Արդյոք Օբաման կաջակցի՞ Հռոմի պապին, թե՞ կպաշտպանի Թուրքիայի իսլամիստ նախագահ Էրդողանին։ Նման հարցադրմամբ է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր անդրադարձը սկսում «New York Post» պարբերականը։
Պարբերականի դիտարկմամբ՝ ուղիղ 100 տարի առաջ այս ամսին թուրքական զինվորները սկսեցին հայերի ջարդերը։ Չորս ամիս անց ավելի քան 800 հազար հայր էր սպանվել, իսկ ընդհանուր գնահատականներով՝ սպանված հայերի թիվը գերազանցում էր 1.5 մլն—ը՝ տեղաբնիկ հայերի մոտ 90 տոկոսը։
«Թուրքիան երբեք չի խոստովանել մարդկության դեմ գործած այս հանցագործության իրական էությունը՝ ձեւացնելով, թե հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմում։ Դա չեն ճանաչում նաեւ շատ երկրների նախագահներ։ Տխուր է խոստովանել, որ նրանց շարքում է նաեւ նախագահ Օբաման, ով իր նախորդների նման հայկական Հոլոքոստի հիշատակմանը նվիրված ճառում չի հնչեցնի ցեղասպանություն բառը»,–գրում է պարբերականը։
Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է 2008 թվականի նախընտրական արշավի շրջանակներում դեռ այն ժամանակ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին տրված խոստումը՝ նկատելով, որ «Օբաման յոթ տարի անց դեռ մնում է այն նախագահը, ով պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Պարբերականը զուգահեռներ է անցկացնում Հռոմի Ֆրանցիկոս պապի եւ Օբամայի միջեւ, նշում, թե ինչպես պապը հստակորեն Հայոց ցեղասպանությունը հայտարարեց որպես 20—րդ դարի առաջին ցեղասպանություն։ Նաեւ վկայակոչում է նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը եւ գրում. «Վաշինգտոնի լռությունը խլացնող է եւ խորապես հիասթափեցնող»։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, «Tert.am»—ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի վերաբերյալ, ասել է, թե պարզ է, որ Անկարան, Վաշինգտոնը, Լոնդոնը այնպիսի դիրքորոշում ունեն, որ «ցեղասպանություն» բառը չօգտագործեն։
Պատասխանելով հարցին, թե կա՞ն նախադրյալներ, որ Թուրքիան կարող է զիջումների գնալ, Ռիչարդ Կիրակոսյանն ասել է. «Դա «եթե»—ի հարց չէ, այլ «երբ»—ի հարց է. թե երբ Թուրքիայի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ Իսկ թե ե՞րբ, ապա ըստ նրա՝ այդ հարցը պետք է տալ Թուրքիայի քաղաքականությանը։
«Միջազգային ճնշումը Անկարայի վրա այս միջոցառումների արդյունքում կարծում եմ, որ կուժեղանա»,–նշել է նա։
Անդրադառնալով թուրքական իշխանությունների՝ Գալիպոլիի ճակատամարտի 100—ամյակի միջոցառումներին, նա նկատել է. «Դա մեծացրեց ուշադրությունը Հայոց ցեղասպանության ապրիլի 24—ի իրադարձությունների, 100—րդ տարելիցի հիշատակման միջոցառումների նկատմամբ եւ թուլացրեց Գալիպոլիի նկատմամբ ուշադրությունը։ Միջազգային առաջատար քաղաքական գործիչներն ավելի շուտ հակվեցին Հայաստան գալուն, քան Թուրքիա մեկնելուն»։
|