ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 20:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 23 » Վարկ՝ տարածքների զարգացմանը /Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը/
12:40
Վարկ՝ տարածքների զարգացմանը /Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը/

Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով արտահերթ նստաշրջանում քննարկված մի շարք օրենքների նախագծեր, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8–ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով։
Արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Լեռնիկ Ալեքսանյանը ներկայացրել են հանձնաժողովների դրական եզրակացությունը։
Պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արտակ Զաքարյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը թեեւ դրական են գնահատել վարկային ծրագիրը, այդուհանդերձ պատգամավորներին մտահոգել է վարկային միջոցների արդյունավետ գնահատումն ու օգտագործումը։ Պատգամավորները ողջունել են վարկի տրամադրումը, քանի որ այն նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, խթանելու է ներդրումները եւ համայնքներում մի շարք խնդիրների լուծմանը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14–ին ստորագրված «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4–րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը։
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 150 000 000 ԱՄՆ դոլար՝ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20.5 քմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Խոսրով Հարությունյանը։
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները։ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ սա ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է, եւ չպետք է թերագնահատել կամ գերագնահատել այն։ Հովհաննես Մարգարյանը եւ Հեղինե Բիշարյանն անդրադարձել են «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքների որակի բարելավման անհրաժեշտությանը։ Նրանք ներկայացրել են նաեւ իրենց նկատառումները համաձայնագրի որոշ դրույթների վերաբերյալ։ ՕԵԿ խմբակցությունը ձեռնպահ կմնա համաձայնագրի վավերացման հարցում։ Արամ Մանուկյանն իր մտահոգությունն է հայտնել ծրագրի ժամկետների ձգձգման, ֆինանսական հաշվարկների խախտման, արտաքին պարտքի ավելացման, տարածաշրջանային ծրագրերի ռազմավարական նշանակության առնչությամբ։ Շիրակ Թորոսյանը կարեւորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն հնարավորություն է՝ Հայաստանը տարանցիկ փոխադրումների երկիր դառնալու համար։
Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա, համաձայնելով իր գործընկերների այն տեսակետի հետ, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունի նաեւ Իրան–Հայաստան երկաթուղին։ «Դրանք մեր տրանսպորտային ռազմավարության երկու հիմնասյուներն են. սա փաստ է։ Երկուսն էլ բխում են պետության շահերից, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ այդ ծրագրերն իրականանան»,–ասել է ԱԺ փոխնախագահը։
Տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացմանը վերաբերող մտահոգություններին ի պատասխան՝ պարոն Շարմազանովը, համաձայնելով, որ, այո, տարածաշրջանում կա տրանսպորտային խնդիր, շեշտել է, որ դրա մեղավորը մեր երկիրը չէ, այլ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը եւ Ադրբեջանի հետ ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային ծրագրերից, ինչը, պարոն Շարմազանովի համոզմամբ, չի ստացվում։
ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա անդրադարձել է տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացման խնդրին եւ ներկայացրել իր դիրքորոշումը ոլորտում իրականացվող քայլերի ու բացթողումների վերաբերյալ։
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ չկա մի հայ, ով դեմ կլինի «Հյուսիս–հարավ» ծրագրի իրականացմանը. խնդիրն արդյունավետ կառավարման մասին է։ Խոսելով Մետաքսի ճանապարհի մասին՝ նա ընդգծել է, որ այն հիմնական ռազմավարական ծրագիր է, որտեղ Հայաստանը պետք է արդյունավետորեն ինտեգրվի։ Պարոն Մելքումյանի խոսքով՝ Հայաստանը, առաջնորդվելով ազգային պետական շահով, պետք է փոխլրացնող քաղաքականություն վարի։
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Նրա գնահատմամբ՝ «Հյուսիս–հարավ» ծրագրի իրականացումը կարեւոր է երկրի տնտեսության աշխուժացման, շինարարական արդյունաբերության զարգացման, աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։ Խմբակցության քարտուղարը կարեւորել է ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը՝ նշելով, որ, իրոք, կան թերություններ։ Պարոն Մելիքյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է ծրագրին եւ հորդորում է գործընկերներին կողմ քվեարկել։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին եւ պատասխանել հարցադրումներին։
Երրորդ ընթերցումով քննարկվել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8–ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ բարելավելու էլեկտրահաղորդման ցանցի եւ համակարգի կառավարման հուսալիությունը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը։
Դրական էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է Սուքիաս Ավետիսյանը։
Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները։ Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արամ Մանուկյանը խոսել են վարկերի օգտագործման արդյունավետությունից, վարկերի վերադարձելիության հարցից, վերահսկողության անհրաժեշտությունից, էներգահամակարգում առկա կորուստներից եւ արտաքին պարտքերի ավելացումից։ Միքայել Մելքումյանը անդրադարձել է ոլորտի խնդիրներին եւ նոր վարկեր վերցնելու նպատակահարմարությանը, Հեղինե Բիշարյանը՝ վարկերի օգտագործման արդյունավետությանը, հսկողության եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների ելույթներում հնչած հարցերին, տվել պարզաբանումներ։
Արեգ Գալստյանի ներկայացմամբ՝ երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը։ Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում /մոնիթորինգ/ իրականացնելու հնարավորություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը եւ Արմեն Բաբայանը։ Առաջարկվում է ի գիտություն ընդունել «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» եզրակացությունը եւ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները։ Հանձնարարել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին՝ իրականացնելու եզրակացությամբ արված առաջարկությունների քննարկում Հայաստանի Հանրապետության կառավարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ եւ առաջարկությունների կատարման արդյունքների մասին մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն։ Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը։
Նախագծի քննարկումը կշարունակվի այսօր։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 426 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024