Գործադիրի
երեկվա նիստում ընդունվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը վճարման ենթակա
մեր երկրում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող
մասնակի փոխհատուցման մասին» որոշման նախագիծը։ Ըստ էներգետիկայի եւ
բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որոշման նախագծով առաջարկվում է
4—րդ եռամսյակում ծախսված վճարման ենթակա 205 մլն դրամը վճարել
«ՀայՌուսգազարդ»—ին։ Վարչապետը նկատեց, թե այս գործընթացը շարունակական
բնույթ է կրելու, քանի որ այն նպատակ ունի սոցիալապես խոցելի խավերին
օժանդակություն ցուցաբերել պետությունից, որպեսզի նրանց մինչեւ 300 խմ—ի
համար ավելի էժան գներով գազ մատակարարվի։ Փաստորեն, այդ ընտանիքները 1
խմ գազի համար վճարում են ոչ թե 132 դրամ, այլ՝ 100 դրամ։ «Այն իր դրական
ազդեցությունը թողել է, եւ նրանք իրենց ընտանեկան բյուջեները տնտեսել են
այդ գումարներով։ Սա ունենալու է շարունակական բնույթ»,–շեշետեց վարչապետը։ Ի
դեպ, տեղեկացնենք, որ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 2011 թ.
ապրիլի 1—ից սահմանվել է 132 դրամ։ Սակայն կառավարությունը որոշել է
սոցիալապես անապահով խավերին 2011թ. ապրիլի 1—ից 300 խմ գազի համար
սահմանել արտոնյալ գին, այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 1 խմ
գազը մատակարարվում է 100 դրամով։ Որոշումը քիչ ավելի մանրամասնենք։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվեց ապահովել
նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների
գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա
շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած եւ
չբաշխված շահույթների հաշվին 204.8 մլն դրամ գումարի վճարումը
«ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ որպես անապահով ընտանիքների կողմից 2011թ.
հոկտեմբեր—դեկտեմբերին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար
մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Որոշումով առաջարկվում է
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ—ին 2011թ. ապրիլի 1—ից մինչեւ 2012թ. մարտի 31—ն ընկած
ժամանակահատվածում ՀՀ—ում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300
խոր. մետր գազի ծավալի համար վճարումները գանձել հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խոր. մետրի համար՝ 132,0
հազ. դրամ) նվազեցված գնով՝ 1000 խոր. մետրի համար՝ 100,0 հազ. դրամի
չափով։ Որոշման մեկ այլ կետի համաձայն, 1000 խմ—ի համար՝ 32,0 հազ. դրամ
կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի
հաշվարկով 300 խոր. մետր գազի քանակության համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ—ին
պետք է փոխհատուցվի էլեկտրաէներգետիկական համակարգի պետական
ընկերությունների վերազինման, օպտիմալացման եւ բարեփոխումների արդյունքում
առաջացող շահույթի հաշվին։ Որոշման ընդունմամբ, պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|