Վրաստանն ու Մոլդովան 2011 թվականի վերջին մեծ առաջընթաց գրանցեցին՝ ԵՄ–ի
հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱՀ) հիմնական
հանձնարարությունների իրականացման գործում: Եվրոպական հանձնաժողովի
առաջարկությամբ` ԵՄ անդամ երկրները բանակցությունների մեկնարկի վերաբերյալ
իրենց համաձայնությունը տվեցին դեկտեմբերի 2-ին: Նախապատրաստական
տեխնիկական բանակցությունները կայացան հունվարի 18-ին Մոլդովայի, իսկ
հունվարի 31-ին` Վրաստանի հետ: ԵՄ Առևտրի հանձնակատար Կարլ դե Գուխտի այցի
շրջանակներում կայացել է բանակցությունների պաշտոնական մեկնարկը`
Մոլդովայում՝ փետրվարի 27-ին և Վրաստանում՝ փետրվարի 28-ին: Ուկրաինայի հետ
Եվրամիությունը բանակցային գործընթացում է, սակայն համաձայնագիրը դեռևս չի
ստորագրվել: Ցանկում են նաև շատ այլ երկրներ, օրինակ` Սինգապուրը,
Կանադան, Հնդկաստանը և այլն:
ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությունից
«Առաջին լրատվական»-ին
պարզաբանեցին, որ բանակցային գործընթացը չունի հստակ ժամանակացույց,
սակայն հարկ է նշել, որ այդ գործընթացը մանրազնին աշխատանք է, որը կարող է
մի քանի տարիներ տևել: Խնդիրների առումով պետք է նշել, որ յուրաքանչյուր
կողմ ունի հիմնական նպատակներ և հստակ սահմանագծեր, որոնք այն ցանկանում է
պաշտպանել:
Դա, ինչ խոսք, բնական է, սակայն կարևոր է այն, որ
կողմերը երկուստեք ներգրավվեն բանակցային գործընթացում՝ ձգտելով միասնաբար
աշխատել ԽՀԱԱՀ ընդհանուր նպատակի ուղղությամբ: Այս մոտեցմամբ բոլոր խրթին
հարցերը կհաղթահարվեն` փոխադարձաբար բավարարելով երկու կողմերի
սպասելիքները:
Ըստ ԵՄ ներկայացուցչության՝ առաջին հերթին
Հայաստանին անհրաժեշտ է ձևավորել ԽՀԱԱՀ իրականացնելու համար անհրաժեշտ
գերատեսչական և վարչական կարողությունները: Հայաստանին անհրաժեշտ է
շարունակել աշխատանքները՝ կայուն, թափանցիկ և կանխատեսելի տնտեսական
միջավայր ստեղծելու ուղղությամբ: Սա շատ կարևոր նշանակություն ունի
օտարերկրյա ուղիղ ներդրումների հոսքը գրավելու համար, ինչը հնարավորություն
կտա ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել երկարաժամկետ աճ: Այսպիսով,
Հայաստանի դեպքում կարևոր ձեռքբերումները պետք է փնտրել երկրի ներսում,
կանոնակարգային բարեփոխումների միջոցով, քանի որ դրանք մեծ ազդեցություն են
գործում զարգացման երկարաժամկետ հեռանկարների վրա:
Խորը և
համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը կնքվում են Եվրամիության և ԵՄ
անդամ չհանդիսացող երկրների միջև: Ի տարբերություն Ազատ առևտրի
համաձայնագրերի, որոնք պարզապես նվազեցնում են սակագները՝ դրանք հասցնելով
զրոյի, ԱԱՀ նոր սերնդի համաձայնագրերը` Խորը և համապարփակ ազատ առևտրի
գոտու համաձայնագրերն ավելի լայն հնարավորություններ են ընձեռում: Քանի որ
Եվրամիության և Հայաստանի միջև գործող սակագներն արդեն իսկ բավականին ցածր
են` լոկ Ազատ առևտրի համաձայնագիրը սակավ ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան
երկկողմ առևտրի վրա:
Խորը և համապարփակ ազատ առևտրի
համաձայնագրերը նաև նվազեցնում են սակագներին չվերաբերող այլ խոչընդոտներն
ու միտված են նպաստելու առևտրին` մաքսային արդյունավետության բարձրացման,
փաստաթղթային շրջանառության պարզեցման և ներմուծման ու արտահանման ավելի
արագ ձևակերպումների միջոցով: Համաձայնագրերը վերաբերում են նաև
ծառայությունների ոլորտին ու ներդրումներին: Դրական արդյունքների ծավալն
ավելի մեծ է:
Եվրամիությունը վերջերս սկսել է աշխատել Կորեայի հետ
բավականին հավակնոտ ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ:
Նմանատիպ համաձայնագրերի բանակցություններն առաջատար փուլերում են
միջերկրականի մի շարք երկրների` Մարոկկոյի, Թունիսի ու Եգիպտոսի, ինչպես
նաև Հարավ-արևելյան Ասիայի ազգերի ընկերակցության որոշ երկրների`
Սինգապուրի ու Մալազիայի հետ:
Այն նախատեսում է նվազեցնել առևտրի,
տրամադրվող ծառայությունների և ներդրումների խոչընդոտները: Այդպիսով, ԵՄ
անդամ չհանդիսացող երկրների արտադրողներն ու արտահանողները հնարավորություն
կունենան մտնել ավելի քան 500 միլիոն եկամուտ ունեցող սպառողների շուկա:
Միևնույն ժամանակ, ԵՄ ներկայացուցչության համաձայն, ԵՄ–ի հետ նման
համաձայնագիր ունեցող երկիրը կհետաքրքրի շատ ներդրողների, ինչը և կբերի
տվյալ երկրի տնտեսության բարելավմանը: Սակագների զրոյացման և խոչընդոտների
նվազեցման կամ վերացման պայմաններում մեծաքանակ ապրանքներն ու
ծառայություններն ավելի մատչելի կդառնան տվյալ երկրի սպառողներին: