«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22—24—ը Հայաստանում է գտնվում շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Նրան ուղեկցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարներ։
Հունիսի 22—ին նորվեգացի շախմատիստն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ծաղիկներ դրեց շախմատի աշխարհի եւ օլիմպիական բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին։ Այնուհետեւ շախմատի գործող չեմպիոնը կայծակնային շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի մինչեւ 12 տարեկան սաների հետ։ «Ակրոնիս» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը ընկերության ծրագրային փաթեթներ նվիրեց շախմատի ակադեմիային։
Երեկ շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, նորվեգացի գրոսմայստերը եւ շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը, ում գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն, այցելեցին Տաթեւի վանք, որտեղ ծանոթացան միջնադարյան վանական համալիրի պատմությանն ու ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Այնուհետեւ գրոսմայստերները տեղի բնակչության եւ հոգեւորականների հետ անցկացրեցին շախմատի միաժամանակյա խաղ՝ 10 խաղատախտակի վրա։
Տաթեւում աշխարհի չեմպիոնը նշեց, որ բավականին մեծ խանդավառություն է նկատել Հայաստանի երիտասարդության մոտ շախմատի նկատմամբ։ Նրա խոսքով՝ աշխարհը պետք է օրինակ վերցնի Հայաստանից՝ շախմատը դպրոցներում դասավանդելու փորձի համար։ Նույն օրը շախմատիստները հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ եւ կիսեցին իրենց տպավորությունները։
Լեւոն Արոնյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մ. Կառլսենին՝ Հայաստան այցելելու համար, ինչի արդյունքում աշխարհի չեմպիոնն իր աչքերով տեսավ, թե ինչու ենք մենք այդքան լավ շախմատ խաղում ու սիրում այս խաղը։ Աշխարհի չեմպիոնը նույնպես համաձայնեց, որ առաջին տպավորությունը՝ Հայաստանում շախմատի նկատմամբ մեծ խանդավառություն ու սեր կա։
«Սա մի երեւույթ է, որով կարող է զմայլվել ամբողջ աշխարհն ու հավակնել հասնելու դրան՝ ներառյալ Նորվեգիան։ Վերադարձանք շրջագայությունից, շատ գեղեցիկ տեղ էր Տաթեւը, եւ ինչ—որ իմաստով ինձ հիշեցրեց հայրենիքս։ Այս երկրում շախմատային մշակույթն ուղղակի ապշեցուցիչ է, եզակի երեւույթ աշխարհի համատեքստում»,–ասաց չեմպիոնը։
Շուտով Նորվեգիայում կմեկնարկի շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Լ. Արոնյանը նշեց, որ Հայաստանի հավաքականի սպասումները նույնն են լինելու, ոչ մի այլ նպատակ՝ բացի հաղթանակից։ «Պետք է պայքարենք հաղթանակի համար, եւ շատ հաճելի է, որ լինելու ենք Նորվեգիայում, որովհետեւ այնտեղի լեռները, որոնք շատ նման են մեր հայկական լեռներին, մեզ ուժ կտան։ Երեք մրցաշար եմ իրար հետեւից անցկացրել եւ այս 10 օրում պետք է փորձեմ վերականգնել ուժերս՝ օլիմպիադային լավ պատրաստվելու համար»,–ասաց Արոնյանը։
Մ. Կառլսենն իր խոսքում նշեց, որ Հայաստանը վերջերս աշխարհի լավագույն երկրներից է շախմատում՝ իր թիմով հանդես գալով օլիմպիադաներում եւ առաջնություններում. «Մենք վաղուց էինք կանխաճաշակում Նորվեգիայում այս մրցաշարը, կարծում ենք՝ օլիմպիադան լավ կանցնի ու դրական դեր կխաղա նաեւ ապագայի համար։ Նորվեգիայի թիմի հավակնությունները բավականին համեստ են։ Գոնե մի նպատակ կարող է լինել՝ փոքր—ինչ լավացնել մեր միավորները Հայաստանի թիմի համեմատ, քանի որ երբ 2006թ. խաղացինք Հայաստանի հավաքականի հետ, տանուլ էինք տվել 4։0 հաշվով»։
«Նորվեգիան շախմատային երկիր չէ։ Ինչպես ստացվեց, որ ձեւավորվեց Կառլսենի հանճարը»,–լրագրողի հարցին ի պատասխան աշխարհի չեմպիոնը նկատեց. այն փաստը, որ տարբեր երկրներում շախմատիստներ են ծնվում, մասամբ կարող է բացատրվել նաեւ տեղեկատվական մեր դարաշրջանով. «Սակայն ես ինքս ինձ այս դարաշրջանի ծնունդ չեմ համարում։ Իմ բախտը բերեց, որովհետեւ իմ բնակավայրի հարեւանությամբ լավ շախմատային միջավայր էր ստեղծվել, իսկ հայրս ինչ—որ չափով շախմատ խաղում էր եւ ինձ սկզբունքները սովորեցրել էր։ Մնացածն արդեն մրցույթների փորձից ու վերլուծություններից էր, ու դա ինձ մոտ շատ ավելի շուտ եկավ, քան այն ժամանակը, երբ ես սկսել էի օգտվել համակարգչից ու համացանցից»։
Անդրադառնալով Լ. Արոնյանի հետ առաջին հանդիպմանը՝ Մ. Կառլսենը պատմեց, որ 2004թ. աշխարհի առաջնության առաջին փուլում է հանդիպել Լեւոնին. «Նա այն ժամանակ այնքան լավ չէր խաղում, որքան հիմա, սակայն մյուս կողմից՝ ես ընդամենը 13 տարեկան էի։ Ինքն ինձ առաջին խաղում գերազանցեց, սակայն ինձ հաջողվեց հասնել ոչ—ոքիի՝ փրկելով իրավիճակը։ Երկրորդ խաղը նույնպես ոչ—ոքի ավարտվեց ու երրորդը խաղացինք, եւ ես տանուլ տվեցի, ու սիրտս կոտրվեց։ 2007թ. աշխարհի առաջնության փուլից Լեւոնն ինձ դուրս թողեց, շատ երկար ու հետաքրքրական մրցաշար էր։ Դրանից հետո շատ այլ հետաքրքրական մենամարտեր ենք ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը չեմպիոնական չէր»։
Վերջում չեմպիոնը նշեց, որ շախմատը ողջ է ու չի պատրաստվում «մահանալ», ամեն մրցույթում լավ մարտեր են տեղի ունենում, եւ դրանց ելքը բոլորովին կանխորոշված չէ համակարգչային նախապատրաստմամբ. «Շախմատը լավ մարզավիճակում է ներկայումս, ես ու Լեւոնը կողմնակից ենք մարտական շախմատի, եւ չեմ կարծում, թե համակարգիչները դրան սպառնում են»։
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հունիսի 22—ին շախմատային բլից պարտիայում պարտության էր մատնել Մ. Կառլսենին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել էր գրառում։
«Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր։ Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կառլսենի եւ իմաստուն խաղի հայ արքա Լեւոն Արոնյանի հետ։ Սա անմոռանալի է։ Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի՝ Մագնուս Կառլսենի նկատմամբ։ Իհարկե, դա պատահականություն էր, իհարկե՝ աստղերի որոշակի դասավորություն էր եւ այլն։ Բայց այն առաջին հերթին նախախնամության կամքն էր՝ աշխարհի բացարձակ չեմպիոնին փոխանցելու երկու ուղերձ»,–գրել է պատգամավորը։
Առաջին ուղերձը Հայաստանի՝ շախմատային գերտերություն լինելն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացող մարդկանց։
Եվ երկրորդը՝ «Սա հուշում է, որ Մագնուս Կառլսենի շախմատային արքայությունը կավարտվի հենց մեր ձեռքով»։
***
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է հուշանվերով՝ նախօրեին շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունն առաջին լրատվամիջոցն էր, որ պարգեւատրումից անմիջապես հետո զրուցեց շախմատի արքային հաղթելու բերկրանքը վայելած պատգամավորի հետ։
–Պարոն Վարդապետյան, երեկ դուք կարողացել եք հաղթանակի հասնել շախմատի աշխարհի չեմպիոնի նկատմամբ, որը շատերի զարմանքն ու հիացմունքն առաջացրեց։ Նախ կցանկանայի իմանալ, երբվանի՞ց եք սկսել շախմատ խաղալ, եւ ի՞նչ դեր ունի այն ձեր կյանքում։
–Ես շախմատ սկսել եմ խաղալ դեռեւս դպրոցական տարիքից՝ երկրորդ—երրորդ դասարանից։ Ծնվել եմ Ջավախքում, մանկավարժի ընտանիքում, եւ շախմատը մեր ընտանիքում ընդունված է եղել։ Ոչ միայն ընտանիքում, այլ նաեւ մեր գյուղում էր ընդունված։ Ես հիշում եմ, որ մասնակցում էինք մրցումների, եւ ինձ համար գերնվաճում էր, որ ես դարձա շրջանի դպրոցականների հաղթող։ Եվ նաեւ գավաթ եմ բերել այն դպրոցին, որն ավարտել եմ։ 1983թ. մարտին մասնակցել եմ նաեւ Վրաստանի շախմատային սպարտակիադային, որտեղ կիսել եմ 2—3—րդ հորիզոնականները։ Հիմա խաղում եմ միայն սիրողական մակարդակով իմ ընկերների հետ։ Երեւի իմ գեներից մի փոքր փոխանցվել է որդուս, որովհետեւ 9 տարեկանում համահայկական խաղերի ժամանակ նա չեմպիոն դարձավ։ Այնպես որ ինձ համար նոր իրողություն է Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակը։ Այդ պարտիայի հաղթական ավարտը ինձ մոտ գլխապտույտ է առաջացրել։ Եվ սա հավանաբար նաեւ այն մեսիջն է աշխարհի բացարձակ չեմպիոնին, որ գահը պետք է շուտով ստանձնի հայկական շախմատի արքան՝ Լեւոն Արոնյանը։ Այն քաղաքական թիմի (որը ես ներկայացնում եմ) ղեկավարը եւ Հայաստանի Հանրապետության նախագահը նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարն է։ Անխոս, նրա հետ չեմ խոսել, սակայն իմ թիկունքում զգացել եմ նրա աջակցությունը։ Քիչ առաջ էլ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ էի, ով շնորհավորեց ինձ այդ հաղթանակի կապակցությամբ եւ հուշանվերով պարգեւատրեց։
–Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հետ խաղալու հնարավորություն կունենաք եւ կհաղթեք։
–Անկեղծ ասած՝ ոչ։ Դա ինձ համար վարդագույն երազ էր, որից դեռ ուշքի չեմ գալիս։ Սակայն գիտեմ, որ հետաքրքիր ու անհավանական մի բան է տեղի ունեցել։
–Դուք նշեցիք, որ շուտով աշխարհի շախմատային գահը պետք է ստանձնի հայկական շախմատի արքա Լեւոն Արոնյանը։ Դուք դրան հավատո՞ւմ եք։
–Միանշանակ, ոչ միայն հավատում եմ, այլ արդեն զգում եմ։ Այդ պահը շատ հեռու չէ։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|