Երբեք
հեղափոխական փոփոխությունների ճանապարհը որեւէ երկրում չի հանգեցրել
վերջնական դրական փոփոխությունների, ինչի վառ վկայությունն են արաբական
երկրներում վերջին շրջանի զարգացումները։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի
ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Մանվել Բադեյանը։ Վերջինիս կարծիքով, երկրի զարգացման միակ ճանապարհը էվոլյուցիոն, «վերեւից» կատարվող փոփոխություններն են։ Նա
շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունը, որպես իշխող ուժ, գիտակցում է,
որ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, ինչի մասին են վկայում ՀՀԿ 13—րդ
համագումարում հնչեցված շեշտադրումները։ Ըստ Մանվել Բադեյանի, այս
փաստը գիտակցում է եւ հեղափոխական ճանապարհից որեւէ լավ բան չի ակնկալում
նաեւ ժողովուրդը։ Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին,
բանախոսը նշեց, որ ՀՀԿ—ն պայքարելու է բացառապես քաղաքական մեթոդներով եւ
բացառելու է ընտրակեղծիքներն ու օրինախախտումները։ Բադեյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցությունը կհաղթի առաջիկա ընտրություններում։ Հայաստանի
հանրապետական կուսակցության համագումարը յուրօրինակ հաշվետվություն էր
կուսակցության գործունեության, տարվող արտաքին եւ ներքին քաղաքականության
հետ կապված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ
հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը
նշել է, որ շեշտադրումները վերաբերում էին հայ–թուրքական
հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին,
ղարաբաղյան հիմնախնդրին։ «Բոլոր շեշտադրումները բավականին համարձակ էին եւ ընդգծվեց յուրօրինակ պատասխատվության զգացումը»,–ասել է Սահակյանը։ Անդրադառնալով
կարգախոսին՝ «Հավատանք, որ փոխենք», ՀՀԿ պատգամավորը նշել է, որ մամուլը
շատ մակերեսորեն էր հասկացել այն՝ վերածելով բառախաղի։ «Իրականում
կարգախոսի գաղափարը ավելի խորն է։ Մենք հավատացինք ու անկախացանք, եւ պետք է
մեր «ես»—ը չկորցնելով՝ կարողանանք ճիշտ ժամանակին փոփոխվել»,–նշել է
Սահակյանը։ Նրա խոսքով՝ կարգախոսը վերաբերում է բոլորին՝ չսեւացնելով որեւէ մեկին եւ ձեւավորելով նոր քաղաքական մշակույթ։
|