Ինչպես
արդեն հայտարարվել էր՝ ՍԻՄ կուսակցությունը խորհրդարանի ընտրություններին
կմասնակցի ՀՀԿ—ի հետ համատեղ։ Կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ բացի իրենից ՍԻՄ—ից ՀՀԿ
համամասնական ցուցակում ընդգրկվել են նաեւ կուսակցության փոխնախագահ Արտակ
Գրիգորյանը եւ կուսակցության երիտթեւի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը։ Հայկ
Բաբուխանյանը փաստում է, որ ՍԻՄ—ը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր
համագործակցում է ՀՀԿ—ի հետ, եւ երկու կուսակցությունները մշտապես ունեցել
են գաղափարական ընդհանրություններ. «ՀՀԿ—ն իր համամասնական ցուցակում
ընդգրկելով հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների՝
ստեղծում է ժողովրդական լայն ճակատ»։ Բաբուխանյանը հույս ունի, որ ՀՀԿ—ի համամասնական ցուցակը 50 տոկոս ձայն կհավաքի։ Ինչ
վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա ՍԻՄ նախագահը կարծում է, որ
խորհրդարանում, անկասկած, ներկայացված կլինի «Բարգավաճ Հայաստան»
կուսակցությունը։ Քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես ՕԵԿ—ը, ՀՅԴ—ն,
«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաեւ
ՀԱԿ—ը, ըստ Բաբուխանյանի, պետք է աշխատանք տանեն եւ ապացուցեն ընտրողներին,
որ արտահայտում են այս կամ այն շերտերի շահերը։ Ցուցակի ամենավերջին
տեղերում գտնվող գործիչն էլ կարող է հայտնվել ԱԺ—ում, քանի որ ցուցակի
առաջին տեղերը զբաղեցնում են գործադիր իշխանության ներկայացուցիչները։ ՀՀԿ
համամասնական ցուցակը նման կերպ բնորոշեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ
Զոհրաբյանը. «Ցուցակի մեծությամբ մենք հասարակությանը եւ աշխարհին ցույց
ենք տալիս, թե ինչ թիմով ենք պատրաստվում աշխատել»։
|