Հայաստանի
վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը նախորդ
տարեվերջին հայտարարություն է տարածել, ըստ որի նախապատրաստում է հանրային
շենքերի էներգախնայողության ծրագիր։ Հայտարարությունում հիմնադրամը այդ
մասին տեղեկացնում է հանրակրթական, հատուկ երաժշտական դպրոցների,
մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական եւ այլ
շենքերի տնօրինությանը։ Ծրագրում ընդգրկվելու նպատակով տվյալ շենքի
տնօրինությունը պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրի ըստ
ներկայացված հարցաթերթիկի ձեւի։ Օրինակ՝ երբ է շինությունը շահագործման
հանձնվել, շենքի կոնստրուկցիայի տեսակը (քար, պանել, փայտ եւ այլն), պատերի
հաստությունը, պատի ջերմամեկուսիչ շերտը, եթե, իհարկե, այդպիսին կա, շերտի
հաստությունը, արտաքին պատուհանների տեսակը (մետաղապլաստ, փայտ, ալյումին,
միատակ, թե երկտակ եւ այլն), տանիքում ջերմամեկուսիչ շերտի առկայությունը,
շինության վթարայնության կարգը, վերջին երկու ջեռուցման շրջաններում
ծախսված գումարը, գործածվող էլեկտրասպառիչները եւ այլն։ Երբ ընդհանուր
պատկերը պատրաստ լինի, մենք կանդրադառնանք դրան։ Բայց մի բան, ըստ
մասնագետների, հստակ է, ՀՀ—ն էներգախնայողության մեծ ներուժ ունի, որը
սակայն չի գործածում։ Ինչո՞ւ է էներգախնայողությունն այսքան կարեւորվում
մեզ մոտ եւ նաեւ արդեն Հայաստանում։ Բանն այն է, որ երբ սկսեցի
ուսումնասիրել ոլորտը, պարզվեց, որ աշխարհը էներգախնայողությունը էներգիայի
մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Բայց այդ
էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում՝
շռայլելու սովորույթով պայմանավորված։ Ու եթե հիմա նույնիսկ շռայլել չենք
ուզում հասկանալի պատճառներով, դժվար է դա չանելը՝ արդեն տեխնոլոգիաներով
պայմանավորված։ Տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները
էներգիախնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաներ։ Թեպետ
սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա
խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում
միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների
նյութերի, նախագծերի եւ դրանց առնչվող այլ գործոնների հետ։ Ուրեմն՝ այդ
ի՞նչ առկա, բայց չօգտագործվող ներուժի մասին է խոսքը։ Տաջիկստանի
դպրոցներում, օրինակ, նոր առարկա են դասավանդում՝ «Էներգախնայողություն»։
Աշակերտներին սովորեցնում են, թե ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան։ Տարրական
դասարաններում դպրոցականները թելադրություն են գրում՝ նվիրված
էներգախնայողությանը, իսկ բարձր դասարանների աշակերտները՝
շարադրություններ։ Տաջիկստանը ձմեռները հաճախ է էներգետիկ ճգնաժամում
հայտնվում։ Իսկ էներգախնայողությունը կարող է մեղմել վիճակը։ Հայաստանում
էներգետիկ ճգնաժամը, բարեբախտաբար, հետեւում է մնացել, բայց դա չի
նշանակում, թե մենք էներգախնայողության խնդիրը լուծելու կարիք չունենք։
Ճիշտ է, էներգախնայողության ծավալների ավելացումն ու վերականգնվող
էներգետիկայի զարգացումները ատոմային էներգետիկային այլընտրանք չեն կարող
դառնալ, բայց կարող են նպաստել երկրի էներգետիկ անկախության աստիճանի
բարձրացմանը։ Եվ այսպես՝ մնում է պարզել, թե ՀՀ—ն ո՛ր ոլորտներում
էներգախնայողության ներուժ ունի։ Մասնագետները թվարկում են՝ ներուժ ունենք
բնակելի հատվածում. այստեղ, մասնագետների հաշվարկների համաձայն, ջեռուցման
համար ջերմային էներգիայի տարեկան պահանջարկը կազմում է 11,15 մլն Գկալ։
Շենքերի ջերմամեկուսացման բարեփոխմամբ ջերմային էներգիայի ծախսը տնտեսապես
ձեռնտու է նվազեցնել առնվազն 30 տոկոսով։ Այս դեպքում բնակելի հատվածի
ջեռուցման էներգախնայողության ներուժը տարեկան կկազմի 3,35 մլն Գկալ։
Քաղաքացիական նշանակության շենքերի ջեռուցման էներգախնայողության ներուժը
ջերմամեկուսացման բարեփոխումից տարեկան գնահատվում է 0,67 մլն Գկալ
մեծությամբ։ Կամ՝ էներգախնայողության ներուժ կա ավտոտրանսպորտային
ոլորտում։ Այստեղ շարժիչային վառելիքի խնայողության ներուժը 2010 թ. համար
գնահատվել է 293,4—ից մինչեւ 307,6 ՏՋ չափով, համապատասխանաբար,
տրանսպորտային միջոցների քանակի 20 եւ 30 տոկոս աճերի դեպքում։ Այս
շրջանում էներգախնայողության միջոցառումներն են, ասենք, լուսանցույցների
աշխատանքի եւ քանակի հստակեցումը, ավտոճանապարհների բարելավումը, նոր
ճանապարհային կցուղիների կառուցումը։ Նաեւ՝ ներուժ ունենք ջրամատակարարման
եւ ոռոգման համակարգերում. այստեղ ինքնահոսի անցումը միտված է էներգածախսի
նվազեցմանը, եւ էներգախնայողության ներուժը 15 տոկոս է։ Կամ՝ էլեկտրական
լուսավորման համակարգերում ներդնելով էներգաարդյունավետ լամպեր՝
էլեկտրաէներգիայի տարեկան ծախսի նվազեցումը 10 տարում կկազմի 475 մլն
կՎտ.ժամ։ Շարունակելով նշենք, որ, ըստ հաշվարկների, եթե
հանքարդյունաբերությունում կիրառվեն նոր՝ էներգաարդյունավետ
մեքենասարքավորումներ, ապա էներգիայի տեսակարար ծախսի նվազումը 5 տոկոս է
հաշվարկվում։ Իսկ սննդի արդյունաբերությունում նորագույն սարքավորումների
եւ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ էներգախնայողության ներուժը 35—40
տոկոս է հաշվարկվում։ Մի խոսքով, ՀՀ—ի տնտեսության էներգախնայողության
ներուժի տարեկան ծավալի շուրջ 16,5 տոկոսը տնտեսության հիմնական ոլորտների
մասն է (բացի շենքերի ջերմամեկուսացումը եւ ավտոտրանսպորտային շարժակազմի
նորացման միջոցառումները)։ Շենքերի ջերմամեկուսացմամբ հնարավոր կլինի
իրացնել էներգախնայողության ներուժի 40 տոկոսը, իսկ ջերմային կայաններում
նորագույն տեխնոլոգիաների կիրառումն արդեն ենթադրում է ամբողջ ներուժի
շուրջ 43,4 տոկոսի իրացում։ «Հաշվի առնելով սեփական հանածո
ածխաջրածնային պաշարների բացակայությունը մեր երկրում (կամ գոնե առայժմ
դրանց չբացահայտված լինելու իրողությունը)՝ պետք է փաստել, որ տնտեսության
էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի
զարգացման հրամայականը, որպես երկրի սեփական՝ ազգային տեսակի էներգիայի
աղբյուր, Հայաստանում այլընտրանք չունի»,–այս տեսակետը միանշանակ պնդում է
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Պետական այս կառույցը
էներգախնայողությունը դիտարկում է իբրեւ սեփական էներգետիկական աղբյուր։
Հայաստանի սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ են դիտարկվում գահավիժող
ջուրը, հողմը, էներգետիկ հաշվեկշռում թեկուզ փոքր ծավալ ունեցող
վառելափայտը, քարածուխը, նույնիսկ աթարը, արեգակնային ճառագայթումը, երկրի
ընդերքի տաք ջրերը եւ ապարները, հավելենք՝ նաեւ միջուկային վառելիքը
(նկատենք՝ ատոմային էլեկտրակայանի միջուկային վառելիքը ներկրվում է
Ռուսաստանից, սակայն ըստ միջազգային էներգետիկական գործակալության, այդ
կայաններից ստացված էներգիան դասվում է երկրի սեփական վառելիքաէներգետիկ
պաշարների շարքին)։ Մեր երկրում սպառվող վառելիքաէներգետիկ պաշարների մոտ
30 տոկոսը ատոմային էլեկտրաէներգիայի արտադրանքն է։ Բնական գազը նույնպես
ներկրվում է։ Այլ կերպ՝ մեր էներգահամակարգի համար այնքան անհրաժեշտ
միջուկային վառելիքն ու գազը ներմուծվում են, սա նշանակում է, որ համակարգի
կայունության ու անկախության համար անհրաժեշտ է վերականգնվող էներգետիկայի
զարգացումը սեփակա՛ն պաշարների հաշվին, որոնց թվում եւ
էներգախնայողությունն է։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|