Եվրատեսիլյան
փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ
քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։
Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների
ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ
հակաժողովրդավարական գործողություններին։ Մամուլի եւ անուղղակի այլ
միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին
անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ
թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն
ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական
քաղաքականության վրա ճնշում գործադրել»։ Այս թեմայով գերմանական «Welt
Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը,
թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ
ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե
ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական
պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության
առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում
ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։ Լրագրողը նշում է, թե որոշ
քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները
ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։
Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ
նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։ Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։ «Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։ «APA»
գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո
Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ
գործընթացում Եվրամիության դերից. «Նախորդ տարի Գերմանիան առաջնային դեր
խաղաց Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում
ԵՄ—ի ընդգրկվածության ամրապնդման վերաբերյալ քննարկումներ նախաձեռնելիս։
Եզրահանգումը, որը նախորդ ամիս կատարեց ԵՄ արտաքին հարցերի խորհուրդը եւ ԵՄ
Հարավային Կովկասի գծով նոր մանդատը լավ հիմք են մասնակցության ակտիվացման
համար։ Այդ մասնակցությունն ուղղված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի
գործունեությունը լրացնելուն եւ աջակցելուն, օրինակ՝ վստահության ստեղծման
ոլորտում։ Եկել է ժամանակը լուծելու այս հակամարտությունը, որը խոչընդոտ է
ամբողջ տարածաշրջանի բարգավաճման եւ խաղաղ զարգացման ճանապարհին»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
|