ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ. «Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2—ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին։
Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։
Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանը ասել է. «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ պաշտոնակիցներին իրենց կատարած այս հատկանշական քայլի համար՝ հուսալով, որ այս որոշմամբ մասամբ մխիթարել ենք մեր 1,5 միլիոն եղբայրների եւ քույրերի, մեր հավատի եւ ազգի նահատակների ոգիները»։