ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 17 » Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար /Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում/
13:05
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար /Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում/


Ինչպես միշտ, այնպես էլ վերջերս պաշտոնական Անկարան վերահաստատել է, որ միանշանակ կանգնած է Ադրբեջանի կողքին եւ բոլոր առումներով աջակցելու է Բաքվի կամայականություններին։ Եվ սիրիական ծավալապաշտական քաղաքականության հաջողության դեպքում չի բացառվում, որ թուրքերը կնախաձեռնեն նոր արցախյան պատերազմ՝ Ադրբեջանին դրդելով հարձակվել Հայաստանի ու Արցախի վրա։
«Մինչեւ վերջ կանգնելու ենք Ադրբեջանի կողքին»,— ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ թուրք դեսպանների համաժողովի ժամանակ, անդրադառնալով արցախյան հարցին։ Սա ասվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրների, մարտահրավերի մասին խոսելու ընթացքում։
Համաթուրքական դաշինքն էլ նպատակ ունի հասնել այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջանները, որից հետո դեմ չի լինի, որ միջազգային զորքեր տեղակայվեն Արցախում (իհարկե նաեւ թուրքական զորախմբի մասնակցությամբ), իբր երաշխավորելու արցախցիների անվտանգությունը։
Սակայն դա կարող է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ Արցախը միանգամից կմեկուսանա Հայաստանից, աշխարհից, իսկ հայությունը կզրկվի Արցախին աջակցելու անմիջական հնարավորությունից։ 
Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» զավթողական քաղաքականության ժամանակ թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչներ աջակցում էին իսլամական ծայրահեղականներին եւ կռվում նրանց կողմից Սիրիայի եւ Իրաքի դեմ։ Այդ մասին վկայում են նաեւ թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչների ռազմատենչ տեսագրությունները եւ նրանց բազմաթիվ զոհերի թաղումները։ Բաքվում հույս ունեին, որ այսպիսով կկարողանան իրենց կողմը գրավել իսլամական ծայրահեղականներին, որոնք ջիհադ կհայտարարեին Հայաստանի նկատմամբ եւ իսլամական ծայրահեղականների ահաբեկչական հարձակումներով ոչ միայն Արցախը կգրավեին նորից, այլեւ՝ Հայաստանը։
Այժմ էլ Էրդողանն ու Ալիեւը դեռ փայփայում են այդ հույսերը, վերջերս տեսաերիզներ են հայտնվել համացանցում, որում «Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում։ Հիշեցնենք, որ այս ահաբեկչական կազմակերպությունը արգելված է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ աշխարհի գերտերություններում։ 40 վայրկյան տեւող մի տեսանյութում փակ դեմքերով 3 տղամարդ երդում են տալիս ԻԼԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ—Բաղդադին, նրանց մեջքի հետեւում ծայրահեղականների խորհրդանիշներն են, ձեռքերում՝ ինքնաձիգներ…
Հարավային Ասիայում ահաբեկչության փորձագետ Ֆարան Ջեֆերին էլ Twitter ի իր էջում էր հայտնել, որ իսլամականները տեսանյութ են հրապարակել «Լավագույն ելքը բարեպաշտների համար» տեսագրությունների սերիայի շրջանակում։ «Իսլամական պետության» շարքերում կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ այլ տեսանյութեր նախկինում էլ են տարածվել, բայց սա առաջինն է, որը հենց Ադրբեջանում է նկարահանվել։
Գուցե նաեւ այս ամենը հաշվի առնելով է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատը հաստատել կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են գործածվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար։ Փոփոխությունը վերաբերում է 2020թ. ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին։ Ամերիկահայ կառույցները արդեն ողջունել են ԱՄՆ—ի Կոնգրեսի հայանպաստ օրենսդրական փոփոխության ընդունումը։
Ադրբեջանը պատասխանել է ԱՄՆ—ի կողմից Ադրբեջանին ռազմական միջոցներ տրամադրելու արգելքի նախաձեռնությանը։ «Ադրբեջանը մինչ այժմ ԱՄՆ—ից զենք ձեռք չի բերել եւ ունի այլ երկրներից առաջատար ռազմական տեխնիկա գնելու կարողություն»,— ասվում է այդ երկրի ՊՆ հայտարարության մեջ։ Նախարարությունը նշում է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ունեն հակաօդային պաշտպանության տարբեր միջոցներ, որոնք կարող են պաշտպանել երկրի օդային տարածքը եւ, անհրաժեշտության դեպքում, անմիջապես պատասխան տալ։ «Կոնգրեսական Շերմանը, հավանաբար, պետք է իմանա, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է եւ այն փաստը, որ երկար տարիներ գործում է ԻԿԱՕ արգելքն այս տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար՝ հայ—ադրբեջանական հակամարտության պատճառով»,— նշված է հայտարարության մեջ։
Իհարկե, Բաքուն դեռ անհանգստանալու խնդիր չունի, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան, Ուկրաինան եւ Բելառուսը, Իսրայելն ու այլ երկրներ զենք եւ զինամթերք են վաճառում Ադրբեջանին։
Ադրբեջանը վաղուց է պատերազմի պատրաստվում

Հայաստանից եւ Արցախից հնչող խաղաղ բանակցությունների առաջարկները շարունակում են անլսելի մնալ Բաքվում եւ Անկարայում։ Բայց, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դարձյալ հավասարության նշան են դնում խաղաղասերի եւ պատերազմ հրահրողի միջեւ։ Այնպիսի տպավորություն է, կարծես խաղաղասեր կողմին եւս տրամադրում են պատերազմի անցնելու տարբերակին։
Սա անընդունելի է, եւ Երեւանն ու Ստեփանակերտը հավատարիմ են մնում իրենց խաղաղ կարգավորման եւ փոխլրացնող արտաքին քաղաքականությանը։
Ադրբեջանը տարիներ շարունակ դրամական միջոցներ չի խնայում իր ռազմական հզորությունը մեծացնելու համար, զուգահեռ սրան, Թուրքիան եւս աջակցում է Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը։ Եթե պետք լինի, Թուրքիան ռուսական C—400—ները կտրամադրի Ադրբեջանին. հայտարարել է պաշտոնական Անկարան։
Եթե այդպես է եւ Կրեմլը չի արձագանքելու նման քայլին, ապա Անկարան կարող է Բաքվին տրամադրել նաեւ ռազմական ինքնաթիռներ, քանի որ ինչպես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային ռազմական ինքնաթիռներ վաճառել։ Ամերիկյան F—35 ռազմական ինքնաթիռները դժվար թե հասնեն Ադրբեջան, քանի որ Վաշինգտոնը սպառնում էր, որ S—400—ների ձեռքբերման դեպքում Թուրքիային կհեռացնի F—35 ռազմական ինքնաթիռների նախագծից։
Սիրիան անհանգստացած չէ Թուրքիային վաճառվող ու մատակարարվող ռուսական S—400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առնչությամբ, քանի որ ըստ ՌԴ—ում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիյադ Հադդադի. «Թուրքիան այս պահին Ռուսաստանի հետ միասին Սիրիայի հարցում երաշխավոր երկիր է եւ ձեռնարկած քայլերը երկու երկրներն իրար հետ համակարգում են։ Այդ պատճառով այս հարցը մեր հետաքրքրությունների շրջանակներում չի գտնվում»,։ Բայց Հայաստանը պետք է անհանգստանա, քանի որ մեր ռազմավարական դաշնակիցը եւÕ մեզ է զինում եւÕ մեր հակառակորդներին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին։
Մեկ այլ մտահոգություն էլ կա, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի թարմացվող կապերը կարող են վնասել Հայաստանի շահերը։ Սա կարող է նաեւ լուրջ տարածաշրջանային բախումների առիթ դառնալ, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեմ է Անկարա—Մոսկվա մերձեցմանը։ Թուրքիան ՆԱՏՕ—ի անդամ է ավելի քան 6 տասնամյակ, սակայն 2016թ. ձախողված հեղաշրջման փորձից հետո այս երկիրը հեռանում է Արեւմուտքից, որի բանտերում են հայտնվել ՆԱՏՕ—ի հետ սերտ հարաբերություններ ունեցող բանակի հարյուրավոր սպաներ։
Թուրքական մամուլը գրել է, որ «S—400 համակարգերը գնելու որոշումը պակաս կարեւոր չէր այն որոշումից, երբ մենք միացանք 20—րդ դարում Գերմանիայի գլխավորությամբ ստեղծված ռազմաքաղաքական բլոկին, կամ, երբ մենք 2—րդ աշխարհամարտից հետո ընտրություն կատարեցինք դեպի արեւմտյան երկրներ՝ ԱՄՆ—ի գլխավորությամբ»։
Նշվում է, որ Թուրքիայի սպառազինությունը պատմության ընթացքում պարբերաբար փոփոխության է ենթարկվել՝ կախված այն բանից, թե Թուրքիան, կամ ասենք Օսմանյան կայսրությունը որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է եղել։ «18—րդ դարում, երբ մենք մոտ էինք Ֆրանսիայի հետ, մեր ֆինանսական հնարավորությունների չափով բանակին մատակարարում էինք ֆրանսիական սպառազինություն։ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2—րդի ժամանակ մենք լավ հարաբերություններ ունեինք Գերմանիայի հետ եւ մեր ձեռքում եղած հրանոթները, հրացանները գերմանական էին։ Իսկ երբ մենք որոշում կայացրեցինք բարեկամանալ ԱՄՆ—ի հետ 1940—ական թթ., մեր սպառազինությունը դարձավ ամերիկյան՝ ՆԱՏՕ—ի պահանջներին համապատասխան»։
Ըստ թուրքական զլմ—ների, S—400 գործարքով եթե անգամ ՆԱՏՕ—ից դուրս գալու խնդիր չկա, ապա այնուամենայնիվ, նման գործարքով Անկարան իր հայացքը թեքում է դեպի այլ ուղղություն։ Սա նշանակում է, որ այս գործարքից հետո Ռուսաստանը միանում է այն երկրներին, որոնցից մենք նախկինում գնել ենք սպառազինություն։
Այս տրամաբանությամբ էլ գործում է Ադրբեջանը, դասեր քաղելով Թուրքիայից։ Իսկ այս տրամաբանությունը, ցավոք, այսօր գործուն է միջազգային ասպարեզում, ինչը կարող է կարգավորվել միայն խիստ միջոցների կիրառմամբ։
Բայց ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մեկնաբանելով ամերիկյան նոր սերնդի F—35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցնելու մասին որոշումը, հայտարարել է, որ թեեւ Թուրքիայի հետ խնդիրներ կան, այնուամենայնիվ, ՆԱՏՕ—ից Թուրքիային հեռացնելու հարց չկա Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգում։
Եվ ստացվում է՝ ՆԱՏՕ—ի անդամ Թուրքիան զինվում է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի կողմից, որը ՀԱՊԿ անդամ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ հայտարարում է, որ իր այս կամ այն զինատեսակը կտրամադրի Ադրբեջանին, եթե դրա կարիքը լինի։ 
Պետք է ընդգծել, որ թուրք—ադրբեջանական դաշինքը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի համար։ Թուրքիայի նախագահը ասել է, որ իրենց նպատակը «Մեծ Թուրան»—ի (Թուրքիա)» ստեղծումն է եւ ով այդ նպատակին խանգարի՝ կոչնչացվի։ Որ «Մեծ Թուրքիա»—ն իրենց ռազմավարությունն է, որը չի կարելի դիտարկել առանց «Մեծ Ադրբեջան»—ի ռազմավարության (հիշեցնենք, որ «Մեծ Թուրան»—ից բացի կա նաեւ «Մեծ Ադրբեջան» ծրագիրը)։
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարությունները Հայաստանի համար մարտահրվեր են, որը կարելի է նաեւ ի շահ հայկական դիվանագիտության օգտագործել՝ բումերանգի քաղաքականությամբ։
Հիշեցնենք, որ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել էր, թե՝ «չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»։
Պատմությունը հուշում է, որ 1920թթ. բոլշեւիկա—թուրքական բանակցությունները այն ժամանակ է եղել, երբ նախապատրաստվում էր Նախիջեւանը Ադրբեջանին կցել, իսկ Սյունիքի կցումը ձախողվում է, քանի որ Գարեգին Նժդեհը Սյունիքում կազմավորում է պետական կառույցներ եւ ինքնապաշտպանություն։ Այսպես ձախողվում է թուրքական պետությունների սահմանակից դառնալու ծրագիրը, չնայած հետագայում Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարածքների փոխանակում է կայանում (Անկարան մի քանի անգամ ավելի մեծ տարածք է տալիս), որպեսզի Թուրքիան գոնե Նախիջեւանի հետ սահման ունենա։
Այժմ, Սյունիքով սահմանակից դառնալու խնդիրը չի գործի, քանի որ այսօր Արցախի Հանրապետությունը խառնել է այդ ծրագրերը։ Եվ արդեն Անկարան ու Բաքուն խոսում են «Մեծ Թուրքիա» եւ «Մեծ Ադրբեջան» ստեղծելու (իհարկե հետագայում համաթուրքական երկիր կառուցելու) մասին։ Իսկ սա մտահոգում է ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ Եվրոպային ու ԱՄՆ—ին, ՌԴ—ին, Իրանին, Իսրայելին եւ արաբական աշխարհին, չնայած Էրդողանը փորձում է համաթուրանականությունը համադրել ինչպես համաարաբականության, այնպես էլ համաիսլամականության հետ։

Շարունակելի

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 272 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024