«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել՝ արդյոք հուլիսի 1—ին Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նրա խոսքով, այս պահին բանակցային փուլում է գտնվում եւ դժվար է կանխատեսումներ անել, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ո՛ր ապրանքները չեն թանկանալու Հայաստանում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան։
Իսկ թե ո՞ր ապրանքներն են թանկանալու հարցին ի պատասխան, նախարարն ասել է. «Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ։ Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են։ Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը»։
Կարեն Ճշմարտիրյանը որեւէ կասկած չունի, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի եվրոպական շուկան. «Ո՛չ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետեւ եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա»։
Ըստ նրա, եվրոպական շուկայի հետ Հայաստանն այլ խնդիր ունի՝ կան որոշակի պահանջներ, որոնց հայկական արտադրանքը դեռեւս չի բավարարում, պետք է լուծել այդ խնդիրը։
Նախարարը պատասխանելով հարցին, թե՝ արդյոք կասկածներ չունե՞ք, որ Եվրասիական տնտեսական միությունը չի կայանալու, ասել է. «Արդեն կայացած փաստ է»։
|