ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 30 » Գյուղացիական վարկերը դարձյալ կսուբսիդավորվեն //Կոտայքի մարզի բնակիչներին հատուկ է լավատեսությունը
18:19
Գյուղացիական վարկերը դարձյալ կսուբսիդավորվեն //Կոտայքի մարզի բնակիչներին հատուկ է լավատեսությունը

Երեկ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. եւ 2012 թ. հունվար—փետրվար ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով եւ ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը եւ դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Նախատեսված 1 մլրդ 618 մլն դրամի դիմաց հավաքվել է շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է՝ 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաեւ մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաեւ Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետեւյալ առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, եւ դա նաեւ ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճընում, Բյուրեղավանում, Հրազդանում, որոնք խոշոր արդյունաբերական կենտրոններ էին, Սովետական Միության փլուզումից հետո խոշոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը, եւ գործազրկությունը թիվ մեկ խնդիրը դարձավ մարզի համար։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ընտանեկան բյուջեների սպառման 35 տոկոսը հիմնականում սնունդն է, եւ սոցիալ—տնտեսական ցուցանիշներով Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է հենց այս առաջին հանգամանքով։
Կոտայքի մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, եւ ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ Հետաքրքրական է, որ բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը։ Չնայած Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, տուրիստական բազմաթիվ օբյեկտներ մարզում կան, բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։ Դա նաեւ այս մարզի առանձնահատկությունն է։
Առաջնահերթությունները հետեւյալ հերթականությամբ են գնահատում մարզի մեր քաղաքացիները։ Առաջին տեղը աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդ տեղում՝ ճանապարհաշինարարությունը, երրորդ տեղում՝ գյուղին աջակցությունը, չորրորդ տեղում՝ առողջապահության ոլորտը։ Եվ միայն հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Մարզի հաջորդ խնդիրը ուսուցիչների պակասն է։ Չնայած դպրոցները բավական մեծ թափով նորոգվել են, այսօր դպրոցներում համար մեկ խնդիրն այն է, որ երիտասարդները չեն գալիս դպրոցում աշխատելու որպես ուսուցիչ, եւ սա, ըստ հարցումների արդյունքի, մարզի բնակչությունը համարում է կարեւոր խնդիր։ Մի առանձնահատկություն էլ կա, որը բխում է բազմազանությունից, որ կա մարզում. ինքնանույնացման խնդիրն է, որը լուծված չէ, այսինքն՝ կոտայքցի հասկացությունը չկա, ինչպես ասենք՝ լոռեցի, սյունեցի, եւ դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքներն իրարից շատ են տարբերվում եւ իրար հետ կապված չեն, ու այդ առումով էլ ներքին ինտեգրվածության խնդիրը մարզի համար չափազանց կարեւոր է։ Միգուցե դրանով է պայմանավորված, որ մարզի բնակիչները աշխատատեղերից հետո թիվ մեկ խնդիրը համարում են ճանապարհաշինարարությունը, միջհամայնքային ճանապարհների կառուցումը եւ ընդհանրապես ճանապարհների վիճակը, որը երեւի այդ խնդրի պատասխանը կտա։ Հետաքրքիր է, որ չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ—տնտեսական ցուցանիշները բարվոք չեն, մարզն ամենալավատեսն է, այսինքն՝ քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ, եւ ինչն է հետաքրքիր, որ արտագնա աշխատանքի տեսակետից ամենացածր տեսակարար կշիռը կա, եւ հարցումները ցույց են տալիս, որ բնակչության շատ չնչին մասն է, որ իր ապագան կապում է արտագաղթի հետ՝ ի համեմատություն այլ մարզերի։ Նման տրամադրությունները Կոտայքի մարզում համեմատաբար քիչ են»։
Գործադիրը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի հիմնական ուղղություններով սահմանված գումարների ճշգրտմամբ եւ մարված հիմնական գումարների հաշվին նոր վարկերի ֆինանսավորման մեխանիզմի հստակեցմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար։ Դրա տոկոսները սուբսիդավորվել են պետական բյուջեից։ «Այս տարի եւս 7.5 մլրդ դրամ ենք հատկացնում վարկավորման համար,–ասել է Տիգրան Սարգսյանը։–Տոկոսադրույքները սուբսիդավորելու համար գումար ենք հատկացնում պետական բյուջեից։ Արդյունքում ցածր տոկոսով վարկերը հասանելի են դառնում գյուղացիների համար։ Ավելին, մարզպետների խնդրանքով որոշում ենք կայացրել, որ այս արտոնություններից օգտվողների ցուցակները հասանելի լինեն հանրությանը։ Այս հնարավորությունից օգտվում են հազարավոր ֆերմերային տնտեսություններ, եւ եթե ցանկություն կա ըստ մարզերի ու համայնքների ծանոթանալ այն ցանկին, թե ում է պետությունը ցուցաբերում այդ օժանդակությունը, այդ տեղեկատվությունը բաց եւ հրապարակային է լինելու, որպեսզի հանրությունը եւ մեր գործընկերները կարողանան վերահսկել այս գործընթացը, որպեսզի պետական բյուջեի այս սուբսիդավորումը ծառայի բուն նպատակին։
Կոտայքի մարզում էլ է բնակչությունն օգտվել այդ սուբսիդավորումից, եւ հայտերի գրեթե 90 տոկոսը բավարարվել է։ Սա բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն՝ բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները։ Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն ամբողջությամբ կարող են օգտվել այս վարկերից, եւ այս 7,5 միլիարդը հասանելի է լինելու ապրիլի 1—ից։ Սա լուրջ արդյունք է տալու»։
Կառավարության որոշմամբ 2012 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 2012 թ. ՀՀ մարզպետարաններին է հատկացվել ավելի քան 243 մլն դրամ, որը կուղղվի այն ծրագրերի իրականացմանը, որոնց աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել ընթացիկ տարում։

Աջակցություն է ստանում ՏՏ ոլորտը

Գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը եւ դրա միջոցառումների ցանկը։ «Սա այն ոլորտն է, որտեղ մենք ակնհայտ հաջողություն ունենք, –շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։–Դա պայմանավորված է նրանով, որ մասնավոր հատվածն ապագա հինգ տարիների ընթացքում պետության առջեւ դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների կադրեր։ Սա այսօրվա դրությամբ թիվ մեկ խնդիրն է, որը մեր առջեւ դնում է մասնավորը։ Նրանց տարեկան արտադրանքի եւ աշխատատեղերի աճը կազմում է 20—30 տոկոս, եւ այսօր խիստ բարձր է մրցակցությունը այդ կադրերի նկատմամբ։ Դրա արդյունքում աշխատավարձն էլ աճում է շատ բարձր տեմպերով։ Նոր աշխատատեղում ծրագրավորողի աշխատավարձն սկսվում է 500 հազար դրամից։ Ընդ որում, այսպիսի աշխատատեղերն այսօր առկա են, եւ ոլորտը չի կարողանում իր համար գտնել համապատասխան կադրեր։ Դրա համար մենք կրթության եւ գիտության նախարարության հետ արդեն մշակում ենք ծրագիր, որպեսզի էապես ավելացնենք այդ ոլորտում կադրերի պատրաստման հզորությունները։
Այսպիսի երկրորդ ճյուղը դառնալու է ճշգրիտ ճարտարագիտությունը, որտեղ եւս աճի բավական մեծ տեմպեր կան, երրորդը լինելու է դեղագործությունը։ Սրանք այն ճյուղերն են, որոնք ներառված են մեր նոր արդյունաբերական քաղաքականության մեջ։ Կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձը ցույց է տալիս, որ պետություն—մասնավոր համագործակցության այն հարթակը, որն ստեղծել ենք, առարկայական պտուղներ է տալիս։ Աշխատում ենք մասնավորի հետ, բացահայտում նրանց խնդիրները եւ լուծում դրանք։ Մարդիկ տեսնում են, որ ներդրումների նոր դաշտ է բացվում։ Այս դրական փորձն էլ ստիպեց մեզ, որպեսզի մշակենք եւ ներդնենք նոր արդյունաբերական ծրագիրը»։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Մ—6 Վանաձոր—Ալավերդի—Վրաստանի սահման ավտոճանապարհի 82—րդ կիլոմետրի սողանքի հետեւանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքը՝ ընտրված մասնակից ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհ» եւ «Արարատ–ճանշին» ՍՊԸ—ներից կազմված կոնսորցիումը 549 մլն 999 հազար 983 դրամ պայմանագրային գումարով։ Որոշման ընդունումը թելադրված է հորդառատ անձրեւների եւ այլ բնածին անկանխատեսելի երեւույթների հետեւանքով հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների նորոգման եւ դրանց գնման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ։ Այս առնչությամբ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է առաջնահերթ նորոգման կարիք ունեցող ճանապարհների ցանկի վրա, որտեղ ստեղծվել է վտանգավոր իրավիճակ։ «Անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դեպքում գործ կունենանք լուրջ ռիսկերի՝ ճանապարհների փլուզման, երթեւեկության դադարեցման հետ,–հավելել է Տիգրան Սարգսյանը։–Այժմ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ֆինանսների նախարարության հետ ներկայացրել են առաջարկություններ ըստ առաջնահերթությունների, թե ինչպես պետք է վերաբաշխենք 2012 թվականի պետական բյուջեի միջոցները, որոնք նախատեսել էինք ճանապարհաշինության համար։ Ընդհանրապես պետք է արձանագրենք, որ այս տարի ճանապարհաշինությունը մեզ համար դառնալու է առաջնահերթություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է՝ պայմանավորված ձմեռային առանձնահատկություններով եւ ճանապարհների մաքրման գործողություններով, որոնց արդյունքում ճանապարհները քայքայվել են ավելի շատ, քան նախորդ տարի։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բյուջեում վերաբաշխում կատարել եւ չորրորդ եռամսյակի համար նախատեսված գումարները տեղափոխել երրորդ եռամսյակ եւ օր առաջ սկսել այդ աշխատանքները»։

Բարելավվում է երկրի գործարար միջավայրը

ՀՀ կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնց շնորհիվ վերանում է պետական մարմինների կողմից ծառայություն ստանալու նպատակով իրավաբանական անձի կանոնադրության գրանցման վկայական կամ դրա պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։ Որոշման ընդունումը բխում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրից։
Կառավարության որոշմամբ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25—ից մինչեւ հունիսի 1—ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2015 թ. մարտի 25—ը։ Ընկերությունը նախատեսում է «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում կառուցել մոտ 3 հազար քմ մակերեսով գործարան՝ ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով եւ տարեկան արտադրել մոտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնվազն 45 նոր աշխատատեղ։ Վարչապետի դիտարկմամբ՝ որոշումն իր դրական ազդեցությունն է թողնելու նաեւ սակագների վրա, որովհետեւ արտադրվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու։
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավի ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումից, սելավից ու ջրածածկումից պաշտպանելու նպատակով ափամերձ կառույցների առավել վտանգավոր հատվածներն ի հայտ բերելու եւ համապատասխան փաստաթղթերը պատվիրելու համար։ «Արտակարգ իրավիճակների նախարարն ինձ ներկայացրել է վերլուծական նյութ, որը վերաբերում է վարարման ռիսկերին,–ասել է վարչապետը։–Դրանցից ելնելով սպասում եմ պատկան մարմինների առաջարկություններին՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Այսօր հատկացված գումարով կկազմվեն յոթ ռիսկային կետերում կատարվելիք աշխատանքի նախագծերը։ Անհրաժեշտ է համանման աշխատանք կատարել երկրի ամբողջ տարածքում»։
Գործադիրը որոշել է Երեւանի քաղաքապետին լիազորել ՀՀ անունից «Ավագ—շին» ՍՊԸ հետ կնքել Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ—Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր, որոնց կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել նոր բացառիկ՝ գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածքը հանձնել ՀՀ ոստիկանությանը։
ՀՀ թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո՝ 2011 թ. մատուցված աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ—ին վճարելու նպատակով գործադիրը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացրել է 4 հազար 457.70 եվրոյին համարժեք դրամ։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը՝ Երեւանի կենտրոնի տարբեր հասցեներում գտնվող շենքերի առաջին հարկերի տարածքները, որտեղ գործում են արհեստանոցներ եւ մանկական ստուդիաներ, երեք տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲ ընկերությանը։
Կառավարության որոշմամբ 20 հատ նոթբուք համակարգիչ հետ է վերցվել «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ—ից եւ ամրացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ—ին։ Նշված սարքերը կօգտագործեն նախարարության հավատարմագրման եւ արտոնագրման գործակալության եւ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցները։

Գործելու է բնապահպանական ֆոնդը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
— ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը,
— ՀՀ ԿԱ ոստիկանության մի շարք ծրագրերի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները,
— հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեություն իրականացման կարգը,
— ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը,
— 2012—2014 թթ. ՀՀ ԿԱ ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի կողմից կարանտինային սահմանափակումների իրականացման ծրագիրը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
— «Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման ներդրման հայեցակարգին». համակարգի ներդրմամբ նոտարների եւ պետական մարմինների միջեւ կստեղծվի էլեկտրոնային կապ, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարմանը, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը,
— «Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագրին, որի նպատակն է միջազգային պրակտիկայում կիրառվող սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման համակարգչային ծրագրերից ընտրել Հայաստանի պայմաններին մոտ ծրագիր եւ այն հարմարեցնել Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատմանը եւ քարտեզագրմանը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2011 թ. համալրման եւ ծախսման հաշվետվությունը։
Կառավարությունը որոշել է հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ», հաստատել դրա կանոնադրությունը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել աուտիզմ եւ զարգացման այլ խանգարում ունեցող անձանց վերականգնման, կրթության եւ զբաղվածության անհրաժեշտ պայմաններ։

Ազատականացվում է սերմերի շուկան

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը միտված է սերմերի շուկայի ազատականացմանը։ Օրենքի նախագիծն ընդունելու դեպքում տնտեսավարողները կարող են առանց սահմանափակման ՀՀ տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս որոշմամբ էապես պարզեցվում է Հայաստան սերմերի ներկրման խնդիրը, ինչը մեծ օգնություն է այս ոլորտով մասնագիտորեն զբաղվողների համար։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, թելադրված է անձի նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը սահմանափակող ապացույցներ ներկայացնելու կարգը ՀՀ Սահմանադրության 23—րդ հոդվածի 5—րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկություններ, որոնք ընդունվելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծի ընդունումը։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Սյունիքի մարզի Քաջարանի գյուղական համայնքի հողերի մի մասը՝ փոքր հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգույցի եւ օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված ոչ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, մասնավորապես՝ նախարարի տեղակալները, համաձայն գործող օրենսդրության, պետք է ս.թ. ապրիլի 1—ից արձակուրդ ձեւակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը եւ հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում, կամ էլ թե չէ դուրս գան նախընտրական ցուցակներից։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 667 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024