Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այս անգամ գերմանացի պաշտոնյաներն էին։ Ապրիլի 18—ին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը Բունդեսթագի պատգամավորների հետ շրջեց թանգարանում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։
Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Մարտին Պետցոլդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ մանուկ հասակից լսել է Կոմիտասի մասին եւ մեծ ցանկություն է ունեցել այցելելու նրա անունը կրող թանգարան—ինստիտուտ։ Ավելին ասենք՝ նա նաեւ տիրապետում է մեր մայրենիին։ Որոշ մտքեր անգամ հայերենով արտահայտեց։
Պետցոլդն այդ ընթացքում մի բացահայտում էլ արեց՝ սիրտը հայ է, գլուխը՝ գերմանացի։ Բանն այն է, որ նրա մայրը հայուհի է։ Պաշտոնյան իրեն ե՛ւ գերմանացի է համարում, ե՛ւ հայ։
«Ես հայ ժողովրդի ցավը զգում եմ իմ մեջ եւ սրտանց իմ կարեկցանքն եմ հայտնում»,—վստահեցրեց նա՝ հավատացնելով, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթաց սկսվի։ Իսկ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է քայլեր անի։ Դա է նրա համոզմունքը։
Ըստ դեսպանի, այս պահին գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրել. «Թուրքիան պետք է այս հարցը ավելի շատ քննարկի։ Տեսնում ենք, որ քննարկումներ ընթանում են թուրք հասարակության ներսում, սակայն դրանք պետք է ավելի շատ լինեն։ Ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել ներողություն խնդրել։ Դա պետք է ներսից բխի»,— ասաց Մորելը։
Գերմանիան ցանկանում է օգտակար լինել Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններին՝ կարգավորելու իրենց հարաբերությունները։ Սա է վստահեցնում նաեւ դեսպանը՝ ընդգծելով, որ միաժամանակ Գերմանիայում հասկանում են՝ երկու երկրների միջեւ առկա են զգացմունքային եւ անձնական շատ հարցեր։
Իսկ Գերմանիայի նախագահի՝ առաջիկայում «ցեղասպանություն» բառն արտասանելուն վերաբերող հարցին պատասխանեց. «Չգիտեմ, կտեսնենք»։
Դեսպանն ասաց, որ այդ պահին հստակ ոչինչ չի կարող ասել՝ նախագահը կարտասանի՞ այդ եզրույթը, թե՞ ոչ։ Միայն հաստատեց, որ նախագահը ներկա է լինելու ապրիլի 23—ին Բեռլինում մատուցվելիք պատարագին. «Դեռեւս չգիտենք՝ ինչ կասի այնտեղ»։
Դիվանագետի խոսքերով, այս օրերին Գերմանիայում բնակչության շրջանում տարատեսակ նախաձեռնություններ են իրականացվում։ Նա նաեւ հիշեցրեց ապրիլի 24—ին Բունդեսթագում հրավիրված հատուկ նիստի մասին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։ Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ։
«Բունդեսթագում ընդգրկված բոլոր կուսակցություններն էլ քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը։ Դեռ չգիտեմ, թե ինչպիսի որոշում կարող ենք ընդունել»,—ասաց Պետցոլդը՝ նշելով, որ քննարկվելիք օրինագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
«Գերմանիայի նախագահը կմասնակցի Բեռլինում կայանալիք հոգեւոր արարողությանը, ինչն արդեն մեծ իրադարձություն է մեզ համար»,–ընդգծեց նա։
Իսկ թե ինչու հրեական ցեղասպանությունը ճանաչած Գերմանիան մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ի պատասխան պատգամավորը նշեց, որ Հոլոքոստն անմիջական կապ ունի իրենց պետության հետ, ուստի այդ թեմային անդրադարձել են ավելի վաղ։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|