Ի՞նչ
ասել է «առավել ներգրավված եւ ակտիվ» լինել Ղարաբաղի կարգավորման հարցում.
խոսքը ԵՄ—ի եւ կառույցի անդամ—երկրների կողմից վերջին շրջանում հնչող
հայտարարությունների մասին է։ Թեպետ ԵՄ երկիր Ֆրանսիան ներկայացված է
կարգավորման միջնորդական խմբում, այդուհանդերձ, Եվրոպական միության
պաշտոնյաները խոսում են «առավել ակտիվ» ներգրավվածության եւ ազդեցության
մասին։ Այս մասին խոսվում է նաեւ օրերս ԵՄ արտաքին գործերի խորհրդի
ընդունած որոշման մեջ։ Ավելին, փաստաթղթում Եվրամիությունը ցանկություն է
արտահայտում իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից
շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն ստանալ։
Արտաքին գործերի խորհուրդը առաջարկում է մշակել Լեռնային Ղարաբաղում
խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք
Եվրամիության հետագա ներգրավվածության հիմք են դառնալու։ Այս
կապակցությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր
քարտուղար Մայքլ Քամբեքը կարեւորել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է
ազատ մուտք դեպի Ղարաբաղ, Հայաստանի հետ արտոնագրերի ռեժիմի պարզեցում,
ազատ առեւտուր եւ ժողովրդավարության զարգացում. «Եվրոպական խորհրդի
հայտարարությունը նկարագրում է ոչ միայն Եվրամիություն—Հայաստան
հարաբերությունների մի նոր որակը, ներառյալ՝ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը
եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտին, նաեւ հետագա աջակցության եւ
ինտեգրման պայմանները։ Բայց ամենակարեւորը՝ ԵՄ—ն ակնկալում է, որ
Եվրամիության պաշտոնյաներն ազատ այցելեն Լեռնային Ղարաբաղ՝ անտեսելով
անթույլատրելի ճնշումներն Ադրբեջանի կողմից։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ
հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, դեսպան Տրայան Հրիստեան եւ ԵՄ այլ
պաշտոնյաներ ոչ միայն կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ առաջին ձեռքից
տեղեկություններ կստանան իրական իրավիճակի վերաբերյալ, այլեւ կնպաստեն
վստահությունն ամրապնդող միջոցառումների անցկացմանը։ ԵՄ—ն ունի դրա համար
անհրաժեշտ կարողություն եւ չեզոքություն»։ hhpress.am
Ա. ՍԵՐՈԲՅԱՆ
|