Մարտի
1—ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի
հերթական նիստում քննարկվեցին մի շարք հարցեր եւ ընդունվեցին համապատասխան
որոշումներ։ Հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011
թվականի օգոստոսի 11—ի՝ «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի
պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ
շարադրանքը սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ
լրացումներ կատարելու մասին որոշումը։
Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է ընտրատարածքի համարը։ Նիստում
միաձայն որոշում կայացվեց ԿԸՀ 2006 թվականի մարտի 16—ի թիվ 4—Ա որոշման
մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նոր որոշմամբ հանձնաժողովի
«Համակարգչային ծառայությունների եւ տեղեկատվության վերլուծության
վարչություն» անվանումը կփոխարինվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ու
տեղեկատվության վարչություն» անվանմամբ։ Նոր որոշումը, ԿԸՀ նախագահ
Տիգրան Մուկուչյանի խոսքով, ընդամենը նպատակ ունի հանձնաժողովի
աշխատակազմում համապատասխան կառուցվածքային փոփոխության իրականացման, ինչը
կատարվում է հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու
համար։ Մյուս որոշումը վերաբերում էր անձը հաստատող փաստաթուղթը
դրոշմակնքելու գործընթացի կանոնակարգմանը։ Գործող կարգի համաձայն՝
քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը ծրարը
կնքում եւ քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի
անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ
դրոշմանիշի բացակայությունը ստուգելուց եւ բացակայության դեպքում անձը
հաստատող փաստաթղթում դրոշմակնքում կատարելուց հետո։ ՀՀ ընտրական օրենսգրքի
կանոնակարգումների համաձայն՝ վստահված անձինք իրավունք ունեն տվյալ
տեղամասում պահանջելու եւ ստուգելու նաեւ ընտրության ներկայացած ընտրողի
անձը հաստատող փաստաթուղթը, եւ այս առումով, պայմանավորված այն
հանգամանքով, որ դրոշմակնքում պիտի իրականացվի անձնագրերում, խնդիր
առաջացավ ապահովելու միասնականություն, որը նաեւ կդյուրինացնի
հանձնաժողովների կողմից աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաեւ նիստերին
ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կողմից իրենց համապատասխան
վերահսկողական իրավասությունների առավել արդյունավետ իրականացումը, այս
առումով էլ դրոշմակնքման միասնական եղանակի անհրաժեշտությունը։ Անձնագրի
32—րդ կամ դրան հաջորդող «անձնագիրը ՀՀ սեփականությունն է» բառերը
պարունակող էջի վրա։ Անձնագրին փոխարինող փաստաթղթի՝ 9—րդ ձեւը
ներկայացնելու պարագայում դրոշմակնքումը կկատարվի լուսանկարը պարունակող
էջի վրա, իսկ զինծառայողների պարագայում՝ զինգրքույկի կամ զինվորական
վկայականի երրորդ էջի վրա։ Նիստի ընթացքում նաեւ քննվեցին քաղաքացի Ռուբեն Թորոսյանի՝ ընտրական գործընթացներին վերաբերող դիմում—բողոքները։ Քաղաքացին անձամբ ներկայացել էր ԿԸՀ հերթական նիստին։ Նա բանավոր կերպով եւս մեկ անգամ ներկայացրեց իր դիմումները։ Հանձնաժողովի անդամները դրանք մերժեցին հստակ պատճառաբանությամբ, որ անհիմն են։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|