Թեեւ
այս տարի գարունը, ինչպես ասում են, «ոտքը մի քիչ կախ գցեց»,
այդուհանդերձ, Երեւանում փողոցների նորոգման նախատեսված աշխատանքները
էականորեն չհետաձգվեցին։ Մարտին արդեն մի շարք աշխատանքներ մեկնարկել են։
Դրանց շարքում է նաեւ տրամվայի գծերի վերջին հատվածների ապամոնտաժումը եւ
ասֆալտածածկի վերականգնումը Բագրատունյաց փողոցում (Երեւանյան լճի
հարեւանությամբ) եւ Սեբաստիայի փողոցում (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի
վարչական շենքից մինչեւ Տիչինայի փողոցի հետ խաչմերուկ)։ Այս երկու
հատվածների ընդհանուր երկարությունը 1,3 կմ է։ Աշխատանքներն սկսվել են
մոտ մեկ շաբաթ առաջ, Սեբաստիայի փողոցում։ Արդեն հեռացվել է միջգծային
ասֆալտածածկը, եւ երեկ սկսվել էր ռելսերի ապամոնտաժումը։ Աշխատանքները
կատարում է «Շինֆորում» ՍՊԸ–ն։ Ըստ պայմանագրի՝ ապամոնտաժման եւ
ճանապարհապաստառի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն երեք ամսվա
ընթացքում, սակայն շինարարները հավաստիացնում են, որ կավարտեն ավելի շուտ։ Ի՞նչ
կտա երկաթգծերի ապամոնտաժումը միմյանց շարունակություն համարվող այս
փողոցներում։ Նախ՝ փողոցները կազատվեն արդեն ավելորդություն դարձած
կառույցից, որը, չգործելով հանդերձ, որոշակի խոչընդոտ է ստեղծում դրանք
բարեկարգ պահելու գործում։ Ապա՝ նշյալ փողոցների 1,3 կմ երկարությամբ (դա
այնքան էլ փոքր չէ) հատվածներում 7—8 մ լայնությամբ կհիմնանորոգվի
ճանապարհապաստառը փողոցների առանցքային հատվածում, այն է՝ երթեւեկելի
մասում։ Հատկապես Սեբաստիայի փողոցում այս աշխատանքը էական
նշանակություն ունի, քանի որ հենց նշված հատվածում իջվածք է առաջացել։
Վերականգնման աշխատանքների արդյունքում կուղղվի իջվածքը (խոսքը նախկին
մետաքսի կոմբինատի դիմացի հատվածի մասին է)։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Լուսանկարը՝ հեղինակի
|