Արամ Խաչատրյանի 5—րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով։ Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Փառատոնը բացվեց երեկ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Շատ ոգեւորված ենք, ու կարծում եմ՝ հիանալի համերգ է մեզ սպասվում։ Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել։ Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգությունից»։ Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է։ Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատի»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը. «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, եւ այն ներկայացնել համերգին, պարզվեց, որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն։ Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»։
|