շատ կարեւոր են։ Ըստ նրա՝ երեխան պետք է պաշտպանված լինի հենց ծննդյան օրվանից. «Շատ կարեւոր է, որ այսօր փոքրիկներին այցելության եկան նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք։ Մենք մի քանի տարի առաջ էլ էինք այցելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, եւ կարող եմ ասել, որ փոփոխություններն ու զարգացումը իսկապես ակնհայտ են»։
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի տիկինը՝ Ելենա Կուխտան էլ շեշտում է, որ իսկական երջանկություն է այցելել ծննդատուն եւ տեսնել նորածինների։ «Նրանք այնքան գեղեցիկ են, նրանց մայրերն այնքան երջանիկ են։ Ես անգամ հուզվեցի այդ տեսարանից»,–ասաց Կուխտան։
Նորածինների կարելի էր տեսնել նաեւ Ազատության հրապարակում, բնականաբար, ոչ թե մասնակցի, այլ պարզապես ներկայի կարգավիճակով։ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսմեկյան տոնական միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի։ Բոլոր մանուկների համար ապահովել էին անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ, որոնցով երեխաները պատկերել են հայկական բնաշխարհն ու ժպտացող արեւներ, պետական խորհրդանիշեր, դրվագներ մայրաքաղաքի կյանքից։
Իսկ «Երեւանը՝ փոքրիկների համար» խորագրով անցկացվող հունիսմեկյան միջոցառումների շարքում «Հաղթանակ» զբոսայգում առավոտից սկսվել էր մանկական երգի ու պարի փառատոնը՝ շուրջ 1800 երեխաների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներգրավվել են Երեւանի եւ հանրապետության մարզերի տասնյակ մանկական համույթներ։ Սեփական ունակությունները բացօթյա բեմից դրսեւորելու հարցում սահմանափակումներ չեն դրվել։ Համերգային եւ պարային ծրագրերն ազատ ու բազմաժանր են եղել։ Հայկական ազգային պարերից զատ, ներկայացվել են նաեւ տարբեր ժողովուրդների պարեր։ Ի դեպ, փառատոնին մասնակից երեխաները նույնպես օգտվել են զբոսայգու տարածքում անվճար գործող զվարճախաղերից։ 
Նույն օրը կերպարվեստի բաց դաս էր կազմակերպվել Հյուսիսային պողոտայում։ Իսկ առանձին տաղավարում նաեւ կավագործության դասեր էին։ «Օգնիր ինձ երջանիկ լինել» խորագրով հեծանվարշավի նպատակն էլ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը քարոզելն էր։ Երեխաների համար դրամահավաք են իրականացրել հայտնի մարդիկ։ Դերասանները, քաղաքական գործիչները, երաժիշտներն ու հումորիստները մեկ օրով վերածվել էին պաղպաղակ վաճառողների։
Նշենք, որ հանրապետության մարզերում եւս երեխաների համար բազմաբնույթ ու բազմապիսի տոնական միջոցառումներ են տեղի ունեցել։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 487 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024