Վարչապետն ընդունել է ՄԱԳԱՏԷ–ի առաքելության ղեկավարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը եւ նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում։
Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ կարեւորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետեւողականորեն կատարելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները եւ առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման եւ ՄԱԳԱՏԷ–ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ։
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը։ Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, եւ գործադիրը շարունակելու է ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ։