Հայաստանը, զարգացնելով ներկայությունը միջազգային ասպարեզում, կբարձրացնի ինքնապաշտպանության մակարդակը
Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա—քաղաքական ու ֆինանսատնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է։ Իհարկե, այս ձգտումները նոր չեն, իսկ հայերիս համար վաղուց են պարզ, սակայն նորովի առաջ քաշված օսմանական եւ համաթուրանական (մեծթուրանական) էրդողանյան նկրտումները զայրացրել են անգամ Թուրքիայի դաշնակից ԵՄ—ին եւ ԱՄՆ—ին։
ՌԴ—ն փորձում է այս հակասություններից օգտվել եւ Թուրքիայի հետ տարածաշրջանային տարաբնույթ ծրագրեր կազմել, սակայն նկատելի է, որ Մոսկվան եւս զգուշանում է Անկարայի անկանխատեսելի քաղաքականությունից։
Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, Թուրքիան լուրջ հավակնություններ ունի Սիրիայի հողերի նկատմամբ։ Նշենք, որ նման հավակնություններ կան նաեւ Իրաքի՝ նավթով եւ գազով հարուստ տարածքների նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնհայտորեն հայտարարում է, թե Սիրիայի քրդերի դեմ պայքարում կկիրառի ռազմական ուժ, չնայած դրան դեմ են արտահայտվել ե՛ւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան ու Պեկինը։
Սա վտանգավոր է ոչ միայն բուն տարածաշրջանային համապատկերում դիտարկելիս, այլեւ զուտ մեր պետության ու ժողովրդի խաղաղ գոյատեւման տեսանկյունից։ Եթե Անկարան հաջողի իր սիրիական քաղաքականության մեջ, չկասեցվի թուրքական ռազմա—քաղաքական ախորժակը, ապա առանց կասկածելու կարելի է կռահել, որ նման ծավալապաշտական քաղաքականություն հաջորդաբար կիրականացվի նաեւ Իրաքի, ապա Հայաստանի, Վրաստանի ու Կիպրոսի նկատմամբ։
Եթե մեր հարեւաններից Իրանը այս վտանգները լրջորեն է ընդունում, որոշակիորեն դիմակայում է, ապա հարեւան Վրաստանը դեռեւս հույս ունի օգտագործել համաթուրքական կապերը եւ շարունակում է եղբայրական դաշինքի մեջ մնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որը ոչ մի քայլ հետ չի մնում թուրքական քաղաքական ընդհանուր գծից։
Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ
Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինը վերջերս է անդրադարձել տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության իրական նպատակներին։ Նրա հոդվածի առաջին մասում Անկարայի՝ Սիրիայում վարած քաղաքականությունն է (նաեւ՝ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը), իսկ երկրորդ մասում՝ Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական (աշխատավորական) կուսակցության» (ՔԲԿ—PKK) թեման է։
Ամերիկացի վերլուծաբանը համոզված է, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկության բուն նպատակը ահաբեկչության դեմ պայքարը չէ, այլ Սիրիայի հողերին եւ տեղի բնական պաշարներին տիրանալը։
«Թուրքիայի համար մոտիվացիան հողն է։ Օրինակ՝ Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին նահանգում իրականացված ռազմական գործողությունը առնչություն չուներ ահաբեկչության դեմ պայքարի հետ։ Թուրքիան այնտեղ էթնիկ զտումներ իրականացրեց։ Թուրքիայի համար երկրորդ մոտիվացիան այն է, որ ռազմական գործողությունները Էրդողանի համար յուրատեսակ գործիք են՝ սեփական անհաջողությունները կոծկելու համար։ Այդ անհաջողություններից մեկն այն է, որ նա քաղաքական առումով կորցրեց Ստամբուլը, իսկ տնտեսական վիճակը Թուրքիայում վատացավ»,– նշել է վերլուծաբանը։
Թուրք-քրդական բախումները եւ ներքաղաքական խնդիրը երկրի ներսում
ՔԲԿ-PKK-ի մասին հատվածում կարեւոր է այն դիտարկումը, որ Պենտագոնի նախկին պաշտոնյան, ի տարբերություն թուրքերի, քրդական կազմակերպությունն ահաբեկչական չի համարում, ինչը զայրացրել է պաշտոնական Անկարային։
Բախումները քուրդ զինյալների եւ թուրք ուժայինների միջեւ հանգեցնում են տասնյակ նոր զոհերի ու վիրավորների։ Հատկապես քրդաբնակ շրջաններում Թուրքիայի անվտանգության ուժերի հետ ընդհարումներն ավելի հաճախակի են դարձել։ Կարելի է ասել, որ թուրք—քրդական բախումները նորից վերակենդանանում են, ինչը շատ է մտահոգում Թուրքիայի նախագահին, ում ղեկավարած քաղաքական ուժը մեծապես կորցրել է իր ազդեցությունը երկրում։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ—AKP) երկրորդ տեղում է, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ—MHP) երրորդն է, իսկ ահա, երկար տարիների դադարից հետո, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ—CHP) առաջին անգամ դարձել է երկրի առաջատար քաղաքական ուժը։ Փաստորեն, հանրության միայն 40 տոկոսն է աջակցում Էրդողանի գործողություններին, ինչը նաեւ հետագայում պակասելու միտումներ է ցույց տալիս։
Իհարկե, սա վատ չէ այն առումով, որ Թուրքիայի գործող նախագահը, որն անհանդուրժողական եւ ծավալապաշտական նկրտումներ ունի, ուժը կորցնում է երկրի ներքաղաքական ասպարեզում, սակայն չպետք է մոռանալ, որ այսօր այս երկրում այլատյացությունը եւ հատկապես հակահայկականությունը մեծ արմատներ ունեն գցած։ Գուցե հաջորդ նախագահն ավելի զուսպ լինի վերոնշյալ հարցերում, ինչը թերեւս միակ տարբերությունը կհանդիսանա, բայց դա էլ այս պահին կարեւոր է մեզ համար։
Թուրքիայի քաղաքականությունը դաշնակից Արեւմուտքի նկատմամբ
Իր ծավալապաշտական հարցերը առաջ տանելու նպատակով Անկարան դիմում է նաեւ այլ քայլերի, փորձում է շահարկել սիրիացի փախստականների առկայությունը։ Օրերս Թուրքիայի նախագահը պայման է դրել ԵՄ առաջ եւ սպառնացել, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա իր երկիրը կփոխի փախստականների հարցով քաղաքականությունը։
«Այս պահին Թուրքիայում 3 մլն 650 հազ. սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝ դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ամբողջ աշխարհը մեզ որեւէ կերպ չեն աջակցում»,–հայտարարել է Էրդողանը։ Թուրքական կողմի առաջարկով՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն գաղթական։
Պատճառաբանվում է, որ այդպիսով Թուրքիայի բեռը բավականաչափ կթեթեւանա, քանի որ իրենք բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի փախստականներ են ընդունել (բայց չեն նշում, թե դրա համար ինչքան գումարներ են ստանում միջազգային համապատասխան կառույցներից, եւ հայտնի չէ, թե քանի տոկոսն են ի նպաստ փախստականների օգտագործում)։ Ցայսօր դեռ փախստականների հոսքեր լինում են, ինչը Անկարան փորձում է նպատակայնորեն խաղարկել ԵՄ հետ հարաբերություններում։
Թուրքիայի նախագահը Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արեւելք անվտանգության գոտու ձեւավորման հարցում նաեւ ԱՄՆ—ի համար է վերջնաժամկետ սահմանել՝ մինչեւ սեպտեմբերի վերջը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ու Միացյալ Նահանգները անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոն են ստեղծել։
Փաստորեն, ըստ Անկարայի, մինչեւ սեպտեմբերի վերջը Եփրատի արեւելքում թուրք զինվորների մասնակցությամբ պետք է անվտանգության գոտի ձեւավորվի, այլապես Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան «սեփական ճանապարհով գնալը»։ Թուրքական կողմը միաժամանակ ընդգծել է, որ անվտանգության գոտու ձեւավորման հարցը 3—5 անգամ ուղղաթիռների թռիչքներով կամ 5—10 զրահամեքենայով պարեկություն իրականացնելը չէ, այլ տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը պետք է անվտանգ դարձնել (անվտանգ ասելով հասկանում են սեփական վերահսկողության տակ գտնվելը,—Ա.Մ.)։ «Մինչ մենք նպատակ ենք հետապնդում տարածաշրջանում տեղավորված ահաբեկչական կազմակերպությունն ամբողջապես ոչնչացնելու, նրանք (ԱՄՆ) հաշվարկում են, թե ինչպես ահաբեկչական կազմակերպության միջոցով մեզ կառավարեն։ Ստացվում է, որ մեր դաշնակիցը նպատակ ունի ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպության համար անվտանգության գոտի ստեղծել»,–ասել է Էրդողանը։
Ահաբեկչական կազմակերպություն ասելով Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածքը պետք է մաքրվի «PKK—ի զինյալներից եւ նրա թեւը համարվող ուժերից» (նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին), եւ այդ տարածքում պետք է վերաբնակեցվեն Եվրոպա ու այլ վայրեր գաղթած սիրիացի փախստականները։
Ահա թե ինչու Պենտագոնի նախկին պաշտոնյա Մայքլ Ռուբինի՝ ՔԲԿ—PKK—ին ոչ ահաբեկչական կազմակերպություն դիտարկելը զայրացրել էր Անկարային։
Եվ այս պատճառով էլ Էրդողանը խնդիրը ծայրահեղացրել է փախստականների հարցի մասին խոսելիս, ինչպես վերը նշեցի, նա անուղղակիորեն սպառնացել է նաեւ Եվրոպային, որ իրենց չաջակցելու դեպքում Թուրքիայում գտնվող 3 մլն 650 հազ. սիրիացիների, ինչպես նաեւ Իդլիբից 2 մլն մարդու հնարավոր ներհոսքը դեպի Եվրոպա չեն կարողանալու կասեցնել։
Շարունակելի
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am
|