Երեկ՝
առաջադրումների վերջին օրը, ամբողջացավ խորհրդարանական ընտրություններին
մասնակցող քաղաքական ուժերի ցանկը։ Ժամը 18։00—ին Կենտրոնական ընտրական
հանձնաժողովը եւ բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները
դադարեցրել են թեկնածուներից առաջադրման փաստաթղթերի ընդունումը, ինչը
սկսվել էր մարտի 12—ից։ Այսպիսով, մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն եւ 1 դաշինք։ ԿԸՀ
իրենց համամասնական ցուցակները ներկայացրեցին ՀՅԴ—ն, ՀՀԿ—ն
«Ժառանգություն—«Ազատ դեմոկրատներ»—ը, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը, ՕԵԿ—ը։ Մինչ այդ այդ
գործն արել էին Դեմկուսը, Կոմկուսը, «Միավորված հայերը»։ Այսպես,
ԿԸՀ—ում ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը հաստատել է, որ ՀՀԿ ցուցակում
ներառված է 253 մարդ։ Նրա խոսքով, այն գրեթե չի տարբերվում նախապես
հրապարակված ցուցակից։ ՕԵԿ պատախանատու Գուրգեն Սարգսյանը հայտնել է, որ
ցուցակում 178 մարդու անուն է ներառված, այն գլխավորում է կուսակցության
առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Ռուբեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ իրենց ցուցակը կազմված է 165 հոգուց։ ԿԸՀ
փաստաթղթեր է հանձնել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ
Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ՀԱԿ—ի ցուցակը բաղկացած է 120 անձից։ ԿԸՀ
անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելիս «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ
Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ
Սեդրակյանը հայտնել են, որ օրերս հրապարակած համատեղ ցուցակում որեւէ
փոփոխություն չի եղել, այն միասնական է։ ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել նաեւ ՀՅԴ—ն՝ 85 հոգանոց համամասնական ցուցակով։ Կուսակցությունների, դաշինքների, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կավարտվի ապրիլի 1—ին։
|