Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության
ռազմավարության շրջանակում դեղագործության ոլորտի ռազմավարության
գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը
հատկացվել է 5 մլն 805 հազար դրամ։
Այսօր գործադիրի նիստում
սահմանվեց, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն իր կարիքների
համար IBA Molecular կազմակերպության մշակած տիպային նախագծի հիման վրա
նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններն
առավելագույնը 45 մլն դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների
մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնման
հայտարարությունը նախապես հրապարակելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտեց,
որ արագացուցչի տեղադրման աշխատանքը կավարտվի հաջորդ տարի։
Կառավարությունը
որոշեց «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո
Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց,
որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել Զարգացման
հայկական գործակալությանը` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով
օգտագործելու համար։ Վարչապետը կրկին նշել է, որ «Շանհայ էքսպոն» մեր երկրի
հաջողված ձեռնարկներից էր, քանի որ, ունենալով համեմատաբար փոքր տաղավար,
Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց, մի քանի անվանակարգերում
զբաղեցրեց առաջին, երկրորդ տեղերը։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ
նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։
|