Նախօրեին ԵԽԽՎ—ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը հարթ չանցավ։ Ընթացքում ներս խուժեցին սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցրած մի խումբ երիտասարդներ։ Սակայն Ալիեւի համար դրանով ամեն ինչ չավարտվեց։
Ելույթից հետո ԵԽԽՎ պատգամավորները Բաքվի համար անցանկալի հարցեր հնչեցրին՝ Ալիեւին դնելով դժվար իրավիճակի մեջ, որտեղ նա կորցրեց դիվանագիտական վերջին կարողությունները՝ տալով պատվիրակներին լկտի պատասխաններ։ Սակայն տարբեր պատվիրակներ Ֆրանսիայից, Լատվիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Դանիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, ինչպես նաեւ Հայաստանի պատվիարկության ութ անդամները չհանդուրժեցին Ալիեւի պահվածքը եւ որոշեցին նրան իր տեղը ցույց տալ։
Նրանք ստորագրել են Նիդերլանդների ներկայացուցիչ Օմտցիգթ Պիտերի հեղինակած՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության տակ, որում խստորեն քննադատվում է ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պարտավորությունները եւ խոստումները կատարելու ցանկության բացակայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների եւ բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին եւ անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումներն եւ քաղաքացիական հասարակության խիստ հետապնդումները՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է հրատապ գործողություններ ձեռնարկի եւ օգտագործի իր ամբողջ կարողությունը։
Վեհաժողովը, որ արդեն իսկ կոչ է արել Ադրբեջանին կատարել իր պարտականություններն ու հարգել ԵԽ արժեքները, ցավ է հայտնում, որ որեւէ առաջընթաց չկա։ Ավելին, ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակ իրավիճակն ավելի է վատացել։
«Հետեւաբար, մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգել մամուլի եւ լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ խոսքի ազատությունը, ԵԽ չափանիշներին համապատասխանեցնել օրենսդրությունը՝ մասնավորապես զրպարտության, ՀԿ—ների, հավաքների մասին օրենքները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ու Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցների հիման վրա արված առաջարկությունները»,–ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ։
Բացի այդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի նախագահ Անն Բրասյորը կրկին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին Բրասյորը գրառում է կատարել «Twitter»–ի իր միկրոբլոգում։ Բաքու վերադառնալու գլխավոր պատճառը երկրում ճաղերի հետեւում հայտնված քաղբանտարկյալներն են։
Իսկ ԵԽԽՎ—ում Ալիեւի ցինիկ եւ կեղծ ելույթն անգամ Ադրբեջանում դժվարությամբ են «մարսում»։
«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում փորձագետ Արաստուն Օրուջլուն՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի ելույթն ու պատգամավորների տված հարցերին նրա պատասխանները՝ ասել է. «ԵԽԽՎ—ում Իլհամ Ալիեւի ելույթը ծանր տպավորություն է թողել։ Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան նա չասաց, այդպես նա խոսում է Ադրբեջանում, սակայն Արեւմուտքում եւս նման կերպ խոսելն արդեն չափից ավելի է»։
Օրուջլուն նշել է, որ Ալիեւը ԵԽԽՎ—ում նյարդայնացած տեսք է ունեցել եւ սուր է արձագանքել յուրաքանչյուր քննադատական նկատողությանը։ Խնդիրների ամբողջական բացասումը եւ ամենաակնհայտ բաներից կտրուկ հրաժարումը, ինչպիսիք են ազատությունների խախտումը, լրագրողների ձերբակալությունները եւ քաղաքացիական հասարակության հետապնդումը, խիստ տագնապալից գործոններ են, մատնանշել է նա։
«Դրանով նա ցույց տվեց, որ հետագայում եւս գործելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում եւ պատրաստ չէ ընդդիմախոսների հետ որեւէ երկխոսության։ Ընդ որում, ոչ միայն իր համաքաղաքացիների, այլ նաեւ արեւմտյան գործընկերների հետ։ Դա շատ վտանգավոր վարք է, որը ոչ մի լավ բան չի խոստանում»,–գտնում է փորձագետը։
ԵԽԽՎ—ում ունեցած երեկվա ելույթում Ալիեւը խեղաթյուրել է Ադրբեջանում տիրող ճշմարտությունը։ Նա խոսել է երկրում իրականացվող «բարեփոխումներից», նշել, որ կոռուպցիան երկրում «նվազել» է, քաղբանտարկյալներ չկան, ազատ խոսք կա, սակայն, ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես ադրբեջանցի երիտասարդները բերանները փակ եւ քաղբանտարկյալների դիմանկարներով շապիկներ հագած բողոքի ակցիա անցկացրին նրա ելույթի ժամանակ՝ ցույց տալով, որ Ադրբեջանում ազատ խոսք չկա, եւ պատժվում է յուրաքանչյուրը, ով փորձում է քննադատել իշխանություններին։
Ալիեւի ելույթի վերաբերյալ իենց տեսակետներն արտահայտեցին նաեւ հայ քաղաքագետները։
«Իլհամ Ալիեւի վերջին տարիների ելույթները իրար այնքան են կրկնում, որ կարելի է անգամ չկարդալ, չլսել եւ մեկնաբանել։ Անընդհատ հնչում են նույն նախադասությունները։ Այս անգամ մեր հարեւան սուլթանության ղեկավարը չափն անցավ, այն առումով, որ առաջին անգամ եվրոպական կառույցում տարածքային հավակնություններ ներկայացրեց Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա դրանք սովորականից ավելի քիչ էին։ Երեւում էր, որ Ալիեւն ինչ—որ չափով հասկանում է, թե որտեղ է գտնվում։ Դրա հետ մեկտեղ՝ իհարկե ոչ մի նոր «միտք», ըստ էության, չհնչեց եւ մատուցվեց նույն սուտն ու կեղծիքը, որին մենք ականատես ենք արդեն տասնյակ տարիներ»,–«Panorama.am»—ին ասել է քաղաքագետ Լեւոն Մելիք—Շահնազարյանը։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն իր հերթին եւս կիսում է այն տեսակետը, որ Իլհամ Ալիեւի ելույթում որեւէ նոր շեշտադրում, ըստ էության, չհնչեցվեց. «Ես կարծում եմ, որ այստեղ որեւէ նոր բան մենք չլսեցինք։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող նոր սառը պատերազմի պայմաններում Բաքուն ավելի ու ավելի վստահ է զգում իրեն, եւ իրեն թույլ է տալիս առավել արհամարհանքով վերաբերվել եվրոպական կառույցներին։ Այս առումով, Ալիեւն իրեն թույլ է տալիս այն, ինչի մասին դեռ մի քանի տարի առաջ անգամ մտածել չէր կարող»։
Մինասյանի կարծիքով, Ադրբեջանի ղեկավարի կտրուկ պահվածքը նրա աշխատակազմի ղեկավարության կողմից վերջին շրջանում Արեւմուտքի հասցեին հնչող սուր քննադատության տրամաբանական շարունակությունն է. «Մյուս կողմից ԵԽԽՎ—ն եւ եվրոպական այլ կառույցներ այս պահին շարունակում են կորցնել իրենց համբավն ու նշանակությունը։ Բավական զավեշտալի է, որ այս կառույցում այժմ նախագահում է Ադրբեջանի նման երկիր, որն այս պահին ունի ավելի շատ քաղբանտարկյալներ, քան մնացած բոլոր երկրները միասին»։
Հայկական պատվիրակությունը հերոսանալու նպատակ չուներ
Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հարցեր չէին բարձրացրել՝ չցանկանալով, որ Ալիեւը հարթակն օգտագործեր հակահայկական հայտարարություններ հնչեցնելու համար։ Հայաստանում որոշ շրջանակներ քննադատել էին այս քայլը։
Հայ պատվիրակները այդ քննադատությունները սխալ եւ ոչ սթափ են համարում։ «Դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը ենթադրում են շատ ժամանակ անդրկուլիսյան եւ ինչպես հիմա ընդունված է ասել՝ լոբբինգային գործունեություն։ Արհեստավարժության չափանիշ է՝ հասնել արդյունքի՝ մնալով աննկատ։ Դիվանագիտությունը ՓիԱր չէ, որ ի ցույց դնի ցանկացած քայլ՝ ներկայանալով հերոսի կարգավիճակում։ Հակառակ դեպքում, եթե մենք նպատակ դրած լինեինք հնչեղություն ապահովելու, հայկական պատվիրակությունը կարող էր դուրս գալ դահլիճից, կարող էր ինչ—որ բան նետել նրա ուղղությամբ, սուլել՝ իրականում տապալելով աշխատանքները ԵԽԽՎ—ում, սակայն հերոսանալով «վայ ՓիԱրշիկների» խորհուրդներով եւ աչքերում (ականջդ կանչի, Զարուհի..)»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը։ Նրա խոսքով, նման աշխատելաոճի վառ ապացույցն են Ալիեւ կրտսերի հիստերիկ դրսեւորումները, որ խայտառակ արեցին նրան եւ նրա պետությունը՝ հաստատելով նրա բացարձակ անկարողությունը դիվանագիտական գործիքներին տիրապետելու հարցում։
Նա նաեւ ընդգծել է, որ Մամեդյարովի եւ Ալիեւ կրտսերի ելույթներին հաջորդած նիստերին անձամբ իր եւ մեր պատվիրակության մյուս անդամների՝ Նաիրա Զոհրաբյանի, Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Զուրաբյանի ելույթներում հնչեցին կոշտ գնահատականներ Ադրբեջանի եւ նրա կողմից բարձրացված հարցերի հասցեին. «Ավելին, ադրբեջանցիներին տրված հարցերի մեծ մասը եւս մեր աշխատանքի արդյունքն էր՝ մեր եվրոպացի բարեկամների հնչեցմամբ»։
Պատվիրակության մյուս անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ավելի արդարացված եւ ճշգրիտ մարտավարություն է այն, որ հարցերն ուղղվեցին եվրոպացիների կողմից։
«Երբ ԵԽԽՎ կանոնակարգն այնպիսին է, որ դու 30 վայրկյան ունես հարց ուղղելու համար, իսկ Ալիեւը կարող է կես ժամ պատասխանել այդ հարցին՝ ուղղակիորեն շեղվելով հարցից ու ներկայացնելով ապատեղեկատվություն, բայց դու չունես արձագանքելու հնարավորություն, ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ ու գրագետ էր հայկական պատվիրակության այս մարտավարությունը։ Կրկնում եմ՝ բոլոր այն հարցերը, որ մենք ունեինք, հիմնականում մեր եվրոպացի գործընկերների կողմից հնչեցվեցին պատվիրակության հետ քննարկելուց հետո»,–«Panorama.am»—ին ասել է նա։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ բացառեց դահլիճը լքելու տարբերակը. «Դա ամենեւին էլ ճիշտ չէր լինի, քանի որ դա անհարգալից վերաբերմունք կլիներ մեր եվրոպացի այն գործընկերների հանդեպ, ովքեր մեզ հետ քննարկել էին հարցերը, որոնք պետք է ուղղեին ու ուղղեցին Մամեդյարովին ու Ալիեւին»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|