Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համատեղ աշխատանքից
եւ ընդգծել հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, նման հայտարարություն արել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն 103—րդ լիագումար նիստում, որի օրակարգում էր նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը։
Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորել զեկուցողների խմբին՝ հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Կ. Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն քննարկված սահմանադրական փոփոխությունները։
Նշյալ նիստի քննարկման առարկա է դարձել նաեւ Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18—ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին կայացած հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը թուրքական դատարաններից, դատախազներից եւ փաստաբաններից մեծաքանակ նամակներ է ստացել առ այն, որ վերջիններս հետապնդումների են ենթարկվում։ Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքում 2014թ. փետրվարին կատարված փոփոխությունների արդյունքում գործադիր իշխանությանը հսկայական լծակներ են ընձեռվել՝ միջամտելու դատական իշխանության գործառույթների իրականացմանը։
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել բյուրոյի կողմից ներկայացրած հայտարարությանը, որով դատապարտվում են Թուրքիայում դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները։
|