Ընդդիմությունը պետք է իր առաջարկներն անի
Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթացքի մեջ է։ Բարեփոխումների հայեցակարգն արդեն ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրա վերաբերյալ իր խոսքը նախագահը կասի հաջորդ տարի, իսկ մինչ այդ շարունակվում է բարեփոխումների հետ կապված կարծիքների հոսքը։
«Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իշխանություններն իրենից վախենում են, սակայն իրականում որեւէ լուրջ շարժում չպետք է իր մեջ ճնշում գործադրելու գաղափարախոսություն ունենա,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը փետրվար—մարտ ամիսներին հայտնելու մասին որոշումը եռյակի սկսած շարժման ճնշմա՞ն հետեւանք է։–Պարզապես ընդդիմությանը պետք է ժողովրդի վստահությունը, եւ այդ վստահության ձեւերից մեկն էլ այն է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է վախեցած լինի, իրենք էլ ասեն՝ տես, ժողովուրդ, ինչքան են վախենում, ուրեմն մենք ճշմարիտ ենք։ Նրանք խառնիխուռն, ավելի շուտ՝ ամբոխավարական տրամաբանությամբ արձանագրումներ են անում, քան իրականում կարող է լինել»։
Հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, նա պատասխանել է, թե չի կարծում, որ կոնսոլիդացիա չի լինի. «Հայաստանում միայն այդ երեք կուսակցությունները չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին—առանձին տարբեր մեկնություններ ունեն։ Մենք ունենք բավականին շատ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, միայն Հանրապետական խմբակցությունում հինգ կուսակցությունների լիդերներ են նստած, ՀՅԴ—ն էլ դրական է վերաբերվում սահմանադրական բարեփոխումներին։ Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ենթադրում է, թե ինչպիսի վերաբերմունք կդրսեւորի ժողովուրդը»։
Գ. Սահակյանի խոսքով՝ ընդդիմությունն ապակողմնորոշում է ժողովրդին, տպավորություն է ստեղծվում, թե ժողովուրդը չի ուզում սահմանադրական փոփոխություններ, չգիտի՝ Սահմանադրությունն ինչ է։ Նա ընդգծել է, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է խնդիրը, բայց չի կարող խորանալ Սահմանադրության մեջ, իսկ քաղաքական ուժերը նրա համար են, որ կարողանան իրենց դիրքորոշումներով ժողովրդին իրենց հետեւից տանել։
Բազմիցս տեսակետ է հնչել, թե սահմանադրական բարեփոխումները նպաստում են իշխանությունների վերարտադրմանը։ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, թե սահմանադրական բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը նպաստում են իշխանությունների վերարտադրմանը։ Լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ իշխանությունների վերարտադրմանը նպաստում են հենց այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին. «Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին եւ միայն այդ դեպքում կարող ենք երկրում իրավիճակ փոխել։ Կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով՝ մենք ոչ թե կնպաստենք իշխանությունների վերարտադրմանը, այլ կկարողանանք կանխել դա»։
Նա համաձայն չէ նաեւ դիտարկման հետ, թե ՀՅԴ—ն մենակ է մնացել՝ ընդգծելով, որ մենակ է մնացել ՀԱԿ—ը, որն ի սկզբանե դեմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին։ Ա. Ռուստամյանը նաեւ հիշեցրել է, որ, բացի ՀԱԿ—ից, մնացած քաղաքական ուժերը 2013թ. ընտրություններից առաջ կողմ էին սահմանադրական բարեփոխումներին եւ կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն հիմա չգիտես ինչու դեմ են արտահայտվում. «Այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ, երբ իրենք կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, չէին նպաստում իշխանությունների վերարտադրմանը, իսկ հիմա մենք, կողմ լինելով այդ բարեփոխումներին, նպաստում ենք»։ Ռուստամյանը նմանատիպ պահվածն անընդունելի է համարում։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել դեռեւս 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ։
Ս. Սաֆարյանը համարում է, որ այնպիսի քաղաքական ուժերը, որոնք կողմ են կառավարման համակարգի փոփոխությանը, պետք է մտնեն գործընթացի մեջ եւ սեփական առաջարկներն անեն, իսկ փողոց դուրս գալը միշտ կա։
ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, այժմ ամենաճիշտ ժամանակն է, որ անցում կատարվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի։
Ըստ նրա, սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակն է երկրում բարելավել կառավարման համակարգը եւ իշխանությունը կենտրոնացնել ոչ թե մեկ մարդու, այլ կոլեգիալ մարմնի ձեռքում, որի մեջ մտնում է նաեւ ընդդիմությունը։
Խոսելով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության մասին, նա ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումն այն է, որ պետք է լինի քաղաքական համաձայնություն, քննարկումներ, քանի որ առանց դրա երբեք սահմանադրական բարեփոխումները չեն իրականացվի։
«Նախագահը պատասխանատվություն չի կրում կառավարության աշխատանքի համար, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված չէ։ Ցանկություն կա իշխանություններն այնպես բաժանել, որ բացասական երեւույթները կառավարման ոլորտից դուրս մղվեն, եւ կառավարումը բարելավվի»,–նշել է նա։
Նրա դիտարկմամբ, սահմանադրական բարեփոխումների ընդունման հենց հաջորդ օրը քաղաքացիներն իրենց վրա փոփոխություն չեն զգա, սակայն որոշ ժամանակ անց, երբ արդեն սկսեն գործել Սահմանադրության դրույթները, մարդիկ անպայման կզգան։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|