Հայաստանի ատոմակայանի
շահագործման ժամկետը հնարավոր է երկարացվի այնքան ժամանակ, քանի դեռ նոր
էներգաբլոկ չի կառուցվել: Կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2016 թվականն
է, սակայն նոր էներգաբլոկի կառուցման համար հստակ ժամկետներ չեն նշվում:
Ատոմակայանի ղեկավարությունը ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 1-ը Հայաստանի
կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական
կոմիտե պետք է ներկայացնի անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր,
որպեսզի ստանա կայանի շահագործման երկարացման թույլտվություն:
Կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ
զրույցում ասաց, որ անվտանգության համալիր միջոցառումների իրականացմամբ
հնարավոր է երկարացնել դրա աշխատանքը: Կայանի, այսպես կոչված,
ռիսկայնության շեմը գնալով բարձրանում է, - վստահեցրեց նա:
«Ամեն տարի, ամեն մի միջոցառում ավելի հեռացնում է այդ ռիսկային շեմից,
ներկայումս ատոմակայանի անվտանգության ռիսկը, կարելի է ասել, որ
համապատասխանում է նման ատոմակայանների համար սահմանված ռիսկային շեմին», -
ասաց Մարտիրոսյանը:
Հայաստանը մտադիր է նոր էներգաբլոկ կառուցել, բայց պահանջվող մոտ 5 միլիարդ
դոլար գումարի շուրջ 45 տոկոսի աղբյուրն է հայտնի: Ռուսական «Ռոսատոմ»
ընկերությունը մտադիր է ներդնել պահանջվող գումարի ավելի քան 25 տոկոսը:
Եվս 20 տոկոս կներդնի Հայաստանի կառավարությունը, սակայն մնացած
աղբյուրների հայթայթման շուրջ Հայաստանի կառավարության բանակցությունները
շարունակվում են: Եվ ստացվում է, որ մինչեւ գործող էներգաբլոկի շահագործման
ժամկետի ավարտը նոր էներգաբլոկի կառուցումն ու շահագործումը Հայաստանը չի
հասցնի:
«2016 թվականին նոր էներգաբլոկը, բնականաբար, շահագործման չի հանձնվի, մենք
հիմիկվանից արդեն մտածում ենք ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման
մասին, եւ որ իրականացվեն համապատասխան միջոցառումներ: Դրա փորձը ունեն
աշխարհի շատ երկրներ, այդ թվում նաեւ նմանատիպ ատոմակայաններ շահագործող
Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան եւ այլն: Այդ փորձը
հաշվի առնելով, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ստանդարտների
պահանջներին համապատասխան մշակվում է ծրագիր, թե ինչ պետք է իրականացվի
մինչեւ 2016 թվականը, որպեսզի մենք թույլ տանք ատոմակայանին շարունակել
աշխատանքը եւս այնքան ժամանակ, մինչեւ շահագործման կհանձնվի նոր
էներգաբլոկը», - ասաց Մարտիրոսյանը:
Միջազգային կառույցների այն պնդումները, թե հարկ է անհապաղ փակել գործող
կայանը, Մարտիրոսյանը համարում է քաղաքական բնույթի: Նույն տեսակետն ունի
ՀԱԷԿ-ի երկարամյա նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը: Նա 1994 թվականին
Եվրամիության հետ գործող ատոմակայանի հարցով հատուկ հանձնաժողովի անդամ էր:
Ազատյանն ասում է, թե դեռ այն ժամանակ հայկական կողմին առաջարկում էին
կայանը շահագործել մինչեւ տասը տարի: Մինչդեռ հայկական կողմը հասավ նրան,
որ ստորագրվեց մի փաստաթուղթ այն մասին, որ քանի դեռ նոր էներգաբլոկ չի
կառուցվի, կայանը կշարունակի աշխատել:
«Միանգամից կարող եմ ասել, որ այս խոսակցությունները ամեն անգամ են եղել,
ցավոք, խոսվում էր1993 թվականին, եւ խոսվել է առաջին հերթին ոչ
մասնագետների կողմից եւ Հայաստանին ատողների, ներսի եւ դրսի մեր
թշնամիների, մեր չուզողների կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ մենք շատ լուրջ
դիմադրություն հաղթահարեցինք, որ վերաթողարկեցինք, իսկ ինչ վերաբերվում է
նրանց ասածի ճիշտ կամ մտահոգությունների հիմնավորված լինելուն, դրա
ապացույցն է այն, որ 1995 թվականին նոյեմբերի 5-ին թողարկել են. այսօր
17-րդ տարին է, որ այդ բլոկը աշխատում է, սա ինքը արդեն պատասխանել է բոլոր
տեսակի հարցերին», - ասաց Ազատյանը:
Ատոմակայանի նախկին տնօրենի փոխանցմամբ` անվտանգության միջոցառումների
ապահովմամբ հնարավոր է երկարացնել կայանի շահագործումը: Խնդիրը միայն
վերաբերում է ռեակտորի աշխատանքին: Այն ունի 30 տարվա շահագործման ժամկետ,
եւ այդ ժամկետը լրանում է 2016 թվականին: Ազատյանը նշում է, որ հարկավոր է
մանրամասն ուսումնասիրություն կատարել ռեակտորի հետագա աշխատանքի
հնարավորությունը ստուգելու համար: Նա համոզված է, որ
ուսումնասիրությունները դրական արդյունք կտան, քանի որ նույնատիպ
ռեակտորներով այժմ էլ շարունակում են աշխատել ռուսաստանյան մի քանի
կայաններ:
Իսկ ատոմակայանի նախկին տնօրենը համոզված է, որ անվտանգության լուրջ
միջոցառումների իրականացման պարագայում ՀԱԷԿ-ը կարող է աշխատել առանց
խնդիրների, եւ դա անհրաժեշտ է այլ ռեսուրսներ չունեցող Հայաստանին: Նա
կարծում է, որ բացի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների կիրառումից,
միջուկային վառելիքի կիրառմամբ գործող կայանների աշխատանքը չպետք է
դադարեցվի, հարկավոր է այս ոլորտը առավել զարգացնել:
Հիշեցնենք` 2011 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության`
ՄԱԳԱՏԷ-ի OSART առաքելությունը Հայաստանի ատոմակայանի ռիսկը «ընդունելի» է
համարել: azatutyun.am
|