Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ—ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020—2030 տեսլական» խորագրով գագաթնաժողովի աշխատանքներին եւ հանդես եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի։ Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա։ Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների եւ ձեւերի մշակման գործընթացում։
Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ։ Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին, հետեւաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է։ Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին։ ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է։ Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում։
Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա։ Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որեւէ նշան ցույց չտվեց։ Ընդհակառակը, մեր ՀՆԱ—ն 2018—ին գրանցեց 5.2 տոկոս աճ։ Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել։ Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը։
2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26 տոկոսով։ Եվ վերջապես, մենք մեր բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 25,1 տոկոսով՝ ստվերային տնտեսության դեմ պայքարում մեր կառավարության կողմից ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ։
Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գործարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում»,–մասնավորապես ասել է վարչապետը։
|