ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում
չեն ապահովվել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար: Այս մասին
հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով միջազգային դիտորդների հայտարարությունը: Մասնավորապես,
դիտդորնեը նշում են, որ մրցակցության սահմանափակումը նկատվում էր հենց
թեկնածուների գրանցման պահից սկսած, որի պահանջները չափազանց խիստ էին:
Դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինին նշել է, որ չնայած
իշխանությունները որոշակի քայլեր էին ձեռնարկել թափանցիկ ընտրություններ
ապահովելու ուղղությամբ, քվեարկության ընթացքում պահպանվել է
անվստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ: ԵԱՀԿ ներկայացուցոչ
Տոնինո Պիկուլան նշել է, որ Ռուսաստանում ընտրությունների ելքը
կանխորոշված էր, իրական նախընտրական պայքար գոյություն չուներ, իսկ պետական
մարմինները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Պուտինի ընտրությունը
կասկածի տակ չդրվի: ԵԱՀԿ-ն նշել է, որ ռուսների կամքի արտահայտման
գործընթացը դրական է անցել, սակայն քվեների հաշվարկների ժամանակ
խախտումների մասին հաղորդագրություններ են ստացվել ընտրական տեղամասերի մեկ
երրորդից: «Չնայած երեկվա նախագահական ընտրությունների
թեկնածուները կարողացել են առանց խոչընդոոտի արշավներ անցկացնել,
այնուամենայնիվ, պայմաններն ակնհայտորեն առաջ են քաշվել թեկնածուներից
մեկի՝ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին... Ընտրությունները ցույց են
տվել մաքուր հաղթողին, որը ստացել է բացարձակ մեծամասնություն, ինչը
հնարավորություն է տալիս խուսափել երկրորդ փուլից: Սակայն ընտրողնեի
ընտրությունը սահմանափակված է եղել, ընտրական մցակցությունն առանձնանում էր
արդարության պակասով և անկողմնակալ դատավորի բացակայությամբ»,- ասել է
ԵԽԽՎ ներկայացուցիչ Թինի Քոքսը: Ավելի վաղ ընտրությունների
վերաբերյալ իր դիրքորոշումն էր արտահայտել ԱՊՀ դիտորդական խումբը, ըստ որի
ընտրություններն անցել են ազատ և առանց խախտումների: Հիշեցնենք.
քվեների ավելի քան 99%-ի հաշվարկով ՌԴ նախագահական ընտրություններում
հաղթել է գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 63.75%-ը:
|