Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը եւ միջանկյալ արդյունքները։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի եւ բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր։ Նա նաեւ բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ—ԱՅ—ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը։
Գագիկ Հարությունյանը հայտնել է նաեւ, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաեւ քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ։
Հանձնաժողովի անդամները եւս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձեւաչափը եւ աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին։ Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարեւորությունը, ինչպես նաեւ լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով։
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են։ Նա նաեւ կարեւորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաեւ երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը։ Հանրապետության նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|