Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավոր Բարի
Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններից,
հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է. «Վերջերս
Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի
68-րդ նիստը: Չնայած դրան՝ Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի ևս
100 նմանատիպ նիստ, միևնույն է՝ Թուրքիան նորից չի կարողանալու անդամակցել
ԵՄ-ին: Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Թուրքիայի՝
Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի
իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչո՞ւ են Թուրքիայում
ծաղրանկարչին ծաղրանկար նկարելու համար ձերբակալում, թե ինչո՞ւ են
լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչո՞ւ են մարդկանց
ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով:
Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին: Բացի
այդ, Թուրքիան աջակցում է Գազայի հատվածի ահաբեկիչներին: Թուրքիան Իրանի
նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենամոտ ընկերն է: Իսլամն ու
ժողովրդավարությունը չեն կարող համատեղվել: Բոլոր իսլամական երկրները
ժողովրդավարական ոլորտում հետամնաց երկրներ են, որևէ զարգացած երկիր չկա: Այդ
երկրներում անհնար է աշխարհիկ ռեժիմ: Քրիստոնեական երկրներում կրոնն
անջատված է պետությունից: Իսլամի պարագայում դա այդպես չէ: Այդ
տեսանկյունից իսլամական երկրների վերջը շարիաթն է: Թուրքիայի վերջը
նույնպես շարիաթական ղեկավարումն է: Սրանից հնարավոր չէ խուսափել ո՛չ հիմա,
ո՛չ վաղը»: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hürriyet
թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել էր, որ Թուրքիան
տեղ չունի ԵՄ-ում՝ ընդգծելով, որ պետք է խելագար լինել ԵՄ-ին Թուրքիայի
անդամակցելը ցանկանալու համար:
|