Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային (Radmila
Shekerinska):
ԱԳՆ մամլո գրասենյակից
«Առաջին լրատվական»-ին
տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ
Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող
համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ և այդ մասին է խոսում այն
փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռևս 2009
թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:
Նախարար
Նալբանդյանը վերահաստատել է առաջիկա ընտրությունները միջազգային
չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների
վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ
համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես
լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարևոր
քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային
հանրության կողմից:
Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն հայտնեց
դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած
հրավերի համար և նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական
գործընթացի բարելավմանը և այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:
Դիտորդական
առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ
դիտորդները ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական
ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետևեն 24
երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ:
Նախարար Նալբանդյանը
վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների
շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին: