Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ֆրանսիայի նախագահի առաջարկով հանդիպում կազմակերպելու հարցի առնչությամբ խոսել էր ինչ—որ այլ հավելյալ «կոնկրետության» անհրաժեշտության մասին։
«Այս կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ»,–ՀՀ արտգործնախարարությունում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս Բաքվի սրտով չեն համանախագահների կողմից հնչող առաջարկությունները, այդ թվում այնպիսի հարցերում, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Համանախագահների առաջարկները, որոնք արտացոլված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, նույնպես հավանության չեն արժանանում Բաքվում։
Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած գործողության, որը կմոտեցնի խնդրի կարգավորումը. «Ելնում ենք նրանից, որ մեր ֆրանսիացի գործընկերներն առաջ են քաշում այն գաղափարները, որոնք թույլ կտան նախկինում առաջարկված սկզբունքները բերել գործնական դաշտ»։ Ռուսաստանը համարում է, որ որքան պարբերական լինեն նախագահների հանդիպումները, այնքան բանակցային գործընթացն ավելի դինամիկ կդառնա. «Մենք դրա կողմնակիցն ենք»։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվել է նաեւ Նալբանդյան—Լավրով պաշտոնական հանդիպման ժամանակ, որը նախորդել է ասուլիսին։ «Իհարկե, մենք մանրամասնորեն քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր բացառապես խաղաղ ճանապահով խնդրի կարգավորմանն ուղղված հետեւողական ջանքերի համար։ Մեկ ամիս առաջ նշեցինք հրադադարի 20—ամյակը, հիշեցինք, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ եւ ռուսական միջնորդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել զինադադարի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, որին միացավ նաեւ Հայաստանը»,–ասաց Նալբանդյանը։
«Ռուսաստանը ե՛ւ երկկողմ մակարդակում, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության շրջանակներում հետաքրքրված է հակամարտության արագ կարգավորման հարցում, մենք ելնում ենք նրանից, որ խնդրի լուծման հիմքը կա, ես նկատի ունեմ սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի եւ նախագահների վերջին 4—5 տարվա հայտարարությունների մեջ։ Եվ այժմ կարեւոր է համաձայնեցնել սկզբունքները կյանքի կոչելու չափանիշները եւ քայլերի հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ է այդ ուղղությամբ կատարել։ Ռուսական կողմը որպես համանախագահող երկիր կանի ամեն ինչ, որպեսզի շարունակվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ անցյալ տարի վերսկսված ուղիղ երկխոսությունը։ Կփորձենք աջակցել նաեւ դեռեւս չկարգավորված հարցերի հանգուցալուծմանը»,–իր հերթին ասաց Ս. Լավրովը։
Ռուսաստանը կարող է աջակցել հայ—թուրքական հարաբերությունների լավացմանը
Էդ. Նալբանդյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե որքանով է հնարավոր Ռուսաստանի աջակցությունը հայ—թուրքական հարաբերությունների բարելավման հարցում։ «Սերգեյ Վիկտորովիչը ներկա է եղել 2009 թվականի հոկտեմբերին հայ—թուրքական արձանագրությունների ստորագրմանը, իսկ դա նշանակում էր հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ռուսաստանի աջակցությունը»,–ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի եւ գործընթացին աջակցող այլ երկրների դիրքորոշումներն արտահայտվել են բազմաթիվ հայտարարություններում, որոնցում հստակ ասվում է, որ անհրաժեշտ է արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնել եւ իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ներկայացված են դրանցում։
Ս. Լավրովն ավելացրեց, որ մինչ արձանագրությունների ստորագրումը եւ դրանից հետո էլ արտահայտել են պատրաստակամություն իրենց ներդրումն ունենալու այնպես, ինչպես ձեռնտու է Հայաստանին եւ Թուրքիային. «Եղան գաղափարներ իրականացնելու ենթակառուցվածքային նախագծեր՝ երկաթգծային, որոնք կարող էին կապել ժողովուրդներին, երկրներին, որոշ մարզեր»։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, բոլոր առաջարկներն ուժի մեջ են, բայց «որոշողը երկու երկրներն են»։
Ոչ թե աշխարհաքաղաքական նկրտումներ, այլ մարդկանց փրկելու ցանկություն
Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, ասաց, որ կարեւոր է ապահովել բանակցային գործընթացի սկիզբը. «Երկիրը պետականության խորը ճգնաժամի մեջ է։ Դրան ոչ ոք չի կարող առարկել»։ Նրա խոսքով, երկրի մի մասը ճնշելով եւ մյուսի կամքին ենթարկեցնելով ոչինչ չի ստացվի։ «Եթե նույնիսկ դա հաջողվի, ապա կայուն կարգավորման հասնել հնարավոր չի լինի։ Կայուն կարգավորումը հնարավոր է միայն ուղիղ բանակցությունների միջոցով։ Եվ միայն դրանց միջոցով է հնարավոր պարզել՝ ինչ են ի նկատի ունենում դաշնայնացում եւ այլ տերմինների միջոցով, որոնք միտված են Ուկրաինան այնպիսին դարձնելու, որ թույլ կտա ապահովել պետության ցանկացած շրջանում բնակվող ցանկացած քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրացումը։ Այդ իսկ պատճառով բոլոր այն ջանքերը, որոնք ներդրվում են կիեւյան իշխանությունների եւ երկրի հարավ—արեւելքի միջեւ անգամ ոչ ուղիղ՝ միջնորդավորված երկխոսության միջոցով, դրանց աջակցում ենք»,—ասաց նա՝ նշելով, որ անհրաժեշտ կլինի ուղիղ բանակցությունների անցնել։ Եվ դրանց ընթացքում պետք է համաձայնեցվեն պետության կառուցվածքի չափորոշիչները եւ շրջանների կարգավիճակը։
ՌԴ—ն Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերն է
«Մեր հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ, դրանք բովանդակալից են եւ բեղմնավոր։ Մեր միջեւ գոյություն ունի մշտական ինտենսիվ երկխոսություն։ Սերգեյ Լավրովի այցը Երեւան եւ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանում պետական այցի շրջանակներում երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նախագահների ամեն նոր հանդիպումը մեզ տալիս է մոտակա նոր ուղենիշներ»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Ս. Լավրովն էլ ընդգծեց. «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են՝ հենված բարեկամության, հարեւանության, փոխօգնության վրա, որոնք էլ հանդիսանում են կարեւոր գործոններ երկու երկրների զարգացման եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար բարենպաստ պայմանների ապահովման համար»։
Ասուլիսի ժամանակ նախարարները ներկայացրին հանդիպման ժամանակ քննարկված այլ հարցեր եւս։
«Մենք այսօր շոշափել ենք մեծ թվով հարցեր։ Գոհունակությամբ նշել ենք, որ երկու երկրների միջեւ դաշնակցական համագործակցությունը ունի դրական դինամիկա քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային ոլորտներում»,–ասաց Նալբանդյանը։ Բանակցությունների ընթացքում հարցերի մի բլոկ նվիրված էր եվրասիական տիրույթում ինտեգրացիոն գործընթացներին։ «Մենք մանրամասնորեն քննարկել ենք Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը»,–նշեց Է. Նալբանդյանը։
«Մենք դիտարկել ենք այսօր Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիային։ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է դրան»,–ավելացրեց Լավրովը։
Նախարարները նկատել են, որ հաջող կերպով աշխատում են տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովները, հայ—ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը։
«Մեզ մոտ՝ Մոսկվայում հուլիսի սկզբին սպասում ենք ՀՀ ԱԺ նախագահին, հաշվի առնելով այն, որ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն եւ ընդարձակումը կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանում մենք հետաքրքրված ենք»,–նշեց Լավրովը։
«ՌԴ—ն Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերն է։ 2013 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 10 տոկոսով եւ կազմում է 1 մլրդ 445 մլն դոլար։ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ կարեւոր ներդրող։ Ներդրումների ընդհանուր մակարդակը անցնում է 3.2 մլրդ դոլարից։ Այսօր գործում են 1300 կազմակերպություններ ռուսական կապիտալի մասնակցությամբ։ Կան նոր նախագծեր, եւ նպատակաուղղված աշխատանքներ են ընթանում դրանք կյանքի կոչելու համար»,–ասաց Նալբանդյանը։
«Ապրանքաշրջանառությունն աճում է։ Ներկա իրավիճակում աճի տոկոսը լուրջ թիվ է»,–ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ Հայաստանում աշխատում են ռուսական բիզնեսի առաջատարները, տնտեսական եւ մշակութային կապերի ոլորտում զբաղված են 70—ից ավելի ՌԴ սուբյեկտներ. «Դա ավելորդ անգամ ընդգծում է, թե որքան սերտ ենք համագործակցում»։
ՌԴ—ի միգրացիոն օրենսդրության փոփոխության հետ կապված Հայաստանի քաղաքացիները հանդիպել են որոշակի դժվարությունների։ Դա եւս քննարկման առարկա էր։
Նալբանդյանը նշեց նաեւ, որ Ռուսաստանի հետ ակտիվ եւ հաջող կերպով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ շրջանակներում։ Բնականաբար, ամենասերտ համագործակցությունը ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում է։
«Մեր բազմակողմ կապերին անհրաժեշտ ազդակ է հաղորդում բարձր մակարդակով կանոնավոր վստահելի երկխոսությունը»,–նշեց Լավրովը։
Մինչ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՌԴ ԱԳՆ պատվիրակությանը ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|