Գլխավոր էջ » 2015»Հունիս»26 » Խաղաղ երթի հերթական օրը /Հավաքի մասնակիցները պնդել են իրենց պահանջը/
14:55
Խաղաղ երթի հերթական օրը /Հավաքի մասնակիցները պնդել են իրենց պահանջը/
Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երեկ շարունակվել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի խաղաղ ակցիան։ Առավոտյան իրավիճակին ծանոթանալու նպատակով այստեղ է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հույս է հայտնել, որ այսուհետ եւս հավաքը կունենա խաղաղ բնույթ եւ հիմքեր չի ստեղծի ուժ կիրառելու համար։
Ցերեկը հավաքի մասնակիցների շրջանում ակտիվորեն քննարկվում էր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած խոսքը՝ էլեկտրաէներգիայի թանկացման օբյեկտիվ պատճառների ու կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների դրամական նպաստը ավելացնելու մասին։
Երեկոյան, չնայած տեղացած անձրեւին, հավաքի մասնակիցները շարունակել են մնալ պողոտայում՝ վանկարկելով կոչեր՝ թանկացման մասին որոշումը չեղարկելու վերաբերյալ։ Եղել են ելույթներ, մասնակիցները որոշել են շարունակել ակցիան մինչեւ իրենց պահանջի կատարումը։ Ցուցարարները շարունակել են համագործակցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ հասարակական կարգը պահպանելու եւ սադրանքներ թույլ չտալու համար։