2007թ.-ի մարտի 25-ին կյանքից հեռացավ ՀՀ նախկին վարչապետ,
պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը: Սակայն նրա մահից հինգ
տարի անց էլ մեծ է կորստի ցավը: Անդրանիկ Մարգարյանը մեծ քաղաքական գործիչ
էր, մտավորական: Ընկերները նրան «իսկական հայ» էին անվանում: Անդրանիկ
Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ
գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին: Մարդ, ով ցանկացած շահ
ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից:
Անդրանիկ Մարգարյանը հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ
1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային
միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին
ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի
դեմ պայքարելու մեղադրանքով։
1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված
կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։
1993-1997 և 1998-2005թթ.`ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ
նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ
կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական
գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ
ինժեներ, 1977-78-ին` Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում
որպես գլխավոր ինժեներ, 1978-79-ին` Էլեկտրատեխնիկականգործարանի
էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին` Առևտրի
նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի
բաժնի վարիչ, 1990-94-ին` Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն
բաժնի ղեկավար, 1994-95-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի
կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին` ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր,
1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած
«Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին` ՀՀ վարչապետ:
2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է
պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն
կառավարությունը։
Ա.Մարգարյանը կհիշվի որպես մեր նորագույն պատմության մեջ ազգային
դիմագծով, ուրույն ձեռագրով ու ընդգծված անհատականությամբ առանձնացված
ակնառու ազգային, պետական, քաղաքական գործիչ: