Երեկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ավստրիայի ազգային խորհրդի՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկային, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ—ավստրիական հարաբերությունների առկա մակարդակը՝ ընդգծելով խորհրդարանական ձեւաչափում դրանց ակտիվացման կարեւորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռայնհոլդ Լոպատկան նշեց, որ Ավստրիայի խորհրդարանականները կարեւորում են Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության սերտացումը, երկու պետությունների միջեւ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացումը։
Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի շրջանակներում ամբողջ աշխարհում կազմակերպվող ոգեկոչման միջոցառումները եւ դրանց խորհուրդը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ նշեց Ավստրիայի ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ հայտարարության ընդունումը, որին իրենց կարեւոր նպաստն են բերել նաեւ Ռայնհոլդ Լոպատկան եւ իր ղեկավարած կուսակցությունը։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությունը։ Անդրադարձ արվեց տարածաշրջանային հարցերի։