Հայաստանի
հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական–քաղաքական գործիչ Աշոտ
Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Տիգրան
Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն։ Նրան ուղեկցում էին ԱԺ ՀՀԿ
խմբակցության անդամներ, շարքային կուսակցականներ, հարազատներ եւ ընկերներ։
Վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին՝ հարգանքի տուրք
մատուցելով նրա հիշատակին։ Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին։ Աշոտ
Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում այսուհետեւ կգործի թանգարան, որի
բացումը տեղի ունեցավ պետական—քաղաքական գործչի ծննդյան 62—ամյակի
կապակցությամբ։ Այդտեղ լուսանկարների, գրքերի, փաստաթղթերի միջոցով
ներկայացված են նրա կյանքի առանձին դրվագներ։ «Թանգարանի առաքելությունը
ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլեւ կենդանի լսարան դառնալն ու
որպես ազգային դաստիարակության կենտրոն ծառայելը։ Մենք խնդիր ունենք մեր
երիտասարդ սերնդին ներարկելու ազգային գաղափարախոսության այբուբենը։ Եվ
հատկապես մեր դարաշրջանում, երբ բարեկրթության, դաստիարակության
արժեհամակարգի ճգնաժամն է մեր դուռը թակում, ավելի լավ քարոզչություն
Հայաստանի նորագույն պատմության էջերում իրենց անջնջելի հետքը թողած
մարդկանց օրինակով, չի կարող լինել։ Եվ Աշոտ Նավասարդյանի օրինակը
լավագույն կենդանի դասն է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե
ինչպես մարդիկ տոգորված եւ ներծծված լինելով ազգայինով, ապրում են՝
լուսավորելու ուրիշների ճանապարհը։ Այսօր իր բացած ճանապարհով հազարավոր
մարդիկ են քայլում։ Գործի հավերժությունը իր ունեցած գաղափարների
հավերժության մեջ է։ Մեր նորագույն պատմության մեջ պետական գործիչների թիվը
մատների վրա կարող ենք հաշվել։ Աշոտն իր ուրույն տեղն ունի այդ
ցանկում»,–ընդգծեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Այդ ցանկի «Աշոտ Նավասարդյան» անունը պետք է օրինակ ծառայի հատկապես կյանքի փուլերով դեռ նոր—նոր անցնող աշակերտների համար։ «Դպրոցում
աշխատելու մի քանի ամիսների ընթացքում ինձ համար բացահայտեցի մի պարզ
ճշմարտություն. մեր ազգն ունի շատ մեծ ներուժ՝ ի դեմս երիտասարդ սերնդի։
Կարծում եմ, որ հանրակրթությունից բացի, պետք է ստեղծենք համապատասխան
միջավայր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար։ Այդ նպատակով որոշեցինք
բացել թանգարան, որտեղ բազմաթիվ նյութեր կան Աշոտ Նավասարդյանի անձնական
կյանքից՝ իր հակասովետական քարոզչությունից մինչեւ իր մահվան օրը։ Բոլոր
հետաքրքիր նյութերը այստեղ են։ Թանգարանը բաց է լինելու ոչ միայն դպրոցի,
այլեւ բոլոր հետաքրքրվողների եւ ուսումնասիրողների համար»,–նշեց դպրոցի
տնօրեն, Աշոտ Նավասարդյանի դուստր Անուշ Նավասարդյանը։ Այդ
ուսումնասիրությունները քաղաքական, պետական, ազգային գործչի կերպարը
կհամադրեն ընտանիքին նվիրված հոր, հավատարիմ ամուսնու կերպարին։ «Աշոտին
ես երազել էի ունենալ։ Երազում էի ունենալ այնպիսի ամուսին, որը ազգային
արժեքներ կրի, հայրենասեր եւ ազնիվ լինի։ Այդ հայտնությունը հայրս արեց ինձ
համար։ Աշոտը աշխատում էր հայրիկիս մոտ, եւ մի օր հայրս ասաց, որ գտել է
այն ասպետին, որն ինձ կերջանկացնի։ Թողեցի դպրոցը, որտեղ դասավանդում էի եւ
տեղափոխվեցի այնտեղ, որտեղ Աշոտն էր աշխատում։ Նա էլ ինձ էր սպասում։ Նրա
մեջ գտա ե՛ւ համարձակություն, ե՛ւ ազնվություն, ե՛ւ անմնացորդ
նվիրվածություն իր հայրենիքին։ Ես, որպես կին, հասկանալով նրա ծանրաբեռնված
լինելու փաստը, նրան զերծ էի պահում կենցաղային բոլոր խնդիրներից։ Այստեղ
է, որ պետք է ասեմ՝ այն քաղաքական գործիչը, ով ուզում է հաջողություն
ունենալ, կնոջ հետ միասին պետք է նայի նույն կետին, ծառայի նույն նպատակին
եւ սիրելու կարողություն ունենա»,–հավելեց ՀՀԿ հիմնադրի այրի Հասմիկ
Նավասարդյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|