Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի
Հոկտեմբերի 10—ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ԵՏՄ գագաթնաժողովին, որտեղ ամենայն հավանականությամբ տեղի կունենա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրումը։
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ համաձայնագիրը Հայաստանի հետ կստորագրվի, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։ Ըստ նրա, բացի Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններից, Մինսկը եւ Աստանան կարող են առաջ քաշել Հայաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցեր։ Դրանք կարող են լծակ դառնալ Ղազախստանի եւ Բելառուսի ձեռքին՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար։
Մեզ համար անդամակցելիս կարեւոր է Ղարաբաղի հետ մաքսակետերի հարցը։ Այդ մասին շատ է խոսվել, եւ թե՛ ռուս, թե՛ հայ պաշտոնյաները վստահեցրել են, որ կլինի այնպես, ինչպես որ միշտ եղել է. մաքսակետերը ֆորմալ նշանակություն կունենան։ Սերգեյ Մինասյանի խոսքով, մաքսակետերի հարցը պետք է սկզբունքային լինի մեզ համար. «Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին մասնակցել է որպես ՀՀ՝ իր սահմաններով, բայց դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ մաքսակետեր չեն եղել Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ։ Եթե դիտարկենք ՀՀ—ԼՂՀ հետագա տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ ոլորտներում համագործակցությունը, ապա դա կազմում է ընդհանուր տարածք, եւ Հայաստանի ու ԼՂՀ—ի միջեւ չեն կարող լինել մաքսակետեր»։ Հարցը սկզբունքային է այն պատճառով, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ—ին՝ նպատակ ունենալով նպաստավոր տնտեսական եւ ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծել ՀՀ եւ ԼՂՀ—ի համար. «Եթե որեւէ խնդիր ստեղծվի, ապա ՀՀ անդամակցության նպատակը իմաստազրկվում է։ Չեմ կարծում, որ հետագայում էլ մաքսակետերի հետ կապված խնդիրներ կառաջանան»։
Սերգեյ Մինասյանը խոսեց նաեւ միությանն անդամակցելու նշանակության մասին։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարի սեպտեմբերի 3—ի հայտարարությունը մեծամասամբ պայմանավորված էր ղարաբաղյան հիմնախնդրով, սակայն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի համար նաեւ արտաքին, ներքին, տնտեսական քաղաքականության, տարածաշրջանային համատեքստով մեծ նշանակություն կունենա։
Համագործակցության օրակարգը կհստակեցվի
ԵՏՄ—ին անդամակցությունից հետո Հայաստանը կշարունակի համագործակցությունը Եվրոպայի հետ։
«Հայաստանը ԵՄ—ի հետ ներկայում քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցեր»,–ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ նշելով, թե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված խնդիրներ չի տեսնում։
Հայաստանը շարունակում է ԵՄ—ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես Մելքոնյանն առանձնացրեց Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպատակը ագրոբիզնեսի եւ շինարարության ոլորտներում արտահանման խթանումն է։
ՀՀ—ում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական եւ մամուլի տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը, անդրադառնալով այն հարցին, թե ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպես է պատկերացնում ՀՀ—ի համագործակցությունը ԵՄ—ի հետ, ասաց, որ ԵՄ—ում հարգում են Հայաստանի ինքնիշխան որոշումը եւ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ այն ոլորտներում, որոնք չեն հակադրվի Մաքսային միությանն անդամ դառնալու Հայաստանի գործընթացին։
ԵՄ—ն սպասում է ՀՀ—ի՝ ԵՏՄ անդամակցության փաստաթղթի ստորագրմանը, որպեսզի կողմնորոշվի, թե իրականում ինչ ոլորտներում կարող է Հայաստանի հետ համագործակցել. «Հայկական կողմը պետք է մանրամասն ներկայացնի, թե ինչպիսի հանձնառություններ է նախատեսում ստանձնել Մաքսային միության շրջանակներում, որպեսզի ըստ այդ հանձնառությունների մենք կարողանանք կողմնորոշվել, եւ իրենք էլ ասեն, թե ինչպիսի ոլորտներում են ցանկանում համագործակցությունը շարունակել Եվրոպական միության հետ»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|