
Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1–ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, այնուհետեւ Կիպրոսի հայոց առաջնորդարանում հանդիպել է Հայկական կրոնական խմբի կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը հանդես է եկել ողջույնի խոսքով եւ շնորհակալություն հայտնել Կիպրոսի հայերին՝ ազգապահպանության գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար։ Խորհրդարանի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին։ Խոսելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Գալուստ Սահակյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը։
Հանդիպման մասնակցիները շնորհակալություն են հայտնել խորհրդարանական պատվիրակությանը Կիպրոսի Հանրապետություն այցելելու համար։ Այնուհետեւ ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հարցեր։ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է, որ հայ զինվորը մինչ օրս որեւէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը։
|